Հանդիպել են Ամենայն հայոց կաթողիկոսը և Չինաստանի ԱԳ նախարարը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 18, 2011 10:38
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսն երեկ ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ է անդրադարձել երկու պետությունների միջեւ բարձր մակարդակի վրա իրականացող փոխայցելություններին, ինչպես նաեւ շարունակ սերտացող մշակութային եւ տնտեսական գործակցությանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների: Վեհափառ Հայրապետը խոսել է նաեւ հայ եւ չին ժողովուրդների պատմական կապերի մասին` կարեւոր նկատելով ներկայիս ժամանակներում ժողովուրդների բարեկամության ամրապնդումը եւ հետեւողական զարգացումը համընդհանուր մարտահրավերների հաղթահարման համար:
Չինաստանի արտաքին գործերի նախարարն իր հերթին ուրախություն է հայտնել Հայաստան եւ համայն հայության հոգեւոր կենտրոն այցելելու եւ հայկական բազմադարյա մշակույթը ճանաչելու հնարավորության առիթով, ապա ներկայացրել է երկու պետությունների ներկայիս փոխհարաբերությունները եւ շահեկան համագործակցությունը, մատնանշել մշակութային կապերը խորացնելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությանը, ինչը կկանխի նման ոճրագործության կրկնությունը ապագայում։ Կարեւորվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը խաղաղ ճանապարհով։






Facebook
Tweet This
Email This Post
