ՀՀ-ում ջավախահայության օրերը հաշվված են

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 17, 2011 11:55

Ինչպես արդեն տեղյակ ենք բոլորս, 2011 թ. սկզբնամասն այնքան էլ լավ չսկսվեց նրանց համար, ովքեր փորձում են հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենայով, վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենայով հատել Վրաստան – ՀՀ սահմանը: Սկզբից վերջիններիս համար «ներդրվեց» պարտադիր ապահովագրման համակարգը (մեկ ամսվա համար 5-6.000 մեկ տարվա համար 32.000 հայկական դրամ սահմանված արժեքով), զուգահեռ` վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենավարի համար սահմանվեց ՀՀ-ում գտնվելու առավելագույն ժամկետը (առավելագույնը 1 ամիս): (Հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենայով մեքենավարի համար այդ ժամկետը գործում էր վաղուց): Ս/թ փետրվարի 5-ից «համակարգ ներմուծվեց» ևս մեկ նորարարություն. վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենավարի համար ՀՀ-ում գտնվելու առավելագույն ժամկետը կրճատվեց` հասցվելով առավելագույնը 15 օրվա: Սա դեռ ամենը չէ: Վերջինս կարող է տարեկան ՀՀ-ում գտնվել առավելագույնը 90 օր: Այսինքն` եթե վարորդն իր համար նախատեսված 15 օրը լիարժեք վայելի ՀՀ-ում, ապա աստվածային 7-րդ մուտքի ժամանակ նրան կարգելվի մտնել ՀՀ տարածք:  Իսկ հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենայով մեքենավարի համար այդ ժամկետը, մեր կողմից սահմանում ճշտված տեղեկությունների համաձայն, տարեկան առավելագույնը 30 օր է` թվով 2 մուտքի թողտվությամբ:

Փորձենք հասկանալ այս թնջուկի իմաստը: Սկսենք նրանից, որ այս օրերին վրացական պետական բարձրաստիճան պաշտոնյաների օրումեջ ՀՀ-ն կալմեջ անելն այնքան էլ պատահական չէ: Հավաստի աղբյուրների համաձայն` վերևներում այնքան էլ ամեն ինչ հայերի ու վրացիների մեջ հարթ չէ, և վերջիններիս այդքան հաճախակի այցերը (այն էլ նախագահի ու վարչապետի մակարդակով) խոսում են այն մասին, որ մերոնցից լուրջ ակնկալիքներ ունեն, բան են ուզում հասկացրած լինեն, փորձում են անընդհատ զիջումներից ու օլիմպիադաներից խոսել, իսկ հայկական կողմը «թարս է ընկել» ու դեռ դիվանագիտորեն ժպտում է: (Հայկական դիրքերի ինչ-որ տեղ ուժեղացման մասին այլ առիթով անդրադարձել ենք): Հրապարակված տեղեկությունների համաձայն` վրացիներն այս օրերին թանկացրել են հայկական բեռնափոխադրումներից գանձվող մաքսային արժեքը, իսկ հայկական կողմն էլ այս ամենից նեղացած կատարում է իր «համապատասխան հակաքայլը»:

Վերոնշյալն էլ հասկանալի է, և այս ամենի ֆոնին փորձենք մերոնց էլ հասկանանք. եղբայրք պատվարժան, իսկ ինչո՞ւ պետք է ՀՀ-ում գործածվող հայկական պետհամարանիշերով մեքենայի վարորդը տեխզննում անցկացնի, կատարի պետական տուրքեր, ապահովագրի մեքենան, բյուջեն հարստացնի ու դրանով կենսաթոշակառուի մասին հոգ տանի, իսկ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենայի վարորդը տարիներով ձրիակերի պես գործածի մեքենան: Օրինակ` ՀՀ հյուսիսային շրջանների` Տաշիրի, Շիրակի, Ալավերդու, Վանաձորի քաղաքացիների մեծ մասն արդեն օգտագործում է վրացական պետհամարանիշերով մեքենաներ (նշենք, որ խոսքը երկու դեպքում էլ հայկական քաղաքացիությամբ վարորդի մասին է): Այս նույն միտքը լսեցինք նաև Բավրայի սահմանային մաքսային կետի հերթափոխի աշխատակցից: Լավ: Սա էլ մի կերպ «մարսեցինք»: Հավելյալ նշենք, որ վրաց ղեկավարությունը դրա դեմն առնելու ուրիշ ձևեր ու մեթոդներ կիրառեց. վերջին տարիներին ազգայնացրեց իր քաղաքացիների գործածած բոլոր ռուսական, հայկական և այլ պետհամարանիշերով մեքենաները, ներկայումս էլ տուգանքի որոշակի չափ կա, եթե իրենց քաղաքացիները Վրաստանում օգտագործում են այլ երկրների պետհամարանիշերով մեքենաներ: Ազգայնացրեց` գրեթե անվճար: Իսկ մերոնք, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, մեքենայի մաքսազերծման համար պահանջում են աստղաբաշխական թվեր ու ժամկետներ: Ինչևէ: Կարող է այս հարցում էնպիսի մի պատճառ շրխկացնեն, որ մարդ ապշի, զորօրինակ` բյուջեի 30 % համալրում կամ ՀՀ օզոնի շերտի քայքայում և, դրանով իսկ, հանրապետության շուտափույթ կործանում:

Հետաքրքրական է, թե ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն ինչո՞վ է արդարացնում իր այն քայլը, որով այս անգամ ժամկետ է դնում վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշներով մեքենավարի համար:

Այստեղ հարկ ենք համարում մի փոքր կանգ առնել և հիշեցնել բոլորին, որ այս դեպքում խոսքը չի գնում պատահական վրացու մասին: ՊԵԿ-ի անձնակազմն էլ քաջ գիտի, որ խոսքն այստեղ 150.000 թվաքանակով ջավախահայության, 30.000 թվաքանակով Վրաստանի ադրբեջանաբնակ հարավային Թեթրի-Ծղարո, Բոլնիս, Մառնեուլ շրջանների հայության (չխոսելով արդեն Թիֆլիսի ու Բաթումի հայության մասին) մասին է, որոնք բազմաթիվ մանր թելերով կապված են Մայր պետության հետ: Ասենք, Բաթումի կամ Փոթիի վրացին հաստատ չի տոչորվում, որ սեփական մեքենայով իր գիշերներն անցկացնի Խուստուփի լանջին կամ Գառնու Ազատ գետի խշխշացող ափին: ՊԵԿ-ի ղեկավարները երբևիցե քննե՞լ են այս խնդիրը, թե՞ ընդհանուր Վրաստանի հետ բազարների արդյունքում որոշել են այնպես, ինչպես կորոշեին ցանկացած օտար հարևանի դեպքում: Որևէ բարոյական հիմք չկա այս որոշման մեջ, երբ Հայրենի Ջավախքի վարորդն (ուսանողը, հիվանդը, գործարարը և այլն) իր սեփական ավտոմեքենայով 15 օրից ավել չի կարող «գոյություն ունենալ» Մայր պետության տարածքում, իսկ առավել սարսափելին ու սահմռկեցուցիչն այն է, որ այդ «15 օրյա» – ները նույնպես անվերջ չեն, այլ` 6 անգամ: Հիմա ջավախքցին պետք է մանրամասն հաշվարկ անի, օրերով ու ժամերով պլանավորի իր այցը ՀՀ, քանի որ իր «օրերը հաշվված են» այնտեղ, որի մասին ինքը գրավոր լրացնում է սահմանի վրա:

–Ապ ջան քանի՞ օր կուզես մնալ ՀՀ-ում, վե՞ց, գրեցի, աշե, հաաա, շատ մնացիր տուգանք ես վճարելու:

— Ախպեր ես ի՞նչ վնաս տի տամ ձեզի:

— Ապ ջան օդ կշնչես, մեքենադ օդը կկեղտոտե, ինչի, որ սամոլյոտին օդի փող կուտաս, մեր օդը պակա՞ս օդ է:

Առաջին հայացքից կատակով ընթացած այս սահմանային խոսակցության մեջ կա մեծ փիլիսոփայություն, ներքին խորունկ իմաստ:

Ինչպես արդեն նշեցինք` բարոյազուրկ այս որոշման մեջ կան բազմաթիվ` ջավախահայության համար նվաստացուցիչ կողմեր: Այս և այլ քայլերով ջավախահայությունն էլ ավելի է հիասթափվում և օտարանում Մայր պետությունից:

Անդրադառնանք հարցի նյութաֆիզիկական կողմին: Իսկապես, ի՞նչ վնաս պետք է տա ջավախահայը (կամ ցանկացած Վրաստանի քաղաքացին)` գտնվելով ՀՀ-ում: Մարդն ավտոյով եկավ ՀՀ, մնաց մի ամիս, բավականին քանակի բենզին լցրեց, մեքենայի մասերը փչացան, գնեց ՀՀ-ի խանութներից, սարքել տվեց ՀՀ-ի ավտոմեխանիկների մոտ, ինքն էլ մի լավ ծախսեց ՀՀ-ում և փասափուսեն քաշեց… Էլ չասենք ավելի քան 2.000 ուսանողներից շատերին, ՀՀ-ում մշակութային, գործարար ու աշխատանքային գործունեություն ծավալող հարյուրավոր մարդկանց: Հետաքրքիր է, թե այստեղ որտեղ է վերջինիս տված վնասը, որ ՀՀ ՊԵԿ-ի ղեկավարությունն այդչափ հմտորեն ձեռնամուխ է եղել վերջիններիցս ազատվելու գործին: Զարմանալի է, իսկապես շատ զարմանալի, այս ամենը:

Վրաստանի ղեկավարությանը շատերն օբյեկտիվորեն քննադատում են, սակայն ստիպված ենք բերելու վերջիններիս կողմից ազգային պետություն կառուցելու օրինակներ, որոնցից շատ բաներ ունեն սերտելու մեր «առաջնորդները»: Այդ երկիրը վարում է ազատ տնտեսական քաղաքականություն, ամեն ջանք գործադրում է, որպիսի խրախուսի ներդրումները, Աջարիայի ծովափնյա ու այլ շրջանների ներդրողները 15 տարով ազատված են հարկերից, բոլորին կոչ է արվում գալ, շուտ-շուտ այցելել Վրաստան և դրա համար ամեն բան հեշտացված է: Մ. Սահակաշվիլին անգամ չի մոռացել իր աներանցը` հարավաֆրիկյան բուռերին (ծագումով հոլանդացիներ), որոնց տասնյակ հազարներով հրավիրում է Վրաստան` գյուղատնտեսությունը զարգացնելու: Վերջիններս ու աշխարհի բոլոր մահկանացուները (որոշ բացառություններով) կարող են գալ Վրաստան` ինչով ուզեն (բացի, իհարկե, ռազմական տեխնիկաներից): Ահա իրականությունը: Իսկ ՀՀ-ում մարդիկ աշխատում են, ամեն ինչ անում են, որ ոչ մեկ այստեղ չգա, կամ, ասենք, Վրաստանից տուրիստը գա ոչ ավել, քան 15 օրով: Ասենք, օրինակ, վերջինիս 16-րդ օրվա ծախսածը աստվածահաճո չէ, կամ էդքանն էլ հերիք է, հո մարդ էդքան ագահ չպետք է լինի:

Հնարավոր է, որ շուտով ՊԵԿ-ի կողմից ջավախահայության համար թեժ ակցիաներ իրականացվեն` հետևյալ կարգախոսներով. «Լիցքավորիր բենզինդ «Ֆլեշի» լցակայաններից, ստացիր բոնուս` երկարացրու քո ՀՀ-ում մնալու իրավունքը` յուրաքանչյուր 100 լիտրի դիմաց առավելագույնը 13 ժամով: ՀՀ-ում ջավախահայության համար լավ բաները չեն ավարտվում»:

Հա, մի կարևոր հարց բաց թողեցինք, կամ, ինչպես ասում են, մեծ էշն ախոռում մնաց: Ապահովագրման և մուտքի թույլտվության թղթերի ձևակերպումը սահմանի վրա տևում է բավականին երկար: Յուրաքանչյուր ավտոմեքենա նվազագույնը մեկ ժամ ավելորդ քաշքշուկների մեջ է հայտվում (ես դա արդեն 4-5 անգամ փորձեցի իմ սեփական ժամացույցով): Շատ ջավախահայեր, որոնք իրենց առողջականի, անվճար ծննդաբերության ու հետազոտման հետ կապված դիմում են Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոց, այժմ ստիպված են սահմանային խոչնդոտների հետ կապված ունենալ բազմապիսի խնդիրներ: Իսկ ամռանն այս պայմաններում տուրիստներին թող չսպասեն ՀՀ-ում: Հետաքրքրական է, ինչքա՞ն եկամուտ է ստանալու ՀՀ բյուջեն տարբեր ընկերություններից` ջավախահայության մեքենաների ապահովագրման դիմաց, և արժե՞ր, արդյոք, իր հետևանքներով այսքան հեռուն գնացող որոշման տակ ստորագրել:

Ի վերջո` ինչպե՞ս են վարվելու մեր երեսփոխանները, որոնք հաճույքով վարում են վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներ (պարոն Գ. Շամշյանին` պագամավորներին հարցախույզի ենթարկելու և լուսանկարելու բան հուշեցինք):

Ամենավերջում հիշեցինք ՀՀ ԱԱԽ-ի քարտուղար Ա. Բաղդասարյանի խոսքերը. «Սահուն անցում` անվտանգ սահմանով»: Կեցցեք եվրոպացիների առջև, պարոն Արթուր: Ձեզ հիշեցնենք այս նշանաբանի իրական, ժողովրդական, ջավախքյան ճշմարիտ ու առավել պրակտիկ տարբերակը. «Սահուն անցում` դեպի բարոյազրկում»:

Հ.Գ. Թրաշները թողած և ամեն օր հեռուստաեթերներում փիլիսոփայող մեր որոշ քաղաքագետիկներին խորհուրդ կտայինք, որ, օրինակ, Չինաստանի` Բրազիլիայի տնտեսության վրա հնարավոր ազդեցություններից բացի մեկ-մեկ էլ անդրադառնան այն հարցին, թե ինչպես և ինչու են հայրենի ՊԵԿ-ի անձնակազմն ու ղեկավարներն անդրադառնում Հայրենի Ջավախքի ժողովրդի առողջության և նյարդերի վրա: Ինչպես ասում են` «նաղդը թողած, նիսիայի հետևից պետք չի ընկնել»:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

«Միտք» վերլուծական կենտրոն

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply