Կահիրեի թանգարանից գողացել են Թութանհամոնի երկու արձան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 13, 2011 19:55

Ինչից վախենում էին բոլոր եգիպտագետները, տեղի ունեցավ: Եգիպտոսի հնությունների բարձրագույն խորհրդի ղեկավար Զահի Հավասը  շաբաթ` փետրվարի 12-ին, հաստատեց գիտնականների մտավախությունները` հրապարակելով  վերջին անկարգությունների ընթացքում Կահիրեի թանգարանից գողացված և վնասված ցուցանմուշների ցուցակը: Հունվարի 29-ի գիշերը հին եգիպտական արվեստի ամենխոշոր թանգարանն աշխարհում ենթարկվեց  թալանչիների հարձակմանը:

Ըստ Հավասի` ընդհանուր հաշվով գողացել են 18 ցուցանմուշ, ի թիվս որոնց` Թութանհամոն

փարավոնի երկու փայտե արձան: Ընդ որում, չարագործները վերցրել են դրանցից մեկի միայն վերին մասը` պոկելով այն հիմքից: Կորել է նաև Մենհերեթ աստվածուհու փայտե ոսկեզօծ արձանը:  Այդ արվեստի հուշարձաններից շատերը գտնվել էին  1920-ական թթ. Թութանհամոնի դամբարանում:

 
 
 

Բացի այդ, կողոպտիչները վնասել են մոտ 70 ցուցանմուշ: Դրանց թվում են հուշարձաններ, որոնք պատկանում են Էհնաթոն փարավոնի և նրա կնոջ` Նեֆերտիի դարաշրջանին: Դրանցով հիմա զբաղվում են վերականգնողները:

Կիրակի` փետրվարի 13-ին, հայտնի դարձավ, որ Եգիպտոսի իրավապահ մարմիններն արդեն բռնել են և հարցաքննում են Կահիրեի թանգարանի ցուցանմուշների գողության կասկածյալներին:

Հիշեցնենք, որ Կահիրեի թանգարան կողոպտիչների ներխուժումից հետո, երբ թանգարանը պահպանում էին զինված ուժերը, կարողացավ գող ներթափանցել: Կողոպտիչը  շենք մտավ ապակե տանիքից` պարանով վայր իջնելով:

Հին փայտե արձանները և մումիաները, որոնք գողը, ըստ երևույթին անպետք հնոտի է համարել, շպրտել է դեսուդեն հատակին` ամենայն հավանականությամբ ոսկի փնտրելով: Թանգարանում ոսկու սալիկներ չգտնելով` գողը վերցրել է էժանագին հուշանվերներ թանգարանի տարածքում գտնվող խանութից, թալանել է գանձարկղը և հեռացել:

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply