Քննարկվել են ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման խնդիրները

Պաշտոնական, Օրվա լուր | | February 15, 2011 17:48
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Օրակարգի առաջին հարցով քննարկվել և ֆինանսների նախարարության դիտողություններով հանդերձ հաստատվել է հիմնադրամի 2011թ. տարեկան բյուջեի նախահաշիվը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել Հայաստանում նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթության որակի արտաքին գնահատման` ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի նախագիծը: Անդրադառնալով այդ երկու գործընթացների իրականացման մանրամասներին` խորհրդի անդամները քննարկել են ՀՀ-ում ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման անցումային փուլի առանձնահատկությունները, ինչպես նաև ուսումնական հաստատություններում այդ ուղղությամբ փորձնական ծրագրի իրականացման հնարավորությունները: Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում հնչեցվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ նախագծի բովանդակության վերաբերյալ:
Ամփոփելով արված դիտողությունները` վարչապետը հանձնարարել է կրթության և գիտության նախարարին ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրենի հետ համատեղ վերանայել նախագիծն ու վերամշակված տարբերակը ներկայացնել խորհրդի քննարկմանը:
Նիստում արծարծվել են նաև կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, քննարկվել է հիմնադրամի կանոնադրական նպատակների իրագործման համար գործունեության տարածքի ընդլայնման հարցը:
Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply