Տվեք ձեր դրական էմոցիաները Էմմիին. Եվրատեսիլում դա նրան շատ պետք կգա

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 17, 2011 12:59

Փետրվարի 26-ին  Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում  հեռուստադիտողը կկարողանա  քվեարկել Եվրատեսիլ «գնացող»  երգի օգտին:

2010 թ. դեկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում Հանրային ռադիոհեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ 2011թ. Հայաստանը Եվրատեսիլում կներկայացանի Էմմին:

«Եվրատեսիլի» պահանջվող չափորոշիչներին համապատասխան` պետությունը իրավասու է անցկացնելու երգի կամ երգչի մրցույթ:  Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի որոշվեց անցկացնել երգի մրցույթ:

«Եվրատեսիլ-2011» խմբի ղեկավար Գոհար Գասպարյանն «Անկախին» ասաց, որ մրցույթի համար ներկայացվել է մոտ 70 երգ,  որոնցից Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդն ընտրել է 4-5-ը: Դրանք կհնչեն ուղիղ եթերում, որոնցից մեկն էլ կընտրվի ժյուրիի և հանդիսատեսի ձայներով` 50/50 հարաբերակցությամբ:

Էմմին ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչում: Թե ինչ բեմադրություն կամ հագուստի ձևավորում է ունենալու նա, պարզ կդառնա երգի ընտրությունից հետո: Տարբեր խոսակցություններ են պտտվում անցած տարի Էմմիի հետ Եվրատեսիլին մասնակցել ցանկացող ամերիկահայ երգիչ Միհրանի անվան հետ, թե կցանկանա՞, արդյոք նա  մասնակցել այս տարվա ելույթին:

Էմմին «Անկախին» ասաց, որ երգի ընտրությունից հետո նրա հետ դեռ բանակցություններ են տարվելու: «Անցած տարվա երևույթներից հետո նա ցանկություն չհայտնեց ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում, բայց հնարավոր է, որ մասնակցի շոուին»,- ասաց նա:

«Եվրատեսիլ-2010»-ի նախընտրական փուլում, երբ  ժյուրին հայտարարեց, որ Եվրատեսիլ է  գնալու Եվա Ռիվասը, Միհրանը ձեռնոցը նետեց գետին, և նրանք  Էմմիի հետ արագ լքեցին բեմը:

«Այսօր ինչ էլ որ ասեմ, միևնույն է,  ոչինչ չի փակի այն ամենը, ինչ եղել է անցյալ տարի, ու ես հետ չեմ վերցնում այն խոսքերը, որ ասել եմ այն ժամանակ,- ասում է Էմմին,-  բայց անցել է մի տարի, ու ամեն ինչ մարսվել է, ու երբ պարոն Հարությունյանն ինձ առաջարկեց  Հայաստանը ներկայացնել Եվրատեսիլում, մտածեցի՝ ինչու՞ ոչ»:

Էմմին հիշաչար չէ, նա չի հերքում այն, ինչ ասել է, սակայն, բոլոր վիրավորանքներն այլևս անցյալում են, և նա մեծ խանդավառությամբ պատրաստվում է պատասխանատու ելույթին:

Այս ընթացքում նա եղել է Միացյալ Նահանգներում  և ձայնասկավառակ ձայնագրել:

«Համերգներ չեմ ունեցել, որովհետև  վիզաս աշխատանքային չէր,- պատմում է նա,- աշխատել եմ, կոմոպոզիտորների հետ եմ ծանոթացել, ֆոտոսեսիաներ եմ ունեցել, իսկ Հայաստան վերադառնալուց առաջ էլ երգերիցս մեկի համար տեսահոլովակ ձայնագրեցի, այդ երգի կոմպոզիտորն ինձ հետ եկավ Հայաստան ու համերգում  միասին դուետ երգեցինք»:

Էմմին նոր ձայնասկավառակ ձայնագրելու առաջարկ է ունեցել ԱՄՆ-ում, սակայն ստանալով Եվրատեսիլի հրավերը՝ դա հետաձգել է: Հունվարի 31-ին նա  Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես եկավ մենահամերգով, որը բացվեց  անցած տարվա Եվրատեսիլի նախընտրական փուլում ներկայացված «Հեյ» երգով:  Էմմիին ձայնակցում էր ամերիկյան «Fresh» խմբից  Լմել Հյումեսը:

«Այդպիսի մասշտաբով սա իմ առաջին մենահամերգն էր, – ասում է  Էմմին,- ու այս համերգի համար ամենից շատ անհանգստացել են հայրս ու մայրս, սակայն, ցավոք սրտի, նրանցից ոչ ոք չկարողացավ ներկա գտնվել համերգին»: Էմմիի հայրը՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանը, առողջական խնդիրներ ունի, իսկ  Նադեժդա Սարգսյանն այդ օրերին վիրահատվեց: Նա ասում է, որ մայրը Եվրատեսիլում իր կողքին կլինի, սակայն հայրը երևի չկարողանա գալ:

Ի՞նչ ժանր է նախընտրում Էմմին: Նա ասում է, որ երգել է տարբեր ժանրերում, որովհետև հոգնում է  միատեսակ երևույթներից.  «Բեմի մարդը պետք է ամեն անգամ նորովի ներկայանա  հանդիսատեսին, որպեսզի չձանձրացնի, որպեսզի հանդիսատեսը մտածի, թե մյուս անգամ տեսնես ի՞նչ կանի այս արտիստը»:

Այնուամենայնիվ, Էմմին նախընտրած ժանր ունի: Նա մեծացել է ջազ-սոուլ, ջազ-ռոք երաժշտության   մեջ և նրա հոգու խորքում այդ երաժշտությունն է: «Եթե մեքենայի մեջ եմ և այնտեղ երաժշտություն է միացված, ապա դա պոպ չէ,- ասում է նա,- իսկ իմ առաջին ձայնասկավառակն ամբողջությամբ ռիթմ ընդ բլյուզ էր:  Հիմա էլ ես ավելի շատ ռիթմ ընդ բլյուզ եմ երգում, քան պոպ: Թող համալիր չլցվի, թող լցվի օպերայի դահլիճ, բայց ես երգեմ այն, ինչ ուզում եմ»:

Էմմին ասում է, որ  ներկայացված 70 երգերն էլ շատ լավն էին, ուղղակի երգերից շատերը եվրատեսիլային չէին: Եվրատեսիլային համարվում է այն երգը, որը հեշտ է հիշելու համար, դա բումային երգ է, որը հետաքրքրություն կառաջացնի, իսկ ընդհանրապես Եվրատեսիլը երգի մրցույթ է, սակայն ամեն ինչ այնտեղ նշանակություն ունի՝ հագուստը, բեմադրությունը, կատարումը:

Հուզվո՞ւմ է արդյոք Էմմին եվրատեսիլյան ելույթի մտքից: «Ես յուրաքանչյուր ելույթից առաջ եմ հուզվում,- ասում է նա,-  ու չեմ պատկերացնում մի արտիստ, որը չհուզվի: Բեմ դուրս գալուց առաջ այստեղ խուտուտ է գալիս (մատներով ցույց է տալիս փորից վերև ընկած հատվածը): Ես սիրում եմ բեմն ու երաժշտությունը, ես սիրում եմ երգել և  երգել այնպես, ինչպես ես եմ սիրում, այդ իսկ պատճառով առաջին քայլից հետո հուզմունքս անցնում է»:

Էմմին համարձակ երգչուհի է, սակայն չի ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել այն մասին, որ Դյուսելդորֆից հաղթանակ է բերելու:

«Ես սիրում եմ  կյանքին ռեալ նայել,- ասում է նա,- ու չեմ ուզում`  բարձր խոսքեր ասենք, թե հաղթելու ենք, հետո էլ հետ վերադառնանք  ու ասենք, թե մրցույթն անարդար է»:

Երգչուհին բավական հեռու է բլոգոսֆերայից, թեպետ բլոգ ունի livejournal բլոգային պլատֆորմում: Նախորդ տարվա նախընտրական փուլում նա հանդիպում էր կազմակերպել բլոգեր ընկերների հետ, որի ժամանակ խոստացավ, որ չի լքելու բլոգն ու վարելու է: Նա թեյախմություն էր կազմակերպել և անմիջական միջավայրում շփվում էր բլոգերների հետ:  Բլոգերների հետ հանդիպումը կարելի է կարդալ այստեղ: Էմմին ասում է, որ այդպես եղավ անցած տարվա երևույթներից հետո:

«Ես փախչում էի այդ ամենից, որովհետև ամենուրեք ինձ հարցնում էին, թե ինչու այդպես եղավ, ու ես ուղղակի ցանկություն չունեի այդ մասին խոսելու,- ասում է նա,- եթե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, այդ բլոգը հաստատ կվարեի, այնպես չէ, որ աստղայինն ինձ տարել է, ուղղակի խուսափում էի այդ ամենից»:

Էմմին հազվադեպ լինում է միայն Ֆեյսբուքում, որովհետև, իր կարծիքով, դա շատ լավ միջոց է կապ պահելու իր արտասահմանյան ընկերների հետ: Նա շատ լավ է վերաբերվում Ֆեյսբուքին. «Ես Ադնակլասնիկում երբեք չեմ եղել, որովհետև իմ դրսի ընկերները ռուսերեն չգիտեն այնտեղ չկան, շփման հարմար եղանակը էլեկտրոնային փոստն է և ֆեյսբուքը, հետո դա արտիստի համար շատ լավ փիառի միջոց է»:

Ֆեյսբուքում նա շատ Էմմի էջերի է հանդիպել և մի անգամ փորձել է նույնիսկ ինքն  իրեն ընկերանալու առաջարկ ուղարկել: «Ես չգիտեմ, թե ով է դրանով զբաղվում, ու շատ լավ եմ նայում դրան,- ասում է նա,-  կարևորը` իմ անունից ոչ մի վատ բան չի արվում»:

Էմմիի իսկական պրոֆիլը Ֆեյսբուքում մի հատ է, որը վարում է նա, ու որին այլևս հնարավոր չէ ընկերանալ, քանի որ վաղուց արդեն լրացել է նրա հետ ընկեր լինելու ֆեյսբուքի դրած սահմանափակումը` 5000 ընկեր: «Իմ իսկական էջում ստացված նամակներին ինքս եմ  պատասխանում ու անձամբ եմ շփվում երկրպագուներիս հետ»,- ասում է նա:

Բեմից դուրս Էմմին սովորական աղջիկ է և ապրում է տնային կյանքով: Նա շատ է սիրում իր Չոկո շանը, իսկ վերջինս էլ՝ լուսանկարվել:  Էմմին ասում է, որ Չոկոն շատ լավ զգում է լուսանկարվելու պահը և նույնիսկ դրա համար դիրք է ընդունում:

Էմմին Եվրատեսիլ մեկնելուց առաջ միայն դրական էմոցիաների կարիք ունի: «Կցանկանայի, որ ինձ շատ դրական լիցքեր փոխանցվեն, որովհետև դա ինձ կօգնի համերգը հաղթահարելուն,- ասում է նա,-  ես ամսի 31-ի համերգի օրն ամեն նստատեղից դրական լիցք եմ ստացել: Դա Եվրատեսիլում ինձ շատ պետք կգա»:

Էմմին համոզված է` բամբասելը վատ բան է, և դրա վրա ժամանակ ծախսելն անիմաստ է:

«Կյանքը բումերանգ է. ինչ ցանես, այն էլ կհնձես,- ասում է նա,- ես ինձ վատ ցանկացողի մասին երբեք վատ չեմ խոսում»:

Դիտվել է 3735 անգամ:
Print Friendly

Leave a Reply