Երևան-Մեղրի միկրոավտոբուսի վթարից մահացել է 32-ամյա մի տղամարդ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 6, 2009 11:39

Երեկ` 10:30-ի շրջանում,  Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 348 կմ-ի վրա`Մեղրի- Քաջարան հատվածում, 16 ուղեւորներով մարդատար միկրոավտոբուս է շրջվել:

Տեղի ունեցած վթարի հետեւաքնով բոլոր ուղեւորները վիրավորվել են, 1-ը` մահացել, 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել:

Արտակարգ իրավիճակների Սյունիքի մարզային վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով`«մինչ Կապանի փրկարար ծառայության ջոկատը տեղ հասներ, ճանապարհային ոստիկաններն ու շտապ օգնության աշխատակիցները տուժածներին արդեն դուրս էին բերել մեքենայից ու տեղափոխել հիվանդանոց»:

Տուժածները տեղափոխվել են Քաջարանի, Մեղրու, Կապանի, Ագարակի բժշկական կենտրոններ: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 4 տուժածներից 1-ը`32-ամյա մի տղամարդ, վիրահատությունից հետո մահացել է: Հնարավոր է` տուժածները տեղափոխվեն մայրաքաղաք Էրեբունի բժշկական կենտրոն: Ագարակի հիվանդանոցից տուժածներից մեկին արդեն իսկ տեղափոխել են Երևան`գանգ-ոսկորային վնասվածքով:

Մարդատար միկրոավտոբուսը պատկանել է 1946թ. ծնված Լեւոն Եգորյանին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` վարորդը, բարձր արագությամբ սլանալով, ճանապարհի այդ հատվածում ցանկացել է արգելակել եւ թփուտների խտության պատճառով չի նկատել, որ այդտեղ ճանապարհ չկա:

Կապանից հաղորդում են, որ վթարի նախնական պատճառն արգելանքների խափանումն է:

Բոլոր ուղևորները երևանցի ու էջմիածինցի վարորդներ էին, որ գնում էին Ագարակի մաքսակետ` մեքենաներ ներմուծելու: «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը տարբեր փոխադրամիջոցների վարորդների համար վարձել էր Երևանից մի կազմակերպություն, որի տվյալները դեռ հայտնի չեն:

Միկրոավտոբուսում եղել է նաև մի ընտանիքի 3 անդամներ` 57-ամյա հայրը, 27 և 28-ամյա որդիները:

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply