Ադրբեջանի հերթական սադրանքը. «Նամակ ամերիկաց թագավորին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 5, 2009 18:31

Բարաք ՕբամաԱդրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ`ամերիկաբնակ ադբեջանական ու թուրքական կազմակերպություններն ամերիկյան հրեական լոբբիի հետ համատեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դիմում-նամակ են ուղարկել`Հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

Լրատվամիջոցներից և ոչ մեկը չի նշել նամակագիր կազմակերպությունների անունները:

Նամակում հիշեցնելով նախորդ ամառ Ռուսաստանի և Վրաստանի միջև տեղի ունեցած պատերազմը` կազմակերպությունները հղում են արել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերին`գրելով, թե պետք է «ազատագրվեն օկուպացված տարածքները` հիմնվելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վրա»:

Նամակն ավարտվում է ակնհայտ սադրանքով ու սուտ ինֆորմացիայով, թե «հայերը մեկուսացրել են իրենց տարածաշրջանի նախագծերից` վարելով օկուպացված քաղաքականություն, ինչի հետևանքով էլ հայերի մեծամասնությունը լքում է երկիրը վատ սոցիալական պայմաններից դրդված»:

Ամերիկայի հայկական համագումարի Երևանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն այս իրադարձության կապակցությամբ ասաց, որ ինքը վստահ է` ԱՄՆ նախագահը տեղյակ է հակամարտության վերաբերյալ բոլոր փաստերին և կհասկանա նամակի բովանդակության չափազանցությունը:

«Պետք չէ վստահել այդ կազմակերպություններին և առավել ևս լրատվամիջոցներին թեկուզ միայն նրա համար, որ հրեական կազմակերպության անունը չեն հիշատակել»,- «Անկախ»-ին ասաց  Վարդանյանը:

Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով` նամակը Ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա ոչ մի կերպ չի ազդի, քանի որ Մինսկի խումբը պարբերաբար հիշեցնում է, որ խնդիրը պիտի լուծվի եռանախագահության համատեքստում:

«ԼՂ հակամարտությունը միջէթնիկական կոնֆլիկտ է, որն ունի իր կարգավորման չափանիշերը, և ոչ մի էմոցիա չի կարող ազդել նախագահի վրա,-ասում է Գասպարյանը,- Իսկ ԱՄՆ-ի թուրք-ադրբեջանական համայնքը սրանով փորձում է հակակշռել այնտեղի մեր հայկական լոբբիստների աշխատանքը»:

Քաղաքագետի մեկնաբանությամբ` հրեական լոբբիստական կազմակերպությունները չեն կենտրոնանում հակամարտության խնդրի վրա, և դրա վառ ապացույցը Բաքվում Իսրայելի նորանշանակ դեսպանի երեկվա արած հայտարարությունն է, որ ինքը չի ուզում խառնվել ԼՂ  հակամարտության կարգավորման խնդրին:

Ինչ վերաբերում է միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրի շահարկմանը, Գասպարյանն ասում է, որ Ադրբեջանն այս հարցում անմիջապես տանուլ կտա, քանի որ չկա ոչ մի իրավական փաստաթուղթ, որտեղ նշված կլինի, թե Ղարաբաղը երբևէ եղել է Ադրբեջանի տարածքում:

Դիտվել է 1244 անգամ:
Print Friendly

Leave a Reply