Վարչապետը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 17, 2011 19:42

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Հյուրի պատվին տրվել է պաշտոնական ճաշ: Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում: Վարչապետն անդրադարձել է «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստան կատարած իր այցին` նշելով, որ ջերմ հիշողություններ ունի թե՛ Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից, թե՛ համաշխարհային ցուցահանդեսից: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՉԺՀ արտաքին գործերի նախարարն իր հերթին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի կառավարության ղեկավարի և փոխվարչապետի ջերմ ողջույնները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ արձանագրված շոշափելի առաջընթացի մասին: Քննարկվել են էներգետիկայի, քիմիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները: Վարչապետ Սարգսյանը կարևորել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության գործարկումը` ընդգծելով, որ այդ հաջողված փորձի հիման վրա հնարավոր է նոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը: Երկկողմ առևտրաշրջանառության աճի համատեքստում անհրաժեշտ է համարվել չօգտագործված մեծ ներուժի իրացումը: Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների շարունակական խորացման մասին` Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկա հայկական ապրանքների արտահանումը: Ընդգծելով ներդրումների խթանման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը` կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հետաքրքրությանը: Հայաստանի վարչապետն ու Չինաստանի արտգործնախարարը կարևորել են հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Երևանում: Զրուցակիցները մեծապես կարևորել են նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը: Չինաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգերի պարզեցման, իսկ Հայաստանի վարչապետը` մեր երկրին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար: Վարչապետը շնորհավորել է Յան Ձիեչիին Չինաստանում այսօր նշվող Լապտերների տոնի կապակցությամբ և խնդրել իր ողջույնները փոխանցել Չինաստանի վարչապետ Ցզյաբաոյին:

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply