Օմանի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | February 14, 2011 16:22

Փետրվարի 14-ին Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Օմանի դեսպան Մուհամադ բին Աուադ Ալ-Հոսանին (Mouhammad bin Awad al-Hosan, նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան Հայաստանում դեսպան նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ դեսպան բին Աուադ Ալ-Հոսանին իր նշանակալի ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ ջերմությամբ նշեց, որ ինքը եղել է առաջին հայ բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելել է Օման որպես Հայաստանի Նախագահի հատուկ ներկայացուցիչ դեռեւս 1993-ին:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, Օմանի դեսպանը վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության ամրապնդման համար:

Անդրադառնալով արաբական պետությունների հետ Հայաստանի ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերություններին, Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց դրանց առավել զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը: Այդ ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ միայն անցյալ տարի արաբական երկրներում Հայաստանը երկու դիվանագիտական ներկայացուցչություն է հիմնել:

Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու պետությունների համագործակցության հարցին, մտքեր փոխանակեցին մերձավորարեւելյան խնդիրների շուրջ:

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply