Տյառնընդառաջը միայն Հայաստանում են տոնում խարույկի միջոցով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ | | February 13, 2011 23:21

Այսօր «Արարատ հոլ» ռեստորանում նշվեց Տյառնընդառաջի տոնակատարությունը` կրակավառության արարողությամբ, ազգային երգուպարով, ավանդական ուտեստներով ու ձևավորմամբ:

Նախաձեռնությունը «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությանն էր:

Ինչպես նշեց կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար Սեդրակ Մամուլյանը, միջոցառման գլխավոր նպատակը տոնակատարությունն ըստ ավանդույթի նշելն ու մարդկանց ազգային ավանդույթների շուրջ համախմբելն է.

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցներից մեկի խոսաով, այս տոնը նշվում է նաև Եվրոպայում, սակայն կոչվում է Մոմերի օր: Ըստ նրա, հայերը միակն են, որ այս տոնը տոնում են խարույկի միջոցով.

«Տյառնընդառաջի խարույկը չպետք է հանգցնել, այլ պետք է թողնել, որ ինքնիրեն հանգչի,-ասաց նա` խորհուրդ տալով կրակի միջից մի կտոր ածուխ տանել տուն, որը հաջողություն ու պտղաբերություն կբերի ձեր օջախին:

Ըստ ազգագրագետների, Տյառնընդառաջը նաև գարնան զարթոնքն է խորհրդանշում. «Մեծ գոլն ընկավ» ասացվածքը հենց այդ իմաստն ունի:

«Կարին» համույթի ղեկավար, ազգագրագետ Գագիկ Գինոսյանը նշեց, որ հնում Տյառնընդառաջին անպայման Գյովընդ (առաջացել է գունդ բառից) են պարել, որը համայնքային շուրջպար է.

«Պարը ոչ միայն ուրախության, այլ նաև կազդուրիչ, ոգեշնչող իմաստ ունի,-ասաց նա,-եթե մենք ուզում ենք հարատևել, հզորանալ և լինել կայացած ազգ, պետք է մեր դեմքը թեքենք դեպի մեր ազգային-ավանդական մշակույթը»:

Ինչ վերաբերում է Հայկական խոհանոցին, ապա այն  ներդաշնակ ու համապատասխան է հայկական օրգանական կառուցվածքի հետ.

«Կարելի է մի օր չինական ուտեստ ուտել, մի օր աֆրիկյան, բայց ի վերջո հիմնական կերակուրը կապված է հայկական լեռնաշխարհի և հայկական բնաշխարհի հետ, և բազմաթիվ հիվանդությունների տարածման պատճառներից մեկն էլ ազգային խոհանոցից հեռանալն է»,-կարծում է Գինոսյանը:

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, որ նույնպես հրավիրված էր միջոցառմանը, կարևորեց մոռացված ավանդույթների վերականգնումն ու պահպանումը` նշելով, որ դրանով Հայաստանը ոչ միայն հայտնի է դառնում աշխարհին, այլ գրավիչ` զբոսաշրջության համար:

Ի դեպ, նա միակ պաշտոնյան էր, որ ներկա էր միջոցառմանը, չնայած որ հրավեր ուղարկվել էր շատերին:

Դիտվել է 2053 անգամ:
Print Friendly

Leave a Reply