Բրալյան գրքեր ու ամսագրեր` տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 14, 2011 13:02
Հանրապետության տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար կհրատարակվեն բրալյան գրքեր, ամսագրեր տետրեր, ինչպես նաեւ ձեռք կբերվեն գրքերի ձայնագրություններ: Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Ուշ տարիքում տեսողությունը կորցրած հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով գրքերի պատրաստում» եւ «Խոսող գրքերի» ձայնագրության ծառայությունների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի եւ հավասար հնարավորությունների ապահովման բաժնի պետ Կարմեն Պետրոսյանը, ծրագրի իրականացումը կնպաստի տեսողության խնդիրներ ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելու, նրանց ուսուցման եւ աշխատանքի համար մատչելի պայմաններ ապահովելու գործին: Աշխատանքներն իրականացնում է «Կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը, որն էլ գրքերը, ամսագրերը, ձայնագրությունները տրամադրում է իր տարածքային կենտրոնների գրադարաններին: «Կույրերի միավորում»-ը տարածքային կենտրոններ ունի Երեւանում, Էջմիածնում, Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում, Աշտարակում, Սեւանում, Կապանում:
Այս տարի, նախնական տվյալներով, նախատեսվում է հրատարակել 12 անուն բրալյան գիրք, 10 անուն «խոսող գիրք», հազար տետր եւ մի շարք ամսագրեր: Ամսագրերը, գրադարաններից բացի, տրամադրվում են նաեւ անհատ բաժանորդներին: Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից այս տարի հատկացվել է շուրջ 10 մլն դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
