«Հայկական կրթական ալիք»՝ համացանցում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 18, 2011 11:10

www.youtube.com տեսանյութերի տարածման միջազգային համակարգում գործարկվել է «Հայկական կրթական ալիք»-ը` կրթության ոլորտի կառավարման թափանցիկության ապահովման եւ հասարակության հետ արդյունավետ հաղորդակցման ու իրազեկման նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այստեղ տեղադրվում են նախարարության եւ նրա ստորաբաժանումների գործունեությունը լուսաբանող էլեկտրոնային ԶԼՄ-ներում հրապարակված տեսանյութեր, ուսումնական հաստատություններում անցկացված միջոցառումների մասին պատմող տեսահոլովակներ, ուսումնական նյութեր եւ դասընթացներ:

Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ` բարձրագույն կրթության համակարգում եւս նախարարությունը նախաձեռնել է մի շարք հետաքրքիր եւ արդիական աշխատանքներ` էլեկտրոնային ուսուցման, ծրագրերի մշակման եւ ներդրման ուղղությամբ: «Մասնավորապես` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում գործում են Էլեկտրոնային գրադարաններ եւ ընթերցասրահներ: Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանողների գնահատման եւ կրեդիտների հաշվարկման համակարգերի գործունեությունն իրականացվում են բուհի մշակած համակարգչային ծրագրերի միջոցով»,-ասաց ԿԳ նախարարը` հավելելով, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ստեղծվել է համալսարանի էլեկտրոնային քարտադարան, միջանկյալ ու ամփոփիչ քննաշրջաններում կիրառվում է ուսանողների գիտելիքների ստուգման համակարգչային թեստային համակարգ:

Գավառի պետական համալսարանում եւս մի շարք մասնագիտությունների համար մշակվել են էլեկտրոնային ուսուցման ծրագրեր: Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էլ ստեղծվել է ազատ էլեկտրոնային պաշարներից օգտվելու հնարավորություն: Ըստ նախարարի` Հայաստանի պետական ագրարային համալսարանում հիմնվել են 14 մասնագիտացված համակարգչային լսարաններ, գործում է ներքին համակարգչային ցանց, ստեղծվել է ավտոմատ գնահատման համակարգ:

Երեւանի պետական համալսարանի գրադարանում մշակվել եւ ներդրվել է հեռաուսուցման համակարգ, էլեկտրոնային գրադարանում տեղադրվել է թվայնացված գրականություն: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործում է էլեկտրոնային ուսուցման 42 լսարան, ինչպես նաեւ իրականացվում է էլեկտրոնային ուսուցման ծրագիր:

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply