Օբամա-Բայդն ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Վահան Դիլանյան | August 5, 2009 18:28
ԱՄՆ փոխնախագահ Բայդնի այցը Ուկրաինա և Վրաստան ու դրան նախորդած Օբամայի այցը Մոսկվա ներկայացրին ԱՄՆ նոր ադմինիստրացիայի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ: Այն տարբերվում է Բուշի կամ Քլինթոնի վարչակարգերի ռազմավարությունից, սակայն դասական է այնքանով, որ ներառում է ԱՄՆ նախագահներ Քենեդու, Ռեյգանի, Նիքսոնի գաղափարախոսական տարրերը:
Օբամայի այցը Մոսկվա վերահաստատեց ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր` «21-րդ դարում համագործակցության» բանաձևը, որը ակնհայտ էր դարձել Օբամայի առաջին իսկ արտասահմանյան այցերի ժամանակ (G-20 սամիթ, ՆԱՏՕ-ի 60-րդ տարեդարձին նվիրված վեհաժողով, ԱՄՆ-ԵՄ համաժողով, ապա այցելությունը մուսուլմանական աշխարհ` երկխոսության կոչերով):
Օբամա-Մեդվեդև հանդիպումն այդ այցերի տրամաբանական շարունակությունն էր և նպատակ ուներ մեղմացնել նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին տարիներին ձևավորված անվստահության ու լարված մթնոլորտը:
Օբամայի մոսկոսվյան այցը երկու երկրների հարաբերություններում ընդհանուր առմամբ արմատական տեղաշարժեր չբերեց: Ավելին, 2 երկրների միջև դեռ շարունակվում են սուր հակասություններն այնպիսի կարևոր ու «տաք» հիմնախնդիրների շուրջ, ինչպիսիք են Իրանի ներքաղաքական ճգնաժամը, Ռոսատանի տարածքով Աֆղանստան ԱՄՆ զորքերի տրանզիտի թուլյլտվությունը, Ուկրաինայի ու Վրաստանի` ՆԱՏՕ ինտեգրվելու հարցերը, Ռուսաստան-ԵՄ գազային կոնֆլիկտը և այլն:
Ուստի Օբամայի այցը Ռուսաստան կոնկրետ հարցերի պատասխաններ չտվեց, և այդպիսով չորոշվեց աշխարհաքաղաքական դաշտում ՌԴ-ԱՄՆ ուժերի նոր դասավորվածությունը:
Այս անորոշությունը ցրելու նպատակով էր, որ Օբաման ուղարկեց փախնախագահ Բայդնին հետխորհրդային այնպիսի զգայուն երկրներ, ինչպիսիք են Ուկրաինա և Վրաստան:
Ռուսական ու նաև եվրոպական որոշ լրատվամիջոցներ, մինչ Բայդենը կայցելեր հետխորհրդային երկու երկրները, գնահատեցին այն Օբամայի` Մոսկվա կատարած «փափուկ» այցի կոնտեքստում` և կարծիքներ հնչեցին, թե Բայդնը գնում է Կիևի ու Թբիլիսիի լիդերներին համոզելու` խաղաղ ճանապարհով թողնել իշխանությունը: Սակայն այցերի ժամանակ Բայդնի արած հայտարարությունները ոչ միայն ժխտեցին այդ տեսակետները, այլ լրացրին Օբամայի այցը ու ի վերջո ցույց տվեցին ԱՄՆ արտաքին ռազմավարական կուրսը Ռուսաստանի նկատմամբ:
Ավելի վաղ մշակված ԱՄՆ նոր Ազգային անվտանգության ռազմավարությունն արդեն նշմարել էր բայդնյան ռազմավարության հիմնական տարրերը: Հայեցակարգը հռչակում է «Ամերիկյան ալիանսների վերակազմակերպումը» և «Ալիանսների ու գործընկերությունների ուժեղացումը»` հայտարարելով` «մենք կոչված ենք ուժեղացնելու առկա ալիանսներն ու գործընկերությունները և ստեղծելու նորերը` դիմագրավելու համար ներկայիս մարտահրավերները»:
Եվ այսպես, ուկրաինական այցի ընթացքում Բայդնի արած հայտարարությունը վերահաստատեց հետխորհրդային տարածքում ամերիկյան ալիանսների հանդեպ ԱՄՆ անվերապահ աջակցությունը: Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Կիևի ու Թբիլիսիի անդամագրման հարցին` Բայդնը նշեց. «Եթե դուք ցանկանում եք ինտեգրվել եվրոատլանտյան դաշինքին, ինչը, կարծում եմ, դուք արդեն որոշել եք, մենք ամենայն պատրաստակամությամբ կաջակցենք դրան: Մենք չենք ճանաչում ազդեցության գոտիներ հասկացությունը, և ես ուզում եմ կրկնել դա: Մենք կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի ձեզ, կամ որևէ այլ երկրի թելադրել, թե ինչ դաշինքի միանա կամ ինչպիսի երկկողմանի հարաբերություն կառուցի»:
Բայդնի այս վարքագծով Օբամա-Մեդվեդև հանդիպումը նմանեցվեց 1961թ. Քենեդի-Խրուշչով հանդիպմանը, երբ ռուսները սկսեցին խոսել ԱՄՆ-ի «փափկելու» ու զիջումներ անելու պատրաստակամության մասին: Քենեդին համաձայնվել էր միջուկային մարտագլխիկներով հրթիռները դուրս հանել Թուրքիայից, իսկ Խորհրդային Միությունը իր մարտագլխիկները պիտի հաներ Կուբայից: Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ը հետագայում չհանեց այդ հրթիռները: Նմանատիպ իրավիճակ ստեղծեցին, երբ Օբամայի փափկությանը հաջորդեց Բայդնի կոպտությունը:
Եվ մինչ ռուս փորձագետները փորձում էին բացահայտել Բայդնի վարքագծի ու Օբամայի այցի միջև եղած նմանություններն ու հակասությունները, Բայդնը նոր հայտարարություն արեց, որն իսկական սառը ցնցուղ էր Ռուսաստանի համար: Հուլիսի 26-ին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում նա նշեց. «Ռուսաստանը ստիպված է անել որոշ շատ դժվար, հաշվարկված որոշումներ. նրանք ունեն կրճատվող բնակչություն, նրանք ունեն քանդվող տնտեսություն, նրանց բանկային սեկտորն ու կառուցվածքն ի վիճակի չէ դիմանալու առաջիկա 15 տարիների ընթացքում: Նրանք մի իրավիճակում են, երբ աշխարհը փոխվում է նրանց առաջ, իսկ նրանք դեռ կառչել են անցյալի ինչ-որ բանից, որը կենսունակ չէ»:
Բայդնի այս հայտարարությունը վեր հանեց Ռուսաստանի ամենախոցելի խնդիրները: Ռուսաստանն, իսկապես, քայքայվում է ներսից, ուր տնտեսական համակարգը լուրջ թերություններ ունի, ուր ծնունդների թիվը ցածր է, իսկ մահերի թիվը` բարձր, ուր 50 տարեկանի մոտ քաղաքացիներն ավելի շատ են, քան 18-25 տարեկան երիտասարդները: Իհարկե, Ռուսաստանը ցույց է տվել և ցույց է տալիս աշխարհին, որ կարող է լինել աշխարհաքաղաքական լուրջ տերություն առանց կայուն ու ազատ տնտեսության, սակայն, հեռանկարում չի կարող լինել այդպիսին առանց բնակչության:
Բայդնի այս հայտարարությունը ցույց տվեց, որ ԱՄՆ-ի վարքագիծը Ռուսաստանի նկատմամբ նույնն է, ինչ եղել է Ռեյգանի ժամանակ: 80-ականներին Ռեյգանը ևս տնտեսությունն էր համարում Խորհրդային Միության ամենաթույլ կողմը ու նրա հնարավոր կործանման հիմնական պատճառը:
Սակայն դժվար թե Բայդնը Ռեյգանի նման ցանկացել է կանխատեսել ռուսական պետության փլուզումը: Այս հայտարարությունը, ի տարբերություն ռեյգանյան շրջանի հռետորության, չի պարունակում սպառնալիք: Բայդնն առաջին ամերիկյան պաշտոնյաներից էր, որ հանդես եկավ Ռուսաստանի հետ համագործակցության նոր եզրեր գտնելու կոչով:
Ամերիկյան այդ «մեսիջը» կոչված էր Ռուսաստանի զգայուն խնդիրների վերհանմանն ու խորհուրդի նման մի բան էր` ուղղված ռուսական էլիտային, որ ձեռնարկեն քաղաքական, տնտեսական ու սոցիալական ազատական բարեփոխումներ:
Հարց է ծագում, թե ինչու է ԱՄՆ-ն ուզում իր հիմնական մրցակից Ռուսատանին հզոր տեսնել:
Իրականում ԱՄՆ-ին շահավետ է, որ Ռուսաստանը որդեգրի արժեքային այնպիսի համակարգ, որը բաց է ցանկացած տիպի համագործակցության ու ԱՄՆ-ի հետ գործընկերության համար:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հարցազրույցը՝ տված «NBC» հեռուստաընկերությանը, վերահաստատեց այդ թեզը. «ԱՄՆ-ը շահագրգռված է ուժեղ Ռուսաստանի գոյությամբ և այն դիտում է որպես «մեծ տերություն»:
Այսպիսով Բայդնի ռազմավարությունը կարելի է մեկնաբանել ԱՄՆ մյուս նախագահ Նիքսոնի՝ «Ես anti-Communist եմ, բայց pro-Russian եմ» հայտնի բանաձևով:
Նիքսոնը, ինչպես Բայդնն այսօր ու Ռեյգանն իր ժամանակին, որպես Ռուսաստանի բարգավաճման և նրա հետ համագործակցության խոչընդոտ նշում էր տնտեսության գործոնը:
Նիքսոնը հավատում էր, որ Ռուսատանի թույլ կողմերը ներկայացնելով բարեփոխումներ իրականացնելու հեռանկար կբացի, և ապագայում հնարավորություն կստեղծվի, որ ԱՄՆ-ն այնտեղ միլիարդավոր ներդրումներ անի:
Այսպիսով, ԱՄՆ նոր ադմինիստրացիայի ռազմավարությունը Ռուսաստանի նկատմամբ, ըստ էության, չի փոխվել. Բայդնն այն վերջնականապես դասական դարձրեց:
Այդ ռազմավարությունը սահմանում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Դրա էությունն է «21-րդ դարում համագործակցությունը», փոխինտեգրացիան ու «բաց» սահմանները, որոնք պետք է ապահովեն փոխկապակցված անվտանգության համակարգ ողջ աշխարհի համար:
Այլ հարց է, թե որքանով կհաջողվի Օբամայի ադմինիստրացիային այդ հարցում «ինիցիատորից» վերածվել իրագործողի: Այժմ ԱՄՆ-ն այլ ելք չունի, բացի համագործակցության եզրեր գտնելուց Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի համար ցանկալի է այդ համագործակցությունն այն դեպքում, երբ ռուսական տնտեսությունը “ազատ” է, երբ այն “բաց” է իր և աշխարհի առաջ:
Այլ հարց է, թե որքանով Ռուսաստանը կընդունի ռազմավարական այս մոդելով առաջարկը: Փաստ է, որ Ռուսաստանը մնում է գազանավթային այնպիսի հսկա, որը գնալով բացարձականացնում է Եվրոպայի` «ԱՄՆ-Ռուսաստան պատի» կախումն իրենից: Փաստ է, որ Ռուսաստանը չափազանց զգայուն է հետխորհրդային տարածքների նկատմամբ, անհանդուրժող հետսովետական տարածքի երկրների արտաքին օրիենտացիոն փոփոխությունների հանդեպ, և որ Ռուսաստանը շարունակում է կախվածության մեջ պահել այդ երկրները տնտեսական և աշխարհագրական գործոնների միջոցով:
Այս առումով, ԱՄՆ-ից, թերևս, տասնամյակներ կպահանջվի` վերականգնելու Ռուսատանի հետ հարաբերություններում խորացած անվստահության մթնոլորտն ու հասնել լիակատար համագործակցության:






Facebook
Tweet This
Email This Post
