«Երևանը` լուսանկարներում». այցելե’ք Երևանի պատմության թանգարան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 6, 2009 12:33

19-րդ դարի վերջի և 20-դարի առաջին կեսի Երևանն իր ամբողջ շքեղությամբ երեկվանից ներկայացվեց Երևանի պատմության թանգարանում կազմակերպված «Երևանը լուսանկարներում» ցուցահանդեսում:
Ցուցադրված են ժամանակի հայտնի լուսանկարիչներ Փեշտմալջյանի, Դադյանցի, Տեր-Դանիելյանի, Հարությունյանի, Մելիք-Աղամալյանի, Թարվերդյանի, Տեր-Արիստակեսյանի և այլոց` Երևանին և երևանցիներին վերաբերող աշխատանքները:
Լուսանկարներում Երևանի փողոցներն են, թաղերը, հասարակական շենքերը, ինչպես նաև Երևանի տնտեսությունը, կրթությունը, մշակույթը: Տեղ են գտել նաև քաղաքի երևելիների և տոհմիկ ընտանիքների լուսանկարները:
Ցուցահանդեսին ներկա Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ասաց, որ այսօրվա երևանիցները քիչ բան գիտեն անցալ դարերի Երևանի ճարտարապետության և բարքերի մասին. ցուցահանդեսը ճանաչողական բնույթ ունի և պետք է հարստացնի Երևանի մասին լուսանկարների հավաքածուն:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներից շատերի հեղինակներն անհայտ են:
Մեր ժամանակների հայտնի լուսանկարիչ Վահան Քոչարը հաջողված է համարում լուսանկարները, որոնք, ըստ նրա, մեծ ասելիք ունեն ոչ միայն այսօր, այլև Երևանի պատմության գալիք ապագայում:
Ցուցահանդեսի մասնակիցները զարմանում էին, երբ լուսանկարներում տեսնում էին 1-2 դար առաջվա Աբովյան կամ Հանրապետություն փողոցների ճարտարապետական տեսքը, Երևանի կամուրջն ու Առաքել Աֆրիկյանի ընտանիքի լուսանկարները:
Լուսանկարների հին և նոր Երևանի տարբերությունը մեծ է, լուսանկարների Երևանում տաքություն կա, մարդկային եռուզեռ, ավանդական մոտեցումներ, որն այսօր կաթիլ առ կաթիլ սպառվում է:

Դիտվել է 4195 անգամ:
Print Friendly

Leave a Reply