Հաղթանակ Թուրքիայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 14, 2011 14:32
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը խնդիրներ ունի, և մարզիչները փորձում են մարտունակ թիմ ստեղծել: Ընդ որում, դրսից հրավիրվել են մի շարք ըմբիշներ: Այս մրցաձևի մեր երկրի ներկյացուցիչները այս տարվա միջազգային առաջին ստուգատեսն անցկացրին Թուրքիայում: Նրանք հանդես եկան Ստամբուլում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարրտի «Գրան պրի» մրցաշարի փուլում: Հայաստանի դրոշի ներքո մրցելույթներ ունեցող Մուսա Մուրթազալիևը 75 կգ քաշայինների պայքարում, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Ի դեպ, նա եզրափակչում առավելության հասավ իր նախկին թիմակից, ռուսաստանցի Ռուսլան Վալիևի նկատմամբ: Հաղթող դարձած Մուրթազալիևը որպես պարգև ստացավ 2 հազար դոլար: Առաջինը մոտ էր ճանաչվելու նաև մեր հավաքականի մեկ այլ լեգեոնական`120 կգ քաշային Ռուսլան Բասիևը: Բայց եզրափակչում զիջելով թուրք Ֆաթիհ Չարիչօղլուն, նա բավարարվեց երկրորդ տեղով: Իսկ ահա, 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը նույնպես հաջող սկսեց ելույթները և հաղթելով մրցակիցներին հասավ կիսաեզրափակիչ: Սակայն այս փուլում նա պարտվեց մրցումների ապագա հաղթողին` Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլիին և տիրացավ բրոնզե մեդալի: Մեր երկրի մյուս մասնակիցներնը,անհաջողության մատնվելով նախնական փուլի գոտեմարտերում, դուրս մնացին պայքարից: Մրցաշարին մասնակցում էին 22 երկրների 343 ըմբիշներ:






Facebook
Tweet This
Email This Post
