ՀԲ պատվիրակությունը ներկայացրել է 2011-ի անելիքները և առաքելության նպատակը

Պաշտոնական, Օրվա լուր | | February 18, 2011 10:56

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Պեդրո Ռոդրիգեսին, Օուեն Սմիթին, Սուլեյման Կուլիբալիին, ինչպես նաև առողջապահական ծրագրերի ղեկավար Սուսաննա Հայրապետյանին:

Նախարար Քուշկյանը նշել է, որ 2010 թվականին բարեհաջող է ընթացել համագործակցությունը, որը դրական է գնահատել նաև Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կառավարման խորհուրդը:

Հյուրերը ներկայացրել են 2011-ի անելիքները և առաքելության նպատակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Զարգացման քաղաքականության 3-րդ գործառնության իրականացման աջակցության և ծրագրային հաջորդ քայլերի` կայունության վերլուծություն, ծախսային քաղաքականությունների գնահատում, շարունակականությունն ապահովելու հարցերը:

Օուեն Սմիթը կարևորել է համավճարի համակարգի ներդրումը և նշել, որ ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի առումով իդեալական քաղաքականություն է: Նա պատրաստակամություն է հայտնել գնահատել ծրագրի ազդեցությունն անապահով խավի վրա, անհրաժեշտության դեպքում աջակցել մշակելու մեխանիզմներ բարեփոխման բարեհաջող կայացման նպատակով:

Առողջապահության նախարարն ընդգծել է, որ համավճարի համակարգը ներդրվել է 2010 թվականից երեք բուժհաստատությունում` փորձարարական եղանակով, որից հետո ուսումնասիրվել և ամփոփվել են արդյունքները: Բավականին աշխատանք է կատարվել, ներկայում էլ մշտադիտարկում է իրականացվում` հասկանալու ծրագրի ազդեցությունը բժշկի և հիվանդի վրա: Նախարարը նշել է, որ ծրագիրը ճկուն է և առաջարկները հաշվի կառնվեն` կատարելով համապատասխան փոփոխություններ:

Կողմերը կարևորել են համագործակցությունը և արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի առողջապահության բնագավառում շատ արդյունավետ ու լուրջ քայլեր են կատարվել` Ծննդօգնության պետական հավաստագիր է ներդրվել, իսկ 2011-ից էլ մեկնարկել է Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագիրը և այլ բարեփոխումներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով կրկին հանդիպելու և նոր ծրագրի շրջանակներում անելիքները քննարկելու համար:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply