Գրան պրի Ջերմուկում. Հայաստան այցելած շախմատային աստղերին շախմատասերները չեն տեսնի
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | August 5, 2009 12:14
Օգոստոսի 8-23-ը Ջերմուկում կանցկացվի շախմատի «Գրան պրի» մրցաշար` նվիրված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին: Հունիսի 17-ին լրացավ նրա հոբելյանը, սակայն Երևանում այս տարի այդ կապակցությամբ շախմատային ոչ մի նշանակալի միջոցառում չկազմակերպվեց և չի էլ նախատեսվում այդ անել:
Նախապես որոշված էր, որ «Գրան պրին» պետք է կայանա Երևանում: Սակայն ամիսներ առաջ, չգիտես ինչու, այս ծրագիրը վերանայվեց: Արդյունքում որոշվեց, որ մրցաշարը պետք է անցկացվի Ջերմուկում, որտեղ վերջին տարիներին ապարդյուն փորձեր են արվում մեծահասակների և պատանիների միջազգային մրցաշարեր կազմակերպելու համար, իսկ արդյունքում խայտառակվում է երկիրը, քանի որ արտասահմանյան երկրներից արձագանքողներ գրեթե չեն լինում, բնականաբար, դրանց մակարդակն էլ ցածր է լինում:
Իսկ այս անգամ բոլորովին այլ իրավիճակ է: Ուզած, թե չուզած մեր երկիր են գալու ականավոր շախմատիստներ: Բացի Լևոն Արոնյանից (շախմատային վարկանիշը` 2768), Վլադիմիր Հակոբյանից (2712)` «Գրան պրիում» խաղալու են անհատական բարձր գործակիցներ ունեցող գրոսմայստերներ` ռուսաստանցիներ Դմիտրի Յակովենկոն (2760), Եվգենի Ալեքսեևը (2714), Էռնեստո Ինարկիևը (2675), ուկրաինացիներ Սերգեյ Կարյակինը (2717),Պավել Էլյանովը (2716), Վասիլի Իվանչուկը (2703), հունգարացի Պետեր Լեկոն (2756), իսրայելցի Բորիս Գելֆանդը (2755), ֆրանսիացի Էթյեն Բաքրոն (2721), ամերիկացի Գատա Կամսկին (2717), բուլղարացի Իվան Չեպարինովը (2678), ուզբեկստանցի Ռուստամ Կասիմջանովը (2672):
Արդարացում չունի մրցաշարը Ջերմուկում անցկացնելով` մարզասերներին զրկել կենդանի շախմատ և աստղերին տեսնելու հնարավորությունից:
Երբ Երկաթյա Տիգրանն աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտեր էր անցկացնում, Երևանի օպերայի և բալետի թատրոնի հրապարակում ավելի շատ մարդ էր հավաքվում նրա պարտիաներին հետևելու համար, քան երբ մեր օրերում տարբեր կազմակերպություններ նույն վայրում հանրահավաքներ էին անցկացնում:
Կարելի է ասել, որ մարդիկ հնարավորություն չեն ունենալու հանրածանոթ այդ գրոսմայստերների, այդ թվում նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստների խաղին անմիջականորեն, մոտիկից հետևելու: Եվ ահա, սկսած խաղասեղաններից, աստղերն էլ ներառյալ, տեղափոխվել են Ջերմուկ և այնտեղ արհեստականորեն շախմատային մթնոլորտ է ստեղծվել, ասես քաղաքը դարձել է Նյու Վասյուկի:
Ջերմուկում անցկացնելու պատճառաբանությունն այն է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում դա ձեռնտու է կազմակերպիչներին: Սակայն հաշվարկում չկա, թե միջազգային մրցաշարը ֆինանսապես ձեռնտու է Երևանո՞ւմ, թե՞ Ջերմուկում անցկացնելը: Չկա համապատասխան ուսումնասիրություն` բիզնես պլան: Այնպես որ, չի բացառվում, որ Ջերմուկում մրցաշարի կազմակերպումն ավելի թանկ արժենա, քան Երևանում:
Շախմատի միջազգային ֆեդերացիայի կայքում ներկայումս էլ շարունակում է նշված մնալ, որ «Գրան պրի» մրցաշարն անցկացվելու է Երևանում, և արտասահմանցիները գիտեն, որ այդպես էլ արվելու է: Հայտնի չէ, թե մասնակիցներն իրենք տեղյա՞կ են, որ խաղալու են ծովի մակերևույթից 2600 մ բարձրության վրա: Հնարավոր է, որ նրանք այդ մասին չգիտեն: Ընդ որում, հայտնի չէ, թե այդպիսի մթնոլարտն ինչպիսի ազդեցություն կարող է ունեալ շախմատիստների վրա: Բանն այն է, որ այս մարզաձևը մտքի լարում է պահանջում, և ուղեղը ծանրաբեռնվում է: Ջերմուկյան պայմաններում հնարավոր է, որ շախմատիստներն առողջական խնդիրներ ունենան և չկարողանան լավ արդյունքներ ցույց տալ:
Շախմատի ՀՀ ֆեդերացիան սկզբում ցանկանում էր Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ առանձին մրցաշար կազմակերպել Երևանում, սակայն հետագայում որոշվեց այդ միջոցառման համար նախատեսված բոլոր ֆինանսները նպատակաուղղել «Գրան պրիի» անցկացմանը և այն նվիրել այդ հոբելյանին: Դա թույլատրելի է, քանի որ «Գրան պրի» անվանումը մրցաշարի կարգավիճակն է, և այն կարելի է ցանկացած անունով կոչել:
Մասնավորապես, 2008-ի մայիսին Բաքվում կազմակերպված շախմատի «Գրան պրի» մրցաշարը նվիրված էր Հեյդար Ալիևի հիշատակին: Ինչևէ, «Գրան պրին» անցկացնելու համար մեծ ծախսեր են պահանջվելու` 350-450 հազար եվրո: Պարգևատրման հիմնադրամը բաժանված է երկու մասի: Մի մասն անմիջապես բաշխվելու է 1-14-րդ տեղերը գրավողների միջև, մյուս կեսն էլ պետք է ուղարկվի ՖԻԴԵ-ի գանձարկղ, որպեսզի վճարում կատարվի բոլոր մրցաշարերի ընդհանուր արդյունքների ամփոփումից հետո: Ամեն շախմատիստ հնարավորություն ունի մասնակցելու «Գրան պրի» 4 մրցաշարի, սակայն հաշվի են առնվելու միայն դրանցից 3-ի լավագույն արդյունքները:
Այս մրցաշարի պարգևատրման համար առանձնացվելու է 216 հազար եվրո: Միայն հաղթողը կստանա 30 հազար եվրո:
Այսպիսի մեծ ծախսեր կատարելուց հետո Հայաստանի շախմատասերներն այս մրցաշարի ընթացքին կարող են հետևել միայն հեռուստացույցով կամ ինտերնետով: Ջերմուկում հանդիպումներն անցկացվելու են փակ սրահում` առանց հանդիսականների: Միայն շինությունում հեռուստախցիկներ են տեղադրվելու պարտիաները ցուցադրելու համար: Փաստորեն ոչ մի նշանակություն չունի «Գրան պրին» Հայաստանում է անցկացվում, թե որևէ այլ երկրում: Մինչդեռ, եթե մրցաշարը Երևանում անցկացվեր, ընդարձակ դահլիճում, ապա այն հատկապես օգտակար կլիներ մեր պատանի շախմատիստների համար: Նրանք դահլիճում կլինեին, կմասնակցեին պարտիաների քննարկումներին, կշփվեին անվանի գրոսմայստերների հետ:
Իսկ Հայաստանի լրատվամիջոցները հնարավորություն չեն ունենա լուսաբանել հիրավի պատմական այդ իրադարձությունը, քանի որ ի վիճակի չեն լինի թանկ քաղաք համարվող Ջերմուկ մեկնել մի քանի օրով:
Հարցեր են առաջանում` այդ դեպքում ո՞ւմ համար է կազմակերպվում այս ամենը, ինչո՞ւ են անտեղի այսպիսի փողեր վատնվում:






Facebook
Tweet This
Email This Post
