Գիտաժողով` նվիրված Իրանի իսլամական հեղափոխության 32-ամյակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 16, 2011 14:17

Իրանը իսլամական հեղափոխությունից հետո դաձել է բավականին ազդեցիկ երկիր, եւ ներկայումս վճռական դերակատարություն ունի Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Այս տեսակետն այսօր Երեւանի պետական համալսարանում Իրանի իսլամական հեղափոխության 32-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը` ընդգծելով, որ Իրանը պետական-քաղաքական ոլորտում ոչ միայն հանդիսանում է անցյալի ժառանգության կրողը, այլեւ` նոր գաղափարների եւ ուղիների:

«Քաղաքակրթական հեղաշրջման այս իրողությունը, որն, ըստ էության, նոր դարաշրջան հաստատեց Իրանի ժողովրդի համար, իր հսկայական ազդեցությունն ունեցավ ոչ միայն Միջին եւ Մերձավոր Արեւելքի հետագա զարգացման գործում, այլեւ ամբողջ աշխարհում»,-ասաց Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորը նաեւ նշեց, որ ամեն հեղափոխություն չէ, որ ունենում է հեռուն գնացող հետեւանքներ, հեղափոխություններ կան, որոնք բավարարվում են զուտ հեղաշրջման մակարդակով կամ այդ մակարդակի խնդիրներ լուծելով:

«Բայց լինում են նաեւ հեղափոխություններ, որոնք հատում են ուղի, որը տանում է դեպի հեռուն, միտված է ապագային եւ այլեւս հնարավորություն չի ընձեռնվում հետ նայելու»,-մեկնաբանեց ռեկտորը: Գիտաժողովին ներկա էին նաեւ ԵՊՀ դասախոսներ, մասնագետներ եւ վերլուծաբաններ: Զեկույցներով հանդես եկան ինչպես Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայինը, այլեւ հայ իրանագետներ եւ մասնագետներ:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply