Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 16, 2011 17:45
Այսօր առավոտյան մեկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իր գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչ ընդլայնված կազմով հանդիպումը կառավարությունում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի վարչապետների առանձնազրույցը։
Այս տարվա հունվարի 22-ից 23-ը Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել քննարկված խնդիրներին լուծում տալու նպատակով հանդիպում անցկացնել նաև երկու երկրների վարչապետների մակարդակով։
Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում վարչապետ Սարգսյանը ողջույնի խոսքում նշել է. «Համոզված եմ, որ Ձեր այցը կնպաստի հայ-վրացական բարեկամական կապերի ամրապնդմանը։ Երկու երկրների քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի այդ հարաբերություններն ընդլայնվեն ու խորանան ի շահ մեր եղբայրական ժողովուրդների։ Կառավարությունների պարտքն է ստեղծել կոնկրետ տնտեսական մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալու սերտացնել տնտեսական, սոցիալական և մշակութային հարաբերությունները»։
Շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը ջերմ ընդունելության համար` Վրաստանի վարչապետն ասել է. «Ինձ համար միշտ հաճելի է ձեզ հետ հանդիպել և համատեղ համագործակցության նոր քայլեր առաջադրել։ Իրոք, Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և ես համոզված եմ, որ այդպես էլ շարունակվելու է ապագայում։ Մենք շատ հաճախ հանդիպում ենք տարբեր ձևաչափերով` աշխատանքային, պաշտոնական այցելությունների և միջկառավարական նիստերի ժամանակ։ Հուսով եմ, որ այսօրվա աշխատանքային այցելությունը նաև կնպաստի մեր երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացմանը, և կսկսենք նորանոր քայլեր իրականացնել մեր ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Ցանկանում եմ Ձեզ հրավիրել Վրաստան և առաջարկում եմ, որ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացվի Վրաստանում»։
Կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, խոսվել է մաքսային ոլորտում արձանագրված համագործակցության համատեքստում առաջընթացի մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ սկսել Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին համաձայնագրի կնքման շուրջ։
Նշվել է, որ պետք է լուծում տրվեն երկու երկրների տրանսպորտային ոլորտում առկա հարցերին, որոնք սահուն ու դյուրին կդարձնեն փոխադարձ բեռնափոխադրումները և ուղևորների տեղաշարժը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տնտեսական համագոծակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակին։
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի համատեղ մամուլի ասուլիսը։
Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply