Տեղի է ունեցել «Հայրենիք-Սփյուռք գործարար կապերի զարգացում» թեմայով կլոր սեղան-քննարկում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 18, 2011 11:06

Փետրվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Հայրենիք-Սփյուռք գործարար կապերի զարգացում» թեմայով կլոր սեղան-քննարկում: Մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը և այլք:

Քննարկվեցին Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման գործում Սփյուռքի ներգրավվածության աստիճանի բարձրացման, առևտրաարդյունաբերական պալատների կամ գործարար խորհուրդների ձևավորման, Հայաստանի Հանրապետության ներդրումային մթնոլորտի և նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տեղեկատվության մատակարարման և այլ հարցեր: Կլոր սեղանի մասնակիցներն անդրադարձան նաև առկա խնդիրներին և դժվարություններին: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց բոլոր հնարավոր միջոցներով աջակցել ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Նախարար Հակոբյանը խոսեց նաև ապրիլի 29-30-ը Երևանում կայանալիք Հայկական առևտրաարդյունաբերական պալատների համաժողովի մասին` նշելով, որ այն հնարավորություն կտա Սփյուռքի գործարարներին ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում առկա ներդրումային միջավայրին, իսկ համաժողովի արդյունքում կստեղծվի համահայկական առևտրական ցանց:

Հակոբյանն անդրադարձավ նաև ԱՄՆ և Կանադա կատարած աշխատանքային այցի ընթացքում Տորոնտոյում փետրվարի 5-ին կայացած «Կանադա-Հայաստան գործարար խորհրդի» ամենամյա ձեռնարկին, որին մասնակցում էին պետական, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարարներ և Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply