Բաբելոնի աշտարակից առաջ. գլոբալիզացիան խժռում է լեզուները

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 2, 2009 18:43

lezuner21-րդ դարի վերջում տիրապետող լեզուները դուրս կմղեն գոյություն ունեցող լեզուների 90 տոկոսը: Սա Յունեսկոյի` լեզվական քարտեզ կազմող փորձագետների կանխատեսումն է: Դա նշանակո՞ւմ է, որ ես էլ կմիանամ հայ վաղամեռիկ պոետներին` չնայած ո՛չ 20, ո՛չ էլ 40 տարեկանում չեմ մեռել, ու կդառնամ մեռած լեզվի բանաստեղծ, թե՞ հայերենը կդիմանա լեզուների ժանտախտին:

Համաձայն Յունեսկոյի նոր քարտեզի` աշխարհում գոյություն ունեցող 6000 լեզուներից 2500-ը անհետացման եզրին են կամ արդեն վերացել են: Մոտ 3000 լեզու տարեցտարի անվերադարձ կորցնում է կրողներին: Իսկ մոլորակի բնակչության 97 տոկոսը լեզուների ընդամենը 4 տոկոսի կրող է:
Այս բոլոր թվերը վկայում են գլոբալիզացիայի, հաղորդակցման և զանգվածային տեղեկատվական միջոցների լայն տարածման ու հզորացման մասին: Սակայն Յունեսկոն չի զբաղվում պատճառների քննությամբ, այլ մտահոգված է մոլորակի մշակութային բազմազանության անհետացման հեռանկարով:

Ամենամեծ թվով (196) անհետացող լեզուներ ունեցող երկրների ցանկը գլխավորում է Հնդկաստանը, այնուհետև` ԱՄՆ-ն (191), Ինդոնեզիան (147), Չինաստանը (144), Ռուսաստանը (136), Ավստրալիան (108), Կանադան (80) և այլն:
Ամենաքիչ թվով կրողներ ունեցող լեզուն Ռուսաստանում բարաբիներենն է` 8 հոգի: Ընդամենը 62 հոգի է խոսում լազերենով, որի քերականությունն ու բառարանը դեռ անցյալ դարասկզբին Կոստանդնուպոլսում գրել է Հրաչյա Աճառյանը` բնիկների հետ շփվելով, հետագայում այդ գիրքը թարգմանելով ու հրատարակելով նաև ֆրանսերեն:

Յունեսկոյի փորձագետներն անհետացող լեզուների քարտեզը կազմելիս շարակարգում են դրանց կենսունակությունը` նկատի առնելով գործոնների 6 խումբ.

1. Լեզվի փոխանցումը սերնդեսերունդ
2. Կրողների բացարձակ թիվը
3. Բնակչության մեջ կրողների մասը
4. Կիրառման ոլորտները
5. Կիրառումը նոր միջոցների մեջ
6. Ուսուցողական նյութերի առկայությունը

Յուրաքանչյուր խմբում լեզվի վիճակը գնահատվում է 5 բալանոց համակարգով (”0”` մեռած լեզու, “5”` լիովին կենսունակ լեզու): Օրինակ` առաջին խմբի բարձրագույն գնահատականը ստանում է այն լեզուն, որով խոսում են բոլոր տարիքի ներկայացուցիչները` առանց բացառության: Վտանգ արձանագրվում է այն դեպքում, երբ հարազատ լեզուն օգտագործվում է սահմանափակ ոլորտներում, ասենք, միայն տանը, բայց ոչ դպրոցում (”4”): “3”-ն այն իրավիճակն է, երբ երեխաներն այլևս տանը չեն սովորում մայրենի լեզուն, հետևաբար, լեզվի հիմնական կրողները նրանց ծնողներն են, և լեզվի փոխանցման հարցում խզում կա:
4-րդ խմբի` լեզվի կիրառման ոլորտների առումով “4” է ստանում այն դեպքը, երբ հարազատ լեզուն լայնորեն կիրառվում է կրոնական հիմնարկներում կամ շուկաներում, իսկ տիրապետող լեզուն օգտագործվում է պետհիմնարկներում, իշխանական օրգաններում և կրթական հաստատություններում: Սա հայտնի երևույթ է, որ կոչվում է դիգլոսիա` լեզվի ճեղքում:

“3” գնահատականը փորձագետները տալիս են այն իրավիճակին, երբ երեխաները դառնում են ռեցեպտիվային (օտար հասարակության մշակութային ու սոցիալական ձևերը որդեգրող)` երկլեզու, այսինքն` նրանք դեռ հասկանում են հարազատ լեզուն, բայց օգտագործում են իշխողը, և տանն էլ ծնողները նրանց հետ խոսում են այդ դոմինանտ լեզվով:

ԶԼՄ-ներում, օրինակ, ռադիոյի և հեռուստատեսության մեջ լեզվի առկայությունը խրախուսելի նշան է, բայց եթե դա ընդամենը կես ժամ է շաբաթվա ընթացքում, արդեն լավ չէ: Նույն կերպ էլ լեզուն կարող է դպրոցում դասավանդվել ոչ բոլոր աստիճաններով ու սահմանափակ թվով ժամերով: Դրա լավագույն օրինակն իռլանդերենն է Իռլանդիայում: Յունեսկոյի հաշվարկներով` այն հիմնական լեզու է միայն 44 հազար մարդու համար: Անհետացող լեզուների քարտեզում իռլանդերենին տրված է “3” գնահատական:

Լեզվի կենսունակությունը գնահատելիս հաշվի է առնվում նաև դրա հանդեպ պետության և հենց հասարակության վերաբերմունքը: Պետությունը կարող է պաշտպանել կամ անտեսել լեզուները` խրախուսելով դրանց ուսումնասիրությունը կամ խթանելով ասիմիլիացիան:

Որոշ փոքր ժողովուրդների` անգամ պետական կարգավիճակ ունեցող լեզուներ, որոնցով խոսում են հարյուր հազարավոր մարդիկ, հայտնվել են անհետացողների ցանկում (օրինակ` Ռուսաստանում ադիգերենը, բաշկիրերենը, ինգուշերենը, չեչեներենը, չուվաշերենը, օսերենը, յակուտերենը և այլն), երևի այն պատճառով, որ Յունեսկոն ենթադրում է, թե ընթացիկ քաղաքական ու մշակութային իրավիճակում տվյալ լեզուն կիրառողների թիվը չի աճելու:

Յունեսկոյի այս ընդհանուր ուրվագծից էլ կարելի է նկատել, որ մենք մտահոգվելու առիթ ունենք: Նախ` հայերենի պետական կարգավիճակը, ինչից գոհ են շատերը, թերի է: Հայերենն ունի երկու ճյուղ, և, ըստ էության, պետական է հռչակված միայն արևելահայերենը: Իսկ երբ հրապարակվի լեզուների մասին Յունեսկոյի առավել մանրամասն քարտեզը, հանկարծ կարող է պարզվել, որ արևմտահայերենի մասին ավելի շատ մտահոգված է Յունեսկոն, քան մեր հայրենասերները: Փաստորեն, Հայաստանը նույնքան ասիմիլիացիոն քաղաքականություն է վարում արևմտահայերենի հանդեպ, որքան, ասենք, Թուրքիան:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսը վկայում է այնպիսի քաղաքականության մասին, որ սփյուռքյան ողջ բազմազանությունը, կոնկրետ` գրական արևմտահայերենն ու բազմաթիվ բարբառները, ձուլելու է մեկ միասնական արևելահայերենի մեջ: Էլ ուր, եթե ոչ անկախ Հայաստանում, պետք է ստեղծվեին մայրենի լեզվի ճյուղերից մեկի ուսումնասիրության, ուսուցման ու կիրառման ոլորտները խթանող միջոցներ, դասագրքեր, դասաժամեր, հեռուստահաղորդումներ և այլն: Նույնիսկ Սովետում թատրոնի ու հեռուստատեսային ներկայացումների ցանկում մեծ տեղ էին գրավում արևմտահայ հեղինակների գործերի բեմականացումները, մինչդեռ այսօր դրանց հետքն էլ չկա:

Ու բոլորովին զարմանալի չի լինի, եթե Յունեսկոյի գալիք հրապարակումներն ապացուցեն, որ արևելահայերենի կենսունակությունը պահպանելու համար ավելի լավ է նրանց փորձագետներին դիմենք, քան այն հայ մասնագետներին, որ քննադատում են, թե ինչպես կարող է երջանկությունը դժբախտ անվանվել սերիալներից մեկի վերնագրում (լեզվի տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը լեզվական սխալ է համարել «Դժբախտ երջանկություն» վերնագիրը):

Դիտվել է 3481 անգամ:
Print Friendly

Leave a Reply