Վաղը տեղի կունենա «Կին քաղաքական գործիչներից կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 15, 2011 12:26

Վաղը` փետրվարի 16-ին ԵՊՀ գրադարանի նախասրահում  տեղի կունեն «Կին քաղաքական գործիչներից կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսը: Արարողությանը ելույթվ հանդես կգան  Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Թեպետ կանայք կազմում են մեր հասարակության 50 տոկոսից ավելին, քաղաքական դաշտում նրանց ներկայացվածությունը շարունակում է ցածր մնալ: Ազգային ժողովի 131 պատգամավորներից 11-ն է կին, իսկ 18 նախարարներից` միայն երկուսը: 2009 թվականի տվյալներով` 65 փոխնախարարներից ընդամենը երեքն էին կին, 21 փոխմարզպետներից` մեկը, 10 մարզպետարանների աշխատակազմի ղեկավարներից` երկուսը:

2005 թվականին պատրաստված «Հազարամյակի զարգացման նպատակների տեղայնացումը և առաջընթացը» ազգային զեկույցի համաձայն, ՀՀ պարտավորվել է մինչև 2015 թվականը ավելացնել կանանց տեսակարար կշիռը Ազգային ժողովի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, մարզպետների ընդհանուր թվում` դարձնելով այն 25 տոկոսից ավելի:

Քաղաքական դաշտում կանանց ներգրավվածությունը կարևորելու և ընդլայնելու նպատակով Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ 2008 թվականին նախաձեռնեց Wo/Men in Politics երկամյա ծրագիրը: Հինգ խորհրդարանական և հինգ արտախորհրդարանական կուսակցությունների 20 կին ներկայացուցիչ մասնակցեցին հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների և մի շարք փորձի փոխանակման ծրագրերի արտերկրում: Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի խորհրդարաններ այցելության ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացան Միացյալ Թագավորության կառավարման համակարգին, հավասար հնարավորությունների քաղաքականությանը և ուսումնասիրեցին գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերը:

Wo/Men in Politics ծրագրի արդյունքում Հայաստանում որոշվեց ձևավորել Կանանց հարցերով խորհրդակցական խումբ: Այս խմբի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի Ազգային ժողովում տարածել հավասար հնարավորությունների քաղաքականությունը և ապահովել կնոջ ակտիվությունը խորհրդարանում:

Ծրագրի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ամփոփելու և իրենց գործընկերներին փոխանցելու նպատակով Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան և ծրագրի մասնակից հայաստանյան կուսակցությունների կին ներկայացուցիչները կազմեցին «Կին քաղաքական գործիչներից կին քաղաքական գործիչներին» ձեռնարկը:  Ուսումնական ձեռնարկն ուղղված է քաղաքականության ասպարեզում սկսնակ կին գործիչների հմտությունների բարձրացմանը: Գրքում զետեղված տեղեկատվությունն ու խորհուրդները ներառում են Մեծ Բրիտանիայի և Հայաստանի փորձը:

Բրիտանական խորհուրդը ձեռնարկը տրամադրելու է հանրապետության համալսարաններին և գրադարաններին:

Դիտվել է 929 անգամ:
Print Friendly

Leave a Reply