Զինվորական ոճ. 2011-ի նորաձևությունը մարտական է տրամադրված

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | February 17, 2011 16:27

Չնայած որ աշխարհում մեծամասամբ խաղաղություն է տիրում, նորաձևության մեջ ներմուծվել են ռազմական տարրեր:  Պոդիումներում ու խանութներում արդեն մի քանի սեզոն է` իշխում են զինվորական համազգեստ հիշեցնող հագուստ ու աքսեսուարներ:

Նորաձևության առաջատարներն ասում են, թե «ռազմի մթնոլորտը» կպահպանվի նաև 2011-ին` ավելի ու ավելի ընդլայնվելով և զարգանալով:

Ժամանակակից զինվորական ոճը, սակայն, ոչ թե խիստ է ու անհարմարավետ, այլ թեթև, խիզախ ու յուրօրինակ: Իսկ որտե՞ղ են թաքնված այս ոճի ակունքները:

Ոճի պատմությունը

Այն ի հայտ է եկել Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Քաղաքացիական հագուստի արտադրությունը խաթարվել էր, իսկ նախապատերազմյան նորաձևությունը` հնացել: Բացի այդ, ձևավորվել էր «քաջարի-սպաների» պաշտամունք:

Համազգեստը վերափոխվեց զգեստի. շինելները դարձան վերարկու, կիտելները (զինվորական բաճկոն)`պիջակներ և այլն:

Սկզբում զինվորական ոճն ավելի շուտ անհրաժեշտություն էր, քան նորաձևության թելադրանք: Սակայն նորաձևության մեջ կամաց-կամաց հայտնվեցին առանձին զինվորական մասնիկներ: Այդամենն աստի-անաբար ձևավորեց նոր ոճ, որն իշխեց նորաձևության մեջ` իր դիրքերը չզիջելով մինչ օրս:

Արդի զինվորական ոճ

Այսօրվա զինվորական ոճի կարևորագույն տարրերն են մոխրագույն ու ոսկեգույն, ինչպես նաև կեղտոտ-շագանակագույն երանգները, կոպիտ ուսերը,  վրադիր գրպանները, մանր կոճակները, բարձր օձիքը, զարդ-շքանշանները, լայն գոտիներն ու  ճարմանդները:

Չնայած այս ամենին, զինվորական ոճի վերջին միտումներն առանձնանում են իրենց կանացիությամբ: Բուշլատները համակցվում են կոկիկ կիսաշրջազգեստների, լայն, կաշվե գոտիները` նուրբ մետաքսյա զգեստների հետ: Իսկ երկեզր վերարկուները, երկարաճիտ կոշիկները, «ուսադիրներն» ու դեկորատիվ գամերը ոճի վերջին միտումների անբաժանելի մասն են:

Ճիշտ կերպար

Որպեսզի չմոլորվեք դիզայներների առաջարկած բազմաձև ու բազմաթիվ տարբերակների մեջ, անհրաժեշտ է հիշել համակցման մի քանի հասարակ կանոն, որն անհրաժեշտ է զինվորական ոճի մեջ.

  1. Բոլոր իրերը պետք է ունենան մեկ ընդհանուր գունային գամմա, բայց ոչ միևնույն գույնը:
  2. Պետք չէ ամեն ինչ վերածել համազգեստի: Ցանկալի է կամուֆլյաժը հավասարակշռել «քաղաքացիականի» հետ:
  3. Եթե ձեր հագուկապի մեջ զինվորական ոճի ընդամենը բան կա, ապա այն պետք է գերակայի:

Ի դեպ, զինվորական ոճը գրավել է ոչ միան հագուստը, այլ նաև կոսմետիկան:

Սեզոնի հիթը, օրինակ, խակի (կանաչաշագանակագույն) երանգով եղունգի ներկերն են:

Դե՛ ինչ, շտապեք նոր գնումների: Երևանյան շատ խանուներ վաղուց արդեն առաջարկում են զինվորական ոճի հագուստ ու աքսեսուարներ:

Դիտվել է 3432 անգամ:
Print Friendly

Leave a Reply