Ա. Աշոտյան. «Հայ ուսանողները լիովին մրցունակ են արտասահմանում»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 17, 2011 13:27

2005 թ-ից Հայաստանն անդամակցում է Բոլոնյան հռչակագրին: Կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, ներդրման դժվարությունների ու հեռանկարների մասին «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

-Հայաստանում մի քանի տարի է` կրթությունն իրականացվում է Բոլոնյան հռչակագրին համապատասխան կրթական համակարգով: Ինչպե՞ս կգնահատեք վերջինիս ներդրումը ՀՀ կրթական հաստատություններում, որքանո՞վ էր այն արդյունավետ:

-2005թ. ՀՀ կրթության եւ գիտության այդ ժամանակվա նախարարը ստորագրեց Բոլոնիայի անդամ երկրների կրթության նախարարների Բերգենի Կոմյունիկեն, որով Հայաստանը պաշտոնապես միացավ Բոլոնիայի գործընթացին` ստանձնելով պատասխանատվություն` մինչեւ 2010թ. ավարտել Բոլոնիայի գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն` ըստ գործողությունների առանձին ուղղությունների, եւ մասը դառնալ կազմավորվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ): Ինտեգրացումը ԵԲԿՏ-ին ենթադրում է իրականացնել խորքային փոփոխություններ ՀՀ բարձրագույն կրթական համակարգում` համապատասխանեցնելու համար այն Բոլոնիայի գործընթացի պահանջներին: Սա նշանակում է` ներմուծել համընթեռնելի եւ համեմատելի որակավորումների եռաստիճան համակարգ, անցում կատարել ուսուցման կազմակերպման կրեդիտային եղանակին` միաժամանակ նախաձեռնելով արմատական ծրագրային վերափոխումներ եւ խթանելով ուսանողների ու դասախոսների անարգել ակադեմիական շարժունությունը, արմատավորել որակի գնահատման եւ ապահովման եվրոպական չափանիշներ, նախադրյալներ ստեղծել հարատեւ կրթության համակարգի ձեւավորման, ընթացող բարեփոխումներում` ուսանողության դերի եւ ազդեցության բարձրացման, բուհերում կրթական եւ գիտական գործընթացների միահյուսման համար: Փոխկապակցված այս համակարգային փոփոխությունները նախապայմաններ են ԵԲԿՏ-ին Հայաստանի լիարժեք մասնակցության համար: 2005-06թ. ուսումնական տարուց երկաստիճան համակարգը Հայաստանում ներդրվել է համակարգային մակարդակով` ապահովելով Բոլոնիայի գործընթացի համապատասխան պահանջի համընդգրկուն իրականացումը: Միաժամանակ, ՀՀ բուհերում 2004թ. դադարեցվել է ընդունելությունը դիպլոմավորված մասնագետի` նախորդող կրթական ծրագրով: ՀՀ «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքները բարենպաստ օրենսդրական հիմք են ստեղծում նաեւ Բոլոնիայի գործընթացի նորագույն պահանջներով նախատեսվող բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներմուծման համար: Նշված օրենքները նախատեսում են հետազոտողի որակավորման շնորհումը հետբուհական մասնագիտական կրթության եռամյա ծրագրի ելքում, որը Բոլոնիայի տերմիններով բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի երրորդ աստիճանն է: Ընդհանուր առմամբ, Հայաստանում առկա օրենսդրական հենքը բավարար է բարձրագույն եւ հետբուհական կրթության համակարգի ընդհանուր, ինչպես նաեւ` Բոլոնիայի սկզբունքներով ուղղորդվող կառուցվածքային բարեփոխումների համար:

-Արդյոք անցումը կրեդիտային համակարգին սահո՞ւն ստացվեց: Ի՞նչ խոչընդոտներ եղան այդ ճանապարհին, եւ ի՞նչ անելիքներ դեռ կան:

-2005թ. ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» որոշումը, որից հետո կոնկրետ քայլեր սկսեցին ձեռնարկվել բարձրագույն կրթության` կրեդիտային համակարգով կազմակերպման ուղղությամբ: 2006թ. նոյեմբերին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել էր «Բոլոնիայի գործընթացի սկզբունքերի իրագործման ժամանակացույցը», որը ողջ համակարգի համար կրեդիտայինին անցման, կրթության որակի ապահովման միասնական պահանջներ է սահմանում` նշելով դրանց կատարման վերջնաժամկետները: Կրեդիտայի համակարգի ներդրմանը խոչընդոտող գործոնները եւ հիմնախնդիրները բազմազան էին, սակայն դրանց հիմնական մասը պայմանավորված էր խորհրդային համակարգից ժառանգած «կոշտ» ուսումնական պլանների եւ ուսուցման կազմակերպման դասախոսամետ եղանակների գերակայությամբ: Ուսանողը դիտվում էր սոսկ որպես ուսումնական գործընթացի օբյեկտ` մասնակցության տեղ չթողնելով նրան այդ գործընթացի պլանավորմանը: Գործոնների մյուս խումբը պայմանավորված էր համակարգի արտաքին աշխարհից համեմատաբար մեկուսացվածության աստիճանով: Թվարկեմ դրանցից հիմնականները միայն` կրեդիտային համակարգի հնարավորությունների վերաբերյալ բուհական համակարգում ցածր է իրազեկությունը, կրեդիտները հաճախ դիտարկվում են միայն լսարանային բեռնվածության, այլ ոչ թե ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածության չափման գործիք, բուհերում փորձի պակաս կա եվվրպլական կրեդիտային համակարգի անմիջական ներդրման հետ կապված: 2010թ. Բուդապեշտում եւ Վիեննայում անցկացված Բոլոնիայի մասնակից երկրների նախարարական գագաթաժողովը հայտարարեց Բոլոնիայի հռչակագրով նպատակադրված Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) պաշտոնական մեկնարկը, ինչը, մի շարք այլ պայմանների համախմբում, որպես կարեւորագույններից մեկը, ենթադրում է նաեւ մասնակից երկրների բարձրագույն կրթության համակարգերում եվրոպական կրեդիտային համակարգի լիարժեք եւ ավարտուն ներդրվածություն: Ներկայումս աշխատանքներ են տարվում ուսանողների ակադեմիական տվյալների գրանցման եւ կառավարման ավտոմատացված էլեկտրոնային (ցանցային) համակարգեր ներդրման ուղղությամբ: Մշակման փուլում են գտնվում եվրոպական կրեդիտային համակարգի պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տեղեկատվական փաթեթների ներդրման գործընթացը:

-Բոլոնյան հռչակագիրը ստորագրած պետությունների մեծ մասն ուսանողներին ապահովում է բավական մեծ կրթաթոշակով: Ինչո՞վ է պայմանավորված տեղի ուսանողության համար սահմանված կրթաթոշակի այդքան ցածր լինելը: Արդյո՞ք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե 2012 թ-ից ուսանողական նպաստներ այլեւս չեն լինի:

-Բոլոնիայի հռչակագրով ուսանողական կրթաթոշակների չափ չի սահմանվում: Յուրաքանչյուր երկիր ազատ է կրթաթոշակներ եւ նպաստներ սահմանելու հարցում: Տվյալ դեպքում, միգուցե, խոսքը վերաբերում է բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությանը, որը, իրոք, կարիք ունի սկզբունքային վերակառուցման: Բարձրագույն կրթության ֆինանսավորման բարելավման նպատակով նախատեսվում է վերանայել բուհերի ֆինանսական հատկացումների մեխանիզմները, մշակել եւ ներդնել ֆինանսավորման կայուն եւ արդյունավետ համակարգ: Կարծում եմ, որ անհրաժեշտ է վերամշակել ուսանողական նպաստների եւ ուսման վարձերի որոշման մեթոդաբանությունը, իհարկե, հաշվի առնելով սոցիալական գործոնը: Բուհական կրթության մատչելիության բարձրացման կարեւոր միջոցներից մեկը կլինի ուսանողական վարկավորման համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին մատչելի պայմաններով ստանալու ֆինանսավորում` ուսման վարձերը վճարելու եւ ապրուստի կարիքները հոգալու համար:

-ՀՀ ԿԳՆ աջակցությամբ տարեկան քանի՞ ուսանող է մեկնում արտասահման կրթություն ստանալու նպատակով, եւ որքանո՞վ է հայ ուսանողը մրցունակ արտասահմանում:

-2010թ. միջպետական համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանի Դաշնություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Սիրիայի Արաբական Հանրապետություն, Ռումինիա, Բուլղարիա են գործուղվել շուրջ 200 ՀՀ քաղաքացիներ` կրթական տարբեր աստիճաններում կրթություն ստանալու համար: Միջպետական համաձայնագրերի շրջանակում արտերկրներում ուսանող ՀՀ քաղաքացիները լիովին մրցունակ են արտասահմանում: ԿԳՆ կողմից գործուղված ՀՀ քաղաքացիներն մրցույթ են անցնում խիստ ընտրությունով, քանի որ կրթաթոշակային տեղերը սահմանափակ են: Դիմորդները հանձնում են առարկայական քննություններ եւ անցնում հարցազրույցի փուլ: Վերջին տասը տարիների փորձը փաստում է, որ արտերկիր գործուղված որեւէ ուսանող չի դադարեցրել իր ուսումը ցածր առաջադիմության պատճառով: ՀՀ քաղաքացիներն առանձնահատուկ հաջողություններ են ցուցաբերում տեխնիկական, մասնավորապես` մաթեմատիկա եւ ֆիզիկա, ինչպես նաեւ բժշկական մանագիտություններով: Այդ են վկայում նաեւ ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցիչների դրական արձագանքն իրենց երկրներում ուսանող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ:

-Ի՞նչ դերակատարություն ունի ԿԳՆ-ն արտասահմանում սովորող հայ ուսանողների կրթության ապահովման գործում`բնակարան, ապրելու համար կրթաթոշակ եւ այլն:

-Միջպետական համաձայնագրերի շրջանակում գործուղված ՀՀ քաղաքացիները սովորում են անվճար, ինչպես նաեւ իրենց տրամադրվում են կրթաթոշակներ, դասագրքեր եւ կեցություն: Հարկ եղած դեպքերում նախարարությունը ցուցաբերում է շարունակական աջակցություն իր կողմից գործուղված ուսանողներին:

Հարցազրույցը` Աննա Եղիազարյանի

Դիտվել է 1745 անգամ:
Print Friendly

Leave a Reply