«Աղքատավարձը» միայն աղքատների մենաշնորհը չէ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 18, 2011 11:51

Արդեն 9 տարի ամուսնալուծված Լուսինե Ժամկոչյանը միայնակ է դաստիարակում իր որդուն: Նախկին ամուսինը երեխայի խնամքին մասնակցում է ամսական 3500 դրամ ալիմենտով: 30-ամյա Լուսինեն գործազուրկ է. մասնագիտական կրթություն չունենալով` չի կարողանում որևէ աշխատանք գտնել: «Ցանկացած աշխատանքի համաձայն եմ, բայց Մարտունիում դիպլոմավորներն են տանը նստած, ուր մնաց ես»,- ասում է Լուսինեն: Նրա և որդու ապրուստի միակ միջոցը ամսական 20 հազար դրամ ընտանեկան նպաստն էր, որից, սակայն, մի քանի ամիս առաջ զրկվել են: Սոցիալական մարմինը համարում է, որ Լուսինեի հոր վաստակած 53 հազար դրամը 7 հոգանոց ընտանիքին բավական է ապրելու համար, ուստի նպաստի կարիք չկա: «7 հոգով մեկ սենյակում ենք ապրում, շուտով կծնվի նաև եղբորս երկրորդ երեխան: Հայրս հազիվ իր ընտանիքն է պահում: Հերիք չէ ինձ տանիք են տվել, հիմա էլ պահի՞»:

Լուսինեն պատմում է, որ նպաստը վերականգնելու կամ աշխատանքով ապահովելու խնդրանքով բազմիցս դիմել է քաղաքապետարան և սոցիալական մարմնին, սակայն իր խնդիրներին լուծում տալու փոխարեն խորհուրդ են տվել. «Դռնեդուռ ընկնելու փոխարեն մի հարուստ սիրեկան գտիր, ու բոլոր խնդիրներդ կլուծվեն»: «Փաստորեն, նամուսով, պատվով ես չեմ կարող երեխա պահել»,- եզրակացնում է Լուսինեն:

9-ամյա Նարեկը  սովորում է 3-րդ դասարանում: Փոքրիկին գրենական պիտույքներով և հագուստով ապահովում են սրտացավ  հարազատները: «Ինչքան էլ օգնեն, միևնույն է, չեմ կարող երեխային ամեն ինչով ապահովել: Հիմա ուսումն այնքա՜ն ծախսատար է,- ասում է Լուսինեն:-  Հիմիկվանից երեխան իրեն ճնշված է զգում, հասկանում է, որ փողն է ամեն ինչ որոշում»:

Լուսինեն միայն մեկն է բազմաթիվ ընտանիքներից, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնում ընտանեկան նպաստի համակարգից, չնայած այդ գումարի կարիքն ունեն:

Նախատեսվում է, որ 2011-ին համակարգում կընդգրկվի 110159 ընտանիք: Նպաստառուների իրական թիվը դեռևս հայտնի չէ, քանի որ հաշվառման գործընթացն այս տարի ձգձգվում է. քաղաքացիներն իրենց ընտանեկան դրության մասին տեղեկանք պետք է ներկայացնեն անձնագրային վարչությունից, որը չի հասցնում նոր գործառույթը համատեղել մյուս գործառույթների հետ, և հանրապետության բոլոր բնակավայրերում մեծ հերթեր ու քաշքշուկներ են գոյացել:

Կառավարության հունվարի 20-ի որոշման համաձայն` այս տարի ընտանեկան անապահովության միավորը 30 է, իսկ ընտանեկան նպաստի բազային մասը` 13500 դրամ:

Ընտանիքի յուրաքանչյուր անչափահաս անդամի համար էլ հատկացումը` կախված անապահովության միավորից, ընտանիքում երեխաների քանակից և բնակավայրի աշխարհագրական դիրքից` տատանվում է 5500-8000 դրամի միջև:

Պետբյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված է 35 մլրդ 497 մլն 081 հազար դրամ: Ընդ որում, ամենաշատ գումարը նախատեսված է Լոռու մարզի համար` 5 մլրդ 961 մլն 115 հազար 953 դրամ, իսկ ամենաքիչը` Վայոց ձորի համար` 678 մլն 675 հազար 645 դրամ:

Ըստ Սոցիալ-տնտեսական վերլուծությունների խորհրդատվական կենտրոնի կատարած ուսումնասիրությունների` ընտանեկան նպաստի համակարգին չեն դիմում հանրապետության աղքատ բնակչության 60%-ը և ծայրահեղ աղքատների 40%-ը:  Նպաստի համար դիմողների կեսը հանրապետության չափանիշներով աղքատ չի համարվում:

Անցած տարի հանրապետության 8 մարզերում կենտրոնի  կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բնակիչները հիմնականում ընտանեկան նպաստի համակարգին չեն դիմում, քանի որ վստահ են, որ իրենց չեն տա, չեն հավատում նաև համակարգի արդարությանը և չեն դիմում, քանի որ այսպես ասած թիկունք ծանոթ-բարեկամ չունեն:

«Ինչո՞ւ աղքատները չեն դիմում ընտանեկան նպաստի համակարգին» ծրագրի  ղեկավար Նունե Եղիազարյանը նշում է, որ շատերից ստացել են նաև զարմանալի պատասխան. «Շատերը համարում են, որ նպաստ ստանալը ամոթալի երևույթ է:  Նշում են, որ ավելի լավ է վատ ապրեն, բայց ձեռք չմեկնեն ու օգնություն խնդրեն: Նախընտրում են, որ աշխատատեղ լինի և աշխատեն»:

Համակարգին չդիմելու անուղղակի պատճառների թվում Եղիազարյանը նշում է թղթավարական քաշքշուկները, կոռուպցիոն երևույթները և ընտանիքի անապահովության գնահատման համակարգում առկա խնդիրները:

Եղիազարյանը նշում է, որ կա նաև մոնիթորինգի խնդիր. մարդիկ հաճախ են դժգոհում, որ սոցիալական ծառայությունները չեն հետևում, թե ում են նպաստ վճարում: Եթե նպաստառու ընտանիքների կենցաղային պայմանների մոնիթորինգ իրականացվեր, շատ կեղծիքներից և անարդարությունից գուցե հնարավոր լիներ խուսափել: Նրա կարծիքով` դժվար է ողջ բնակչության համար մշակել միօրինակ  և արդյունավետ համակարգ. «Կան դեպքեր, որ իսկապես ողբերգական են, այսինքն` ծանր վիճակում գտնվող ընտանիքն ինչ-ինչ պատճառներով չի ընդգրկվում համակարգում»:

Անապահովության գնահատման համակարգում Եղիազարյանն առանձնացնում է հող ունենալու խնդիրը. շատ դեպքերում հողակտորը գտնվում է բնակավայրից  հեռու, ոռոգման համակարգ չկա, և գյուղացին պարզապես այն չի մշակում, երբեմն էլ անմշակ է թողնում ֆինանսական խնդիրների պատճառով:  Մինչդեռ հող ունենալն ազդում է ընտանիքի անապահովության բալերի վրա:

Մի այլ խնդիր է ընտանիքում երեխաների չափահաս դառնալը: «Չափահաս դարձած երեխան դուրս է մնում ընտանեկան նպաստի համակարգից, բայց աշխատատեղ չկա, և նա գործազուրկ է. այսինքն` ավելանում են ծախսերը, կրճատվում է եկամուտը»:

Ընտանեկան  նպաստի համակարգի բացերն իր վրա զգացել է նաև տիկին Անահիտը, որ ամուսնու մահից հետո միայնակ է պահում իր չորս երեխաներին: Նա նախկինում մի քանի տարի նպաստ է ստացել. աշխատավարձը չի բավականացրել:

Տիկին Անահիտը ընտանեկան նպաստը բնորոշում է որպես «աղքատ մնալու վարձ» և կարծում է, որ համակարգն արդյունավետ չի գործում:  Այն մարդը, որ մասնավոր ձեռներեց է, մեծ շահույթներ ունի, պաշտոնապես գործազուրկ է, ու այդպես ընդգրկվում է ընտանեկան նպաստի համակարգում: Մինչդեռ բազմաթիվ ընտանիքներ կան, որ իսկապես կարիքավոր են, բայց, օրինակ, ինչ է թե պետական ցածր վարձատրվող աշխատանք ունեն,  զրկվում են նպաստից:

Անահիտի կարծիքով` համակարգը նաև խեղդում է մարդկանց ավելիին հասնելու ձգտումները.  «Ամեն ջանք գործադրվում է, որ նպաստ ստացող ընտանիքը որևէ քայլ չձեռնարկի իր ֆինանսական վիճակի բարելավման համար»,- ասում  է նա: Պատմում է, որ նպաստից օգտվելու տարիներին մեծ ջանքերով կարողացել է լրացուցիչ աշխատանք գտնել. «Տարվա մեջ մի անգամ մի քանի օրով դասեր վարեցի, դրա դիմաց որոշակի գումար ստացա: Փոխարենը այդ ամիս նպաստից զրկվեցի. ինձ ասացին, որ այդ ամսվա իմ վաստակը բավարար է գոյատևելու համար, մինչդեռ իմ լրացուցիչ վաստակը նպաստից ավելի քիչ էր: Էլ ինչո՞ւ պետք է մարդ չարչարվի, որ մեկ-երկու կոպեկ ավելի վաստակի, եթե փոխարենը պետք է զրկվի ընտանեկան նպաստից, որն առանց աշխատանքի է ստանում»:

Ուսումնասիրություն իրականացրած Նաիրուհի Ջրբաշյանի կարծիքով` ընտանեկան նպաստի համակարգն արդյունավետ է. այն 2,5 անգամ կրճատել է ծայրահեղ աղքատությունը: «Նպաստառուների 70%-ը աղքատներ են: Համակարգի սխալականությունը 30% է, որը կարելի է նվազեցնել մինչև 20%, ոչ ավելին»:

Ըստ Ջրբաշյանի` նպաստներն առավել թիրախային դարձնելու ցանկացած որոշում երկսայրի սուր է: Բացառություն չէ նաև կառավարության այս տարվա որոշումը, ըստ որի` ընտանեկան դրության և կարգավիճակի մասին տեղեկություններ տրամադրում են անձնագրային վարչությունները: Մի կողմից` նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և ավելի հասցեական դարձնում նպաստը, մյուս կողմից, սակայն, խնդիրներ է ստեղծում այն մարդկանց համար, ովքեր գրանցման հետ կապված խնդիր ունեն. «Դժվար է ասել, թե որն է ավելի ծանրակշիռ»:

Եղիազարյանի կարծիքով` ընտանեկան նպաստի համակարգը պետք է  ձգտի արդյունավետության և հասարակության վստահության, որպեսզի մարդիկ դիմեն` առանց վախենալու թղթավարությունից ու կոռուպցիայից:

Թե ինչպես է Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը զբաղվում իր  հեղինակության բարձրացմամբ և գնահատում ընտանեկան նպաստների համակարգի արդյունավետությունը, ճշտել չհաջողվեց: Անցած ողջ շաբաթվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց աշխատավայրում որևէ պաշտոնյայի գտնել. հեռախոսազանգերին  չեն պատասխանում (սա արդեն այլ նյութի թեմա է, թե ինչով են զբաղված  այս նախարարության աշխատակիցները ողջ աշխատանքային  օրը, եթե որևէ հեռախոսազանգի չեն պատասխանում, և նախարարության ինչի՞ն են պետք անգործության մատնված այդքան հեռախոսահամարները):

Փաստաբան Հասմիկ Օհնիկյանի կարծիքով` 1999-ից գործող ընտանեկան նպաստների համակարգը հաստատ անհրաժեշտ է, պարզապես վերահսկողության արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում այն թիրախային խմբի համար այնքան էլ արդյունավետ չէ: «Շատերը կարողանում են խաբեության միջոցով նպաստ ստանալ` ամենևին դրա կարիքը չունենալով: Պետությունը պետք է մեխանիզմներ մշակի, որոնք կխոչընդոտեն անօրինականությունները, կեղծ տեղեկանքներ ներկայացնելը: Այսօր չարաշահումները բացահայտելու մեխանիզմներ չկան»,- ասում է նա:

Օհնիկյանը համակարգում տեղ գտած թերությունների հիմնական մեղավոր է համարում վարչական մարմիններին. «Որքան էլ փոփոխություններ են  կատարվում օրենքում, այնուամենայնիվ, դրանք հաջող չեն իրագործվում, ինչի  հետևանքով նոր խնդիրներ են առաջանում, նոր մարդկանց իրավունքներ են ոտնահարվում: Որոշումներն իրականացնող վարչական մարմինները  պետք է շրջահայաց լինեն և հասկական, թե իրականում կառավարության ցանկացած որոշում ինչ նպատակ է հետապնդում»: Փաստաբանի հավաստմամբ` այստեղ դիմումատուների իրավունքները հաճախ են խախտվում. օրինակ` քաղաքացին իրավունք ունի տեղյակ լինելու նախապես, թե վարչական վարույթում երբ է քննվելու իր գործը, իմանալ, թե ովքեր են լինելու հանձնաժողովի անդամները, նաև իրավունք ունի ներկա լինելու քննարկմանը: Մինչդեռ այսօր այդ ամենը կատարվում է ներքին կարգով` առանց քաղաքացու ներկայության և իմացության: Հաճախ չեն պահպանվում նաև վարույթի ժամկետները:

Օհնիկյանը նշում է, որ կա նաև մենթալիտետի խնդիր. մարդիկ հաճախ մի փոքր գումար պետությունից ստանալու համար դիմում են անօրինությունների, օրինակ` իրենց մեքենան կամ ունեցվածքը իրենց անունով չեն գրանցում, կեղծում են աշխատավարձի  մասին տեղեկանքը:  Եվ տուժում են այն կարիքավորները, որոնք իրենց բարոյական հատկանիշներով ավելի բարձր են, քան մյուսները:

Դիտվել է 2031 անգամ:
Print Friendly

Leave a Reply