Հայ լիբերալը ազերիի նավթը բրդում է Եվրոպա

ԷՍՍԵ | | August 5, 2009 19:36

Արևմտյան ազատ ու անկախ ԶԼՄ ասածը շատերին է հմայում, լիբերալ տենդենցներն, ասես, սովետական դիսիդենտական մտայնությունների արտացոլքն են, որ Սովետից զզված` իներցիայով շարունակում են արևմտյան ազատությունների միֆականացումը`առանց քննադատական հայացքի: Ամերիկացի ինտելեկտուալ Խոմսկին ամերիկյան ԶԼՄ-ն համարում է հզոր պրոպագանդիստական գործիք` «ծախու քարոզչականություն», որի վրա դրված գլխավոր ֆիլտրը սեփականատերերն են` հսկա կորպորացիաները, որոնց մեջ, ինչպես գիտենք, նավթայինները մեծ տեղ են գրավում:
Այդ ազատ ու անկախ արևմտյան ԶԼՄ-ի մի արտադրանք հուլիսի 30-ին ցուցադրվեց «Եվրոնյուզով» ղարաբաղյան թեմայով:

Լրագրողուհին ասում է, որ Ղարաբաղի պատերազմի պատճառով երկու երկրներից մոտ միլիոն մարդ փախստական է դարձել, ու ներկայացվում են միայն ադրբեջանցիները, որոնք ապրում են վրաններում, ծանր պայմաններում: Լրագրողուհին խոսեցնում է էդ վրաններից մեկի բնակչին, որը պատմում է, թե ինչ տառապանքներ են քաշում արդեն 15 տարի` տնից-տեղից զրկված, կենցաղային ահավոր պայմաններում և այլն, ու որ մի 15 տարի էլ չի կարող սպասել, որ տուն վերադառնան:
Հետո խոսում է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, թե ինչպես է Ղարաբաղն օկուպացվել ու ենթարկվել էթնիկական զտումների, ու ինչպես կարող է միջազգային հանրությունն անտարբեր մնալ այդ ողբերգության նկատմամբ, երբ այդքան կոպիտ ոտնահարվում են մարդու իրավունքները:

Հետո լրագրողը, նավթարդյունաբերության տեսապատկերի ֆոնին, ներկայացնում է Ադրբեջանի նավթային ռեսուրսները, քարտեզով-բանով ցուցադրում Ադրբեջանի` Թուրքմենստանից ու Իրանից էներգակիրների արտահանման տրանզիտ հնարավորությունները, ձևակերպում Ադրբեջանն իբրև Եվրոպայի համար ելք դեպի այդ արժեքավոր գանձերը:
Հետո խոսեցնում է Եվրախորհրդի տարբեր պատգամավորների ու չինովնիկների, ովքեր հերթով ասում են, թե ինչքան կարևոր է տարածաշրջանի կայունությունը, թե Ադրբեջանը Եվրոպայի` արևելյան գործընկերության թերևս ամենակարևոր պարտնյորն է` ամենակարևոր ստրատեգիական նշանակությամբ, որը գազի պատճառով Ռուսաստանին պատանդ դարձող Եվրոպային կազատի էդ գերությունից, և թե Վրաստանի վրա Ռուսաստանի հարձակումից հետո չի կարելի բացառել նույնպիսի ագրեսիան Ադրբեջանի հանդեպ:

Ռեպորտաժի վերջում Մամեդյարովն ասում է, թե ինչի՞ պիտի Ադրբեջանն ուզի մտնել Եվրամիություն. նավթի օժիտով աղջիկը նազուտուզ է անում, որ փեսան` Եվրոպան, իր ոտքերն ընկնի, ու լրագրողն ամփոփում է. «Եվրոպա՞ն է պետք Ադրբեջանին, թե՞ հակառակը` Ադրբեջանը Եվրոպային հարցը միանշանակ պատասխան չունի»` թողնելով, որ եվրոպացին պատասխանի` «Ադրբեջան հարսիկը»:

Այս ռեպորտաժը կառուցվել է այնպես, որ սկզբում արթնացնում է եվրոպացիների հումանիզմն ու հիշեցնում արևմտյան արժեքները, ապա արևմտյան արժեքները լռվում են էթնիկ զտումների զոհերի մոտ ու «արևելյան արժեք» նավթով եվրոպացիների ախորժակն է գրգռում: Հետո քաղաքական արժեքն է բացահայտում, թե արևմտյան դեմոկրատական առաքելությունը «հարավկովկասյան» երկրներից ամենակարևորը Ադրբեջանը Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանելն է: Հետո էլ տնտեսական շահն է հանդես գալիս, որ «իրենց» նավթի վրա կախված է ռուսական սպառնալիքը, որն անցած ձմեռ եվրոպական սառած տուտուզների թարմ վերքի վրա է աղ ցանում:

Եվ հումանիզմը, դեմոկրատիան ու նավթը նույն փաթեթի մեջ բիրիկով առնել ցանկացողների մեջ հրահրվում են «աճուրդային» կրքերն ու ազարտը:
Ռեպորտաժի մեսիջն այս է` որպեսզի եվրոպացիներն ստանան այդ բաղձալի էներգակիրները, պետք է Ադրբեջանի շահերը պաշտպանեն Ղարաբաղի հարցում: Սա ազատ ու անկախ արեւմտյան ԶԼՄ-ի մի արտադրանք է, որ ստեղծվել է լրագրողական պրոֆեսիոնալ նորմերը պահպանելով: Լրագրողը չի ստում, փաստերը չի կեղծում, իր տեսակետը չի պարտադրում, տարբեր մարդկանց կարծիքներն է ներկայացնում, նույնիսկ Ղարաբաղի կարգավիճակի մասին միակ նախադասությունը դրվում է Ադրբեջանի բերանը` «Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղն իր տարածքն է»: Սակայն ողջ ռեպորտաժը շերտ առ շերտ կառուցված է այնպես, որ եվրոպացի դիտողները հնարավորություն ունենան սեփական շահերն ու տուժած ադրբեջանցիներին պաշտպանելու երկու էրնեկը մի տեղ անել: Տառապյալ փախստականի թշվառ վիճակի ներկայացումը հրաշալի ալիբի է` քաղաքական ու տնտեսական շահերը հումանիզմի ու դեմոկրատիայի կոնտեքստում տեղավորելու համար:

Ողջ ռեպորտաժում «արևմտյան արժեքները» է՜ն սկզբի փախստականների մոտ լռվում-մնում են` երևի մոլորվելով լոբու ու ադյալների հաշվարկի մեջ: Եվ նավթի մի կաթիլով ջրվում է դեմոկրատիայի հարցը. ռեպորտաժում ակնարկ իսկ չկա Ադրբեջանի ընտրությունների, փոխած Սահմանադրությամբ նախագահի իշխանությունը հավերժացնելու, քաղբանտարկյալների, ազատ մամուլի, մի խոսքով` լոբուց բացի արևմտյան այլ արժեքների մասին: Բայց ամենակարևորը` նավթը, «լվանում է հետքերը» բուն կոնֆլիկտի, որ ինքնորոշման իրավունքի հարցն է: Փոխարենը` Ղարաբաղը ներկայացվում է որպես վիշապ, որ նստել ու փակել է նավթի աղբյուրը:

Եվ այսպես դեմոկրատական գաղափարներն օգտագործվում են քաղաքական ու տնտեսական շահերի համար` բացահայտելով, որ արևմուտքի համար «մարդու իրավունքն» ընդամենը նավթի խողովակ կառուցելու գործիքներից մեկն է, ինչպես զոդող ապարատը: Իսկ արևմուտքով հմայված հայ լիբերալներ ու պացիֆիստները, նայում են, թե Արևմուտք աստվածն ինչ կասի, որ կրկնեն ու իրենց արևմուտքցի զգան. խոսում են հաշտությունից, մեղադրում իշխանությանը, որ ղարաբաղյան հարցն արագ չի լուծում (արագ լուծումը Ադրբեջանի պայմաններին ենթարկվելն է, ու նրանք էլ մտքում, «Եվրոնյուզի» պես, Ղարաբաղն Ադրբեջանի մեջ են տեսնում): Ու հրճվում են, թե պայքարում են նեղմիտ ազգայնականության դեմ, բայց իրականում պայքարում են նավթի շլանգներին խանգարող Ղարաբաղի դեմ, որ եվրոպացիների մեքենաների բաքերից բենզինը չպակասի:

Դիտվել է 6140 անգամ:
Print Friendly

Leave a Reply