Կառլուշ Կեյրուշը չի գնում Իրան
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 15, 2011 14:54
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշը հրաժարվել է գլխավորել ֆուտբոլի Իրանի հավաքականը: Այդ մասին հայտնել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Աբաս Տորաբյանը: Նա նշել է, որ մարզչին Իրանում աշխատել չի թույլատրել նրա ընտանիքը: Նախատեսվում էր Կեյրուշի հետ աշխատանքային պայմանագիր կնքել երեք տարով: Հնարավոր է, որ նա մտադրությունը փոխել է այն բանի համար, որ քաղաքական իրավիճակը խաղաղ չէ, Թեհրանում զանգվածային հանրահավաքներ են կազմակերպվում` ընդդեմ իշխանությունների: Խոսակցություններ կան, որ Կեյրուշը կարող է գլխավորել Սաուդյան Արաբիայի հավաքականը: Իրանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աֆշին Գոտբին զբաղեցրած պաշտոնն ազատել էր 2011-ի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո, երբ նրա թիմը հասել էր մինչև քառորդ եզրափակիչ: Այդ է պատճառը, որ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում Ռուսաստանի հավաքականի հետ փետրվարի 9-ին կայացած ընկերական հանդիպման ժամանակ հավաքականը խաղադաշտ էր դուրս բերել մարզիչ Ալիռեզա Մանսուրյանը: Իրանցիներն այդ խաղում հաղթել էին 1:0 հաշվով: Կեյրուշը երկար տարիներ եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի օգնականը: 2003-04-ի մրցաշրջանում նա մարզել էր Մադրիդի «Ռեալը», ապա վերադարձել անգլիական ակումբ: 2008-10-ին Կեյրուշը գլխավորել է Պորտուգալիայի ազգային հավաքականը, որը 2010-ի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում զիջել էր Իսպանիայի ընտրանուն:






Facebook
Tweet This
Email This Post
