Վանաձորում ոստիկաններն ահաբեկում են վարորդներին եւ խոչընդոտում բողոքի գործողության անցկացմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 15, 2011 14:36

«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակը ահազանգ ստացավ Վանաձորից, ուր այս րոպեներին «Ժառանգության» ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է տեղի ունենար վրացական պետամարանիշներով մեքենաների վարորդների բողոքի ոչ-զանգվածային ակցիան: Սակայն ինչպես մեզ տեղեկացրեց Գյումրի-Վանաձոր ճանապարհին գտնվող ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ՀՀ ոստիկանության տարածաշրջանային վարչության աշխատակիցները խոչընդոտներ են հարուցում միջոցառման իրականացման ուղղությամբ: Այսպես, Ջաջուռ գյուղի մոտ արգելափակվել է Գյումրիից Վանաձոր ուղեւորվող մի քանի տասնյակ մեքենաների բողոքի ավտոերթը: Խոչընդոտներ են հարուցվել նաեւ Տաշիրից եւ Ստեփանավանից Վանաձոր ուղեւորված մեքենաների համար: Իսկ Վանաձորում գտնվող ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ ի հեճուկս վատ եղանակի (այս պահին այնտեղ ուժեղ ձյուն է տեղում) Ազնավուրի հրապարակում արդեն հավաքվել են 50-ից ավելի մեքենաներ, սակայն ոստիկանները` ոստիկանության տարածաշրջանային վարչության պետի եւ բարձրաստիճան այլ ոստիկանների գլխավորությամբ առանձին-առանձին մոտենում են վարորդներին եւ ահաբեկում նրանց` ստիպելով հեռանալ հրապարակից: Սակայն վարորդները` իրենց մեքենաները հրապարակից հեռացնելուց հետո հետիոտն վերադառնում են Ազնավուրի հրապարակ եւ այս պահին այնտեղ հավաքվել են թվով մինչեւ հարյուր քաղաքացիներ:

Ոստիկանության այս հակաօրինական եւ հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին, ապա փորձել է կապվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ինչը նրան չի հաջողվել: Ոստիկանապետի փոխարեն նրան պատասխանել է ոստիկանապետի գրասենյակի աշխատակից Պողոսյանը: Պատգամավորը պահանջել է փոխանցել ոստիկանապետին, որ անհապաղ միջոցներ ձեռնարկեն օրինազանց ոստիկաններին կարգի հրավիրելու նպատակով:

«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության հակասահմանադրական գործելաոճը եւ պահանջում ՀՀ ներքին գործերի նախարար Ալիկ Սարգսյանից անհապաղ միջոցներ ձեռնարկել իր ենթակաների ապօրինի գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, ինչպեսեւ վերջիններին պատասխանատվության կանչել:

«Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակ

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply