Նախագահ Սարգսյանը ՀՄԸՄ պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 6, 2009 12:43

Նախագահ Սարգսյանը ՀՄԸՄ պատվիրակության հետ հանդիպմանն Երեկ նախագահ Սարգսյանը, Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության հետ հանդիպմանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա զարգացումներին, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթացին, ասել է, որ բանակցություններում հայկական կողմը շարունակում է հանդես գալ հակամարտության լուծման առանցքային երեք սկզբունքների շրջանակում` ԼՂ կարգավիճակի ամրագրում, ցամաքային կապ Հայաստանի հետ և ԼՂ անվտանգության հստակ երաշխիքների ապահովում:

Երկրի ղեկավարի խոսքով` բանակցությունների արդյունքում ձևավորվելիք լուծման տարբերակը ներկայացվելու է քաղաքական ուժերի և հանրության համակողմանի քննարկմանը և վերջնական որոշում կայացվելու է ըստ այդմ: Հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ հարցին ի պատասխան` Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խոսքը հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման մասին է:

ՀՄԸՄ պատվիրակությունը Հայաստանում է օգոստոսի 1-8-ն առաջին անգամ Հայաստանում ՀՄԸՄ խաղերի անցկացման նպատակով: Օրեր անց Հայաստանում կմեկնարկի Համահայկական խաղերի ֆուտբոլի և բասկետբոլի առաջնությունները, որոնց կմասնակցեն շուրջ 700 մարզիկներ աշխարհի տարբեր անկյուններից:

Համահայկական խաղերին մասնակցելու են բոլոր մայրցամաքներից Երևան ժամանած մեր 450 մարզիկներ ու բազմաթիվ հայրենակիցներ: Ողջունելով ստուգատեսի մասնակիցներին` երկրի ղեկավարը կարևորել է այն իրողությունը, որ Հայ մարմնակրթական ընդհանուր միության հերթական խաղերն այս տարի Միության պատմության մեջ առաջին անգամ տեղի են ունենում Հայաստանում:

Նախագահն ասել է, որ Հայաստանը մշտապես աջակցելու է սփյուռքում գործող հայկական կազմակերպություններին: Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել փաստը, որ խաղերի մասնակիցները երիտասարդներ են, ում համար այս ժամանակաշրջանը կարող է դառնալ նաև հայրենիքի ճանաչողության, իրենց հասակակիցների հետ ընկերանալու ու կապեր հաստատելու կարևոր հնարավորություն: «Ես հաջողություն եմ մաղթում բոլորիդ, խաղերի մասնակիցներին: Բայց այսպիսի դեպքերում ես սիրում եմ կրկնել, որ կարևորը մարզական արդյունքները չեն, այլ որ Հայաստան են եկել հարյուրավոր մարդիկ, որոնց մի մասը միգուցե նախկինում Հայաստանում չի եղել, և որ սա շատ լավ հնարավորություն է` զգալու հայրենքի ուժը, տեսնելու այն կենարար աղբյուրը, որ հազարամյակներ շարունակ մեր ժողովրդին սնում է, պահպանում: Դա, իմ համոզմամբ, առավել կարևոր է, քան որևէ մարզական նվաճում: Այդ ճանաչողությունը կարող է դառնալ հայապահպանության այն լիցքը, որ մեր յուրաքանչյուր հայրենակից պետք է ստանա հենց Հայաստանից»,- ընդգծել է Սարգսյանը:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply