Պ.Լորեն. «Ջրի սակագնի ավելացում չի սպասվում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 16, 2011 11:25
Հանրապետության մարզերում «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում օրվա ընթացքում ջրի մատակարարման միջին տեւողությունը հասցվել է 14 ժամի: 2010 թվականին գրանցված արդյունքների, 2011թ-ի անելիքների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ:
-Պարո’ն Լորեն, 2010 թվականն ինչպիսի՞ տարի էր «Հայջրմուղկոյուղի» ընկերության համար, ի՞նչ արդյունքներ են գրանցվել:
-2010թվականն ընդհանուր առմամբ բարեհաջող էր ընկերության համար: Մեր առջեւ դրված գրեթե բոլոր խնդիրները լուծվել են, բարելավել ենք մի շարք ցուցանիշներ: Այժմ տարվա արդյունքներն ամփոփման փուլում են, որոնք պատրաստ լինելուն պես կներկայացնենք հանրությանը: Եթե խոսենք ընդհանուր դրույթներով, ապա կարող եմ ասել, որ զգալի աշխատանքներ են իրականացվել ջրամատակարարման բարելավման ուղղությամբ:
Աշխատանքներ են կատարվել 15 քաղաքներում, 80 գյուղական համայնքներում: Նախնական տվյալներով` ընդհանուր առմամբ 2010 թվականին իրականացվել են 35 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրեր: Արդյունքում` ջրամատակարարման տեւողությունը 2010 թվականի վերջին օրական միջին ցուցանիշով 14 ժամի է հասցվել, որը 2009 թվականի համեմատ 1 ժամով ավելի է:Նախորդ տարի մեխանիկական ճանապարհով ջրամատակարարման համակարգում կրճատվել է էներգիայի ծախսը: Եթե 2009 թվականին 44 մլն կվտ էներգիա էր ծախսվել, ապա 2010թ-ի վերջին` 40 մլն:
-Ի՞նչ արդյունավետությամբ է իրականացվում օգտագործված ջրի գումարների հավաքագրման գործընթացը:
-2010թ-ի վերջի տվյալներով` հավաքագրվել է 3.8 մլրդ դրամ, իսկ 2009թ-ի նույն ժամանակահատվածում` 3.4 մլրդ դրամ: Սա դրական ցուցանիշ է, սակայն չի կարելի ասել գոհացուցիչ: Բնականաբար չպետք է եղածով բավարարվել, այլ անհրաժեշտ է ձգտել առավել լավ ցուցանիշների: Լիահույս ենք, որ առաջիկայում էլ կշարունակենք բարելավել այս ցուցանիշը: Այսօր մեր բաժանորդների հիմնական մասը կանոնավոր վճարողներ են: Ուրախությամբ պետք է նշել, որ գնալով չվճարող բաժանորդների թիվը նվազում է:
Նման խնդիրներին լուծումներ ենք տալիս` իրականացնելով հետեւողական աշխատանք: Մարդիկ պետք է հասկանան, որ եթե ծառայություն է մատուցվում, ապա դրա համար պետք է վճարվի: Այո’, մենք այսօր ունենք քաղաքներ, գյուղական բնակավայրեր, որտեղ ծառայության որակը դեռեւս բավարար մակարդակի վրա չէ, սակայն այն բարելավելու ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են:
-Վճարման ի՞նչ տարբերակ եք առաջարկում այն բաժանորդներին, ովքեր տարիներով կուտակված պարտքեր ունեն եւ չեն կարողանում դա միանգամից վճարել:
– Բնակիչներին պարտքերի վճարման հարմար տարբերակ ենք առաջարկում, ըստ որի` ջուրը կմատակարարվի, եթե բաժանորդը որոշակի ժամկետում վճարելու մասին համապատասխան փաստաթուղթ ստորագրի: Այսինքն` սահմանվում է որոշակի ժամկետ պարտքերի վճարման համար: Ներկա փուլում ընկերությունն ունի 267 հազար բաժանորդ, որից 180 հազարը մշտական ծառայություն ստացողներ են: Մնացածը գրանցված են որպես փակ դռներ: Բաժանորդների շուրջ 77 տոկոսը տեղադրել են ջրաչափեր: Կան որոշ բնակավայրեր, որտեղ դրանք դեռ չեն տեղադրել:
Այս առումով խնդիր կա հատկապես բազմաբնակարան շենքերում: Հավաքագրումներն այստեղ դժվարությամբ են իրականացվում, որովհետեւ մենք օրինական լծակ չունենք նրանց վրա ազդելու, իսկ ամբողջ շենքին ջրամատակարարումից չենք կարող զրկել: Այդպիսի բազմաբնակարան շենքերում վճարումը սահմանված է ըստ անձերի:
-2011թ-ին ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում իրականացնել:
-2011թ-ին շարունակելու ենք բարելավել արդեն ունեցած ցուցանիշները: Բնականաբար աշխատանքներ կիրականացվեն ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: Մի շարք ծրագրեր ունենք, որոնք սկսել ենք 2010 թվականի վերջին եւ նախատեսում ենք ավարտին հասցնել 2011թվականին: Ջրամատակարարման բարելավման ուղղությամբ զգալի աշխատանքներ են նախատեսվում Հրազդանում, Իջեւանում, Կապանում: Նախատեսում ենք ընդհանուր առմամբ ջրամատակարարման միջին տեւողությունը հանրապետությունում հասցնել 15 ժամի:
Նպատակ ունենք շարունակել ջրաչափերի տեղադրման գործընթացը, նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը եւ այլն: Մենք ունենք ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ, որտեղ պարբերաբար ստուգվում է ջրի որակը: Նախատեսում ենք ընթացիկ տարում դրանց թիվն ավելացնել: Գաղտնիք չէ, որ շատ են հին մաշված խողովակները, դրանց փոխարինման աշխատանքները նույնպես կշարունակվեն: 2005 թվականից ի վեր ավելի քան 1000 կմ խողովակաշարեր են փոխարինվել: 2011թ-ին շարունակելու ենք զարգացման ուղով գնալ: Նշեմ, նաեւ, որ ընթացիկ տարում ջրի սակագնի ավելացում չի սպասվում:






Facebook
Tweet This
Email This Post
