Գրքի ցուցահանդեսներ` մարզերում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 18, 2011 11:18

Հանրապետության մի շարք մարզերում ընթացիկ տարում կանցկացվեն գրքի ցուցահանդեսներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հրատարակիչների ազգային ասոցիացիա»-ի նախագահ Մկրտիչ Կարապետյանը, արդեն պայմանավորվածություն կա Շիրակի, Արարատի, Արմավիրի մարզպետարանների հետ:

Մարզերում, գրքի ցուցահանդեսներից բացի, նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ: Մ. Կարապետյանը նշեց, որ ցանկանում են մարզերում գրքի տոն ստեղծել: «Մայրաքաղաքում հաճախ են գրքին նվիրված տարբեր միջոցառումներ կազմակերպվում, անհրաժեշտ է այդ գործում ներգրավել նաեւ մարզերին: Շատ կարեւոր է հատկապես մարզային գրադարանների գործունեության ակտիվացումը»,-ասաց «Հրատարակիչների ազգային ասոցիացիա»-ի նախագահը:

Շիրակի, Արարատի, Արմավիրի մարզերում անցկացվելու են հանդիպումներ տեղի գրադարանների ներկայացուցիչների հետ, ներկայացվելու են վերջին տարիների լավագույն հրատարակությունները, կլինեն նվիրատվություններ: Մ. Կարապետյանի խոսքով` շատ կարեւոր է դպրոցների գրադարաններին ներգրավելը, որովհետեւ վերջիններիս մոտ համալրման լուրջ խնդիր կա: Շատ դպրոցներում 1970- 80-ական թվականների հրատարակություններ են: Ըստ նրա` մարդիկ պետք է իմանան, թե ինչպիսի կարեւորագույն հրատարակություններ կան Հայաստանում: Մարզերում գրքի տոնավաճառ-ցուցահանդեսների ժամանակ գրքերը կվաճառվեն իրական արժեքից ցածր, որպեսզի տեղի բնակիչները, գրադարանները դրանք ձեռքբերելու հնարավորություն ունենան:

«Մարզերում նման միջոցառումների կազմակերպման փորձ մենք արդեն ունենք, որը բավականին հաջողված է: Նախորդ տարի մի շարք միջոցառումներ իրականացրեցինք Կոտայքում, որոնք մեծ արձագանք գտան: Արդյունքները բավականին դրական են: Տեղի բնակիչների այդչափ հետաքրքրությունը մեզ համար անսպասելի էր: Ցուցահանդեսներին մեծ թվով գրականություն է վաճառվել»,-ասաց Մ. Կարապետյանը: Գրքի ցուցահանդեսներ են կազմակերպվել Հրազդանում, Եղվարդում, Նոր Հաճնում, Աբովյանում, Չարենցավանում: Յուրաքանչյուր ցուցահանդեսին ներկայացվել է 1500-2000 կտոր գիրք, եղել են նաեւ նվիրատվություններ:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply