Մանուկ Մկրտչյան. «Նոր դասագրքերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու»

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2011 14:52

Դպրոցական դասագրքերի եւ ծրագրերի խնդիրը միայն Հայաստանինը չէ. դա համաշխարհային խնդիր է: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը` ստեղծված նոր դասագրքերից շատերը չեն համապատասխանում կրթական պահանջներին:

«Հին դասագրքերն արդեն որոշակի ճանապարհ էին անցել, կարելի է ասել` «թրծվել էին», մինչդեռ նորերը դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու»,- ասաց փոխնախարարը: Վերջինիս խոսքով` հատկապես բնագիտական, պատմական առարկաները ծանրաբեռնված են թվերով, եզրույթներով: Տեղեկատվության եւ գիտելիքի հագեցվածությամբ հանդերձ` դրանք թույլ չեն տալիս խորանալ առարկայի մեջ: Կրթական ծրագրում «դասական» առարկաների բեռնաթափում, ըստ նախարարի, չի սպասվում:

Սակայն նախարարության կողմից չափանիշներ են մշակվելու, թե մեկ դասի ընթացքում քանի նոր հասկացություն, թեորեմ կամ եզրույթ է ներդրվելու, որպեսզի աշակերտի համար մատչելի լինի դասի ընկալումը: Դա, ըստ փոխնախարարի, անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք ոչ թե հիշողության, այլ գիտելիքի դասագրքեր: Մինչ նոր ուսումնական տարի հայտնի կլինեն բեռնաթափման ենթարկվող առարկաները, համապատասխան հերթականությամբ էլ կստեղծվեն նոր դասագրքերը:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply