Առաջին և մյուս հանգրվանները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 14, 2011 19:26

Աշխարհաքաղաքական նոր դասավորումներու լույսին տակ հայության և Հայաստանին հետ առնչվող իրադարձությունները կպատրավորեցնեն վերասահմանել Հայ Դատ հղացքը։ Արդարև, Հայ Դատը միայն Ցեղասպանության ճանաչումի հարց չէ. միայն Արևմտահայաստանի պահանջատիրություն չէ, միայն ջավախահայության իրավունքները պաշտպանելու հրամայականը չէ, ոչ ալ սոսկ ԼՂՀի անկախության միջազգայնացումն է։ Հայ Դատը այս բոլորին ամբողջությունն է։ Եվ ոչ միայն այս բոլորին։

Հեռանկարային այս առաջադրանքներուն առընթեր կան անմիջականորեն Հայ Դատին հետ առնչված մարտահրավերներ` կապված սերտորեն ժամանակակից պայմաններու պարտադրած օրինաչափություններուն և մանավանդ հակառակորդի թելադրած խաղի կանոնները լավապես ուսումնասիրելու անոնց ընդառաջ մարտավարություն ճշտելու կամ հաճախ ալ այդ կանոնները խախտելու և մե՛ր տարբերակները պարտադրելու անհրաժեշտության։

Հասարակական կազմակերպություներուն և առհասարակ հայ քաղաքական մտածողության առջև սուր կերպով դրվող ներկա մարտահրավեր է անկասկած Միացյալ Նահանգներու քաղաքական շրջանակներուն մեջ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը պահանջելու քարոզչաքաղաքական աշխատանքի ծավալումը։ Այստեղ, ի տարբերություն Ցեղասպանության ճանաչման պայքարին, որուն նկատմամբ հակասական են Միացյալ Նահանգներու և հայության շահերը, կարելի է նկատել շահերու համատեղելիություն։ Երբ մանավանդ  մտածենք, թե Իրանը մեկուսացնելու իր արտաքին քաղաքականության մեջ Միացյալ Նահանգներ այլընտրանքային ուղիներ կ՛ուզեն հարթել տարածաշրջանին մեջ: Եվ այս պարագային փակ սահմանը Թուրքիայեն դեպի Հայաստան չի նպաաստեր այլընտրանքային ուղիներու հարթեցման քաղաքականության։

Ջավախահայության բարդ իրավիճակի ծանոթացումը եվրոպական քաղաքական միջավայրերու մեջ մեր այսօրվան մարտահրավերային օրակարգի այլ կետերեն  է անկասկած։ Աշխատանք տանիլ քաղաքական ա՛յն միջավայրին մեջ, ուր ձևավորված են ազգային փոքրամասնություններու կամ առհասարակ մարդու  իրավունքներու պաշտպանության ընդհանուր կանոններ։ Այստեղ է, որ քաղաքական առավելներ շահելու հայկական կազմակերպություններու աշխատանքը կրնա որոշ ենթահող պատրաստել մանավանդ, երբ հարցերը կ՛արծարծվին եվրոպական չափանիշերով, եվրոպական քաղաքական շրջանակներու ճշտած օրինաչափություններու նկատառումներով։

Այլ անմիջական մարտահրավեր է թրքական գործոնի միջին արևելյան շրջանին մեջ գերաշխուժացումին դեմ հանդիման աշխատիլը։ Նոր գործադաշտ է, նոր պայմաններ են։ Միջին Արևելքի հայ ուսանողությունն ու երիտասարդությունը թուրք-ազրբեջանական միացյալ մեքենականություններուն դեմ օրը օրին հետևելու, հակազդելու և նախաձեռնողականություն ցույց տալու խնդիր ունի շատ անմիջականորեն։ Մեզի բարեկամ երկիրներու մեջ օր ցերեկով անուղղակիորեն ամենեն հակահայ աշխատանքները կտարուին թե՛ քաղաքական և թե՛ տեղեկատվական մակարդակներու վրայ. տակավին՝ պահ մը զանց առնելով իսլամական վեհաժողովներու ընդհանուր պարունակները։

Հայ Դատի նորօրյա մարտահրավերային օրակարգերուն մաս կը կազմե Հայաստանի Հանրապետության հզորացումը։ Այս մեծ վերնագրին տակ կ՛իյնան քաղաքացիական առողջ հասարակարգի ստեղծումը, կենսոլորտի բարելավումը, փտածության դեմ պայքարը, երիտասարդական բազմաթիվ խնդիրները, մեր երկրի ժողովրդավարացումը, ընտրական համակարգի առողջացումը, ընկերային ու տնտեսական հսկայածավալ խնդիրները, իրավական պետության կայացումը։ Այս բոլորին համար նաև՝ Հայաստան-Սփյուռք ուսանողական-երիտասարդական մակարդակներու վրա ճիշտ ճանաչողությունը, փոխադարձ գործուղումները, երկխոսությունը, համատեղ քննարկումները։

Այսօրվան օրակարգային խնդիրներուն մաս կկազմե նաև Սփյուռքի կազմակերպումը։ Նոր Սփյուռքի հետ կապերու հասատատումը, նոր-դասական սփյուռքներու համագործակցության դաշտի ձևավորումը, իր արմատներուն վերադարձող հայության նոր զանգվածներու դրսևորումներու ընկալումի եղանակը և այս բոլորին նկատառումով ստեղծվուղ նոր իրականություններուն հետ հաշվի նստիլը։

Մարտահրավերներու թղթածրարը ստվար է։ Այսօրվան իրականությունը կը պարտադրե Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության համար նոր աշխատելաոճ ապահովող ժամանակակից կանոնակարգումներ։ Երկպալատ Ազգային ժողովի մտահղացումը այդ անհրաժեշտության արդյունք է։

Նոր մարտահրավերները ենթաաշխատանքային կետեր կներառեն անկասկած։ Արցախեն Ջավախք, Սփյուռքեն Արևմտահայաստան և աշխարհագրական այլ տարածքներ նոր մարտահրավերները կը հուշեն հայության ներքին ճանապարհային քարտեզի մը անհրաժեշտությունը։ Այդ ճանապարհի առաջին կարևոր հանգրվանը այսօրվան Հայաստանի Հանրապետության հզորացումն է։   Մյուս հանգրվաններու իրականացման համար առաջին հանգրվանը նախապայման է։

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1682 անգամ:
Print Friendly

Leave a Reply