Սեպտեմբերից շրջանառության մեջ կդրվեն կենսաչափական տվյալներով անձնագրեր եւ նույնականացման քարտեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 15, 2011 14:55

Հայաստանում ընթացիկ տարվա սեպտեմբերից շրջանառության մեջ կդրվեն կենսաչափական տվյալներով անձնագրեր եւ նույնականացման քարտեր: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը, նախատեսվում է, որ անձնագիրը տրամադրվելու է 5 տարի, իսկ նույնականացման քարտը` 10 տարի ժամկետով:

Քարտ ստանալու են բոլոր 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերը քաղաքացին կարող է ստանալ ըստ իր ցանկության` արտերկիր մեկնելու համար: Նախատեսվում է, որ անձնագրերում անկետային տվյալներից, լուսանկարից բացի կլինեն նաեւ 2 ցուցամատերի մատնահետքերը: Նույնականացման քարտում վերը նշված տվյալներից բացի կլինի նաեւ էլեկտրոնային ստորագրությունը:

Ն. Մուրադխանյանը նշեց, որ նույնականացման քարտը բազմաֆունկցիոնալ է, եւ հետագայում նախատեսվում է էլեկտրոնային ստորագրությունից բացի` ներառել նաեւ այլ տվյալներ: «Այս բոլոր գործողություններն ուղղված են փաստաթղթի հուսալիության բարձրացմանը եւ քաղաքացիների նույնականացման գործընթացը հեշտացնելուն: Իհարկե, դա չի նշանակում, որ ներկայիս գործող անձնագրերը հուսալի չեն, դրանք բավական կատարելագործված են: Փորձը ցույց է տալիս, որ տարեցտարի զարգացում է ապրում նաեւ կեղծարարությունը, այդ իսկ պատճառով պետք է ժամանակ առ ժամանակ այն կատարելագործել»,-ասաց Ն. Մուրադխանյանը:

Անձնագրի եւ նույնականացման քարտի ձեռքբերման համար գումար հստակ սահմանված չէ, սակայն նախնական տվյալներով` քարտի համար կգանձվի հազար դրամ, իսկ անձնագրի` 15 հազար: Վարչության պետն անդրադարձավ նաեւ Հայաստան մուտք գործելու համար նախատեսված հարցաթերթիկներում տեղ գտած տառասխալների խնդրին` նշելով, որ այժմ կան նոր թերթիկներ, որոնցում սխալներն ուղղված են: Շուրջ 6 ամիս է օդանավակայաններում եւ սահմանային անցկատերում կիրառվում է նոր դիմում- հարցաթերթիկը:

Իսկ տառասխալներով հարցաթերթիկի այն դեպքը, որին նախօրեին անդրադարձել էր «Հայլուր» լրատվական ծրագիրը, Ն. Մուրադխանյանի խոսքով` կապված է որեւէ ավիաընկերության հետ, որի կողմից օգտագործվել է նախկին նմուշի թերթիկը: «Զրուցել եմ բոլոր ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի բացառապես օգտագործվեն այն նմուշի թերթիկները, որոնք առանց տառասխալի են»,-ասաց Ն. Մուրադխանյանը:

Դիտվել է 1737 անգամ:
Print Friendly

Leave a Reply