Հեղափոխության հնարավորությունը Եմենում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 13, 2011 18:37

Թունիսում Բեն Ալիի և Եգիպտոսում Մուբարաքի տապալումը ցույց տվեցին, որ ոչ մի ռեժիմ այլևս ապահով չէ:

Եմենը, Ալժիրը, Սաուդիան Արաբիան, Հորդանանը, Լիբիան, Բահրեյնը, նաև Իսրայելի կողմից “օկուպացված” տարածքներն ու նույնիսկ Իրանն այն թեժ կետերից են, որտեղ ներկայումս հեղափոխության բռնկման շանսեր կան:

Այս երկրներում տիրում է ավտորիտար-տոտալիտար-ոստիկանական ռեժիմ, և բնակչությունը հիմնականում աղքատ է ու չունի իրավունքների ու ազատությունների ապահովման բավարար պայմաններ:

Եթե հեղափոխության բռնկման գլխավոր հիմքն ենք համարում սոցիալականը, ապա Եմենն այս դեպքում ամենախոցելին է Եգիպտոսից հետո:

Աղքատությունը Եմենում ահռելի չափերի է հասնում. այն արաբական աշխարհի ամենաաղքատ երկիրն է. ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի` 24 մլն բնակչության 45 տոկոսն ապրում է օրական 2 դոլար եկամտով:

35 տոկոս գործազրկություն, կրճատվող բնական ռեսուրսներ և երիտասարդ բնակչություն (45 տոկոսը 15 տարեկանից ցածր է), որի պահանջներն ուղիղ համեմատական են իր աճին:

Գործազրկության տոկոսներն, ըստ որոշ հետազոտությունների, առաջիկա 20 տարում, կկրկնապատկվեն:

Եմենն, ի տարբերություն մյուս մերձավորարևելայն երկրների, ունի շատ քիչ նավթ, իսկ տնտեսությունը հենվում է միայն այդ քիչ քանակի նավթի վրա. մի շարք վերլուծություններ ցույց են տալիս, որ նավթային ռեսուրսներն էլ կսպառվեն մինչև 2017 թ.: Եղած նավթից ստացված եկամուտներն էլ գնում են նախագահի ու նրա մերձավորների գրպանները` Եմենում ստեղծելով կլեպտոկրատիկ-օլիգարխիկ համակարգ:

Մահացության ու հիվանդությունների տոկոսներն ահռելի թվերի են հասնում: 2004 թ. տվյալներով` 10 հազար մարդու հասնում էր 3 բժիշկ, իսկ 2005 թ. տվյալներով 10 հազար մարդու` 6.1 հիվանդանոցային մահճակալ:

Առողջապահական ծառայություններն աղքատ շրջաններում սահմանափակված են. այդ շրջանների միայն 25 տոկոսն է ապահովված առողջապահական ծառայություններով` համեմատած ուրբանիզացված շրջանների 80 տոկոս թվի հետ: Սա, բնականաբար հանգեցնում է (հատկապես երեխաների) մահացության թվի աճի:

Սոցիալական վերը նկարագրված իրավիճակը “բարենպաստ հող” է պատրաստել արմատական իսլամի զարգացման համար. հարկ է նշել, որ 2002 թ. ի վեր ավելի քան 100 եմենցի է բանտարկվել Գուանտանամոյի բանտում` ահաբեկչություններին մասնակից լինելու մեղադրանքով:

Սոցիալական այս ճգնաժամն էր, որ ոտքի հանեց եմենցիներին` նախագահ Ալի Աբդուլլահ Սալիհի ռեժիմը տապալելու նպատակով:

Հունվարի կեսերից սկսված ցույցերը մայրաքաղաք Սանայում պահանջում էին Սալիհի հրաժարականը և դատապարտում որդուն իշխանությունը փոխանցելու նրա մտադրությունը: Բողոքի ալիքին ի պատասխան, Սալիհը խոստացավ, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո չի ձգտի դրա երկարաձգմանը:
1978 թ. ի վեր Սալիհն է ղեկավարում Եմենում. 30-ամյա կառավարման ժամկետը լրանում է 2013 թ.:
Նա նաև հայտարարեց, որ չի փոխանցի իշխանությունը ավագ որդի Ահմեդ Սալիհին, ով ղեկավարում է Հանրապետական պաշտպանը` Եմենի բանակի էլիտար զորամիավորումը:

Սալիհը նաև մի շարք տնտեսական զիջումների գնաց, դիցուք եկամտահարկի կրճատումը և կառավարական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը:

Այս քայլերով, փաստորեն, Սալիհը, փորձեց խաղաղեցնել ցուցարարներին: Սակայն, Յեմենի ամենամեծ ընդդիմությունը համարվող ալ-Իսլահ (Ռեֆորմ) կրոնական կուսակցության փոխքարտուղար Մոհամմեդ ալ-Սաադին հայտարարեց, որ Սալիհի կողմից զիջումները դրական են, բայց այնուամենայնիվ, ընդդիմությունը կշարունակի ցույցերը, ինչպես որ պլանավորել էր:

“Մենք այդ նախաձեռնությունները դրական ենք գնահատում, բայց սպասում ենք հաջորդ քայլերին”,-հայտարարել էր ալ-Սաադին:

Լարվածությունը Եմենում սկսվեց այն բանից հետո, երբ  խորհրդարանն ուժի մեջ դրեց սահմանադրության մեջ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը, որը, եթե ընդունվեր, Սալիհին հնարավորություն կտար մնալ գահին ցմահ:

Շաբաթ օրը` Մուբարաքի հեռանալուց մեկ օր անց, ինչպես Ալժիրում, այնպես էլ Յեմենում, տեղի ունեցան ցույցեր. դրանք սկսվեցին մի քանի հարյուր ուսանողների հակակառավարական ցույցով դեպի Եգիպտոսի դեսպանատուն. թիվը գնալով ստվարացավ. նրանք գոչում էին. “Մուբարաքից հետո, Ալիի հերթն է”:

Ինչպես հաղորդում է Human Rights Watch-ը, շուրջ 10 մարդ է ձերբակալվել ուրբաթ  երեկոյան Սանայում Մուբարաքի հրաժարականը տոնող հակակառավարական ցույցերի ժամանակ:

Մարդու իրավունքների պաշտպան Խալեդ Ալ-Անեսին CNN-ին հաղորդել է, որ “անվտանգության ուժերը քաղաքացիական համազգեստներով, եմենական ավանդական դանակներով ու մահակներով զինված հարձակվել են ցուցարար ամբոխի վրա”:

Կիրակի Եմենի մայրաքաղաք Սանայում ցույցերը.

Սակայն ամերիկացի լրագրող Լաուրա Քասինոֆը, ով Եմենում է, նշում է, որ հակակառավարական ցույցերը Սանայում շաբաթ օրն այդքան ուժեղ չէին և “բախումների մասին այդ հաղորդումները չափազանցված են”:

Այնուամենայնիվ, նշվում է, որ այստեղ բոլորը զինված են, և Թահրիրում պրո-Սալիհյան տղաներն իրենց ավտոմեքենաներում զենք են պահում. սա էլ ստիպում է Եմենի ընդդիմությանը դեռ հուժկու առճակատման չգնալ կառավարության դեմ, որովհետև հասկանում են, որ բռնության ալիքը Եմենում չափազանց արագ աճի միտում ունի:
Քաղաքացիական նոր բախումների ռիսկ կա, ինչպես, օրինակ` 1994 թ. քաղաքացիական պատերազմը:

Եմենում հեղափոխական իրավիճակը նաև հղի է ընդհանրապես Եմենի ազգային անվտանգության իրական սպառնալիքներով:

Բացի վերը նշված սոցիալական ճգնաժամից, ալ-Քաիդայի ծայրահեղականների հնարավոր գրոհները, հարավում անջատողական շարժումը (որի նպատակն է առանձնանալ և ստեղծել “Հարավային Արաբիա”) և զարգացող Շիա ապստամբները հյուսիսում, դամոկլյան սրերի պես կախված են Եմենի գլխին:

Խնդիրն այն է, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկչական հարձակումներից մի քանի օր անց նախագահ Սալիհը մեկնեց Վաշինգտոն և առաջարկեց Եմենի լրիվ աջակցությունը` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` “Ահաբեկչության դեմ պատերազմում”:

Ապա, 2000-ականներին դժգոհությունների ալիք բարձրացավ երկրում. “Ալ-Հոութի վերածննդի” շարժումը, որ սկսվեց 2004-ի հունիսին, դատապարտեց Սալիհի ռեժիմը` անվանելով այն “պրո-ամերիկյան և պրո-իսրայելական”: 3 ամիս տևած ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ տուժեցին. շարժումը հետո թուլացավ:

2007 թ. կեսերին կրկին սկսվեցին բողոքի ակցիաները, որոնցից մի քանիսն ուղղորդվեցին կառավարական ուժերի հետ արյունալի բախումներով. այս անգամ ցույցերը տևեցին մի քանի ամիս, հիմնականում Եմենի հարավային շրջաններում. դրանք կազմակերպվել էին վետերան ռազմական պաշտոնյաների կողմից, որոնք թերևս պատրվակ էին դարձրել թոշակների չափազանց ցածր լինելու հիմնախնդիրը: Սոցիալական ցասումը, սակայն, ներառեց քաղծառայողներին, իրավաբաններին, ուսուցիչներին, դասախոսներին և գործազուրկ երկիտասարդությանը:

“Վերածնունդը” հյուսիսում և բողոքի ակցիաները հարավում հարցականի տակ դրեցին Սալիհի ռեժիմի լեգիտիմությունը:

Ի լրումն այս ամենի, 2008 թ. սկզբին ալ-Քաիդայի կողմից մի շարք ռմբակոծումներ իրականացվեցին Սանայի դիվանագիտական թաղամասում, որոնցից ամենաողբերգականը սեպտեմբերի 17-ին ԱՄՆ դեսպանատան շքամուտքի մոտ իրականացված պայթյունն էր, ինչը հանգեցրեց 16 մարդու մահվան:

Դրան հաջորդեց 2009 թ. դեկտեմբերին ԱՄՆ-ի կողմից հրթիռային գրոհների իրականացումը Եմենում ալ-Քաիդայի 2 կասկածելի օջախների վրա:

Փաստորեն, Եմենի նախագահին հիմա “շախ կարող են հայտարարել” բոլոր կողմերից. հարավից ու հյուսիսից, ահաբեկիչների և սեփական ժողովրդի կողմից, իսկ Եգիպտոսից ու Թունիսից արդեն սկսվել են Եմենի ցուցարարներին աջակցության ապահովման ծրագրերը:

Սակայն, եթե ուղղորդվենք Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Google-ի մարքեթինգի ղեկավար Վաել Գհոնիմի թեզով, թե “հեղափոխությունը կարող է լինել Facebook-յան իրադարձություն, որը լինում liked, shared և tweeted”, Եմենում այս առումով խնդիրները կան:

Ինտենետ հասանելիությունը Եմենում ամենացածրն է Արաբական աշխարհում:
2010 թ. հունիսի տվյալներով` ինտերնետից օգտվողների թիվը 420 հազար է, որոնցից միայն 119 հազար 840-նն են, 2010 թ. օգոստոսի տվյալներով, Facebook-ում գրանցված, ի տարբերություն Եգիպտոսի 3 միլիոն 581 հազար 460-ի:
Բացի այդ, ինտերնետի արագությունը շատ ցածր է:

Եմենի կառավարությունը վերահսկում է ինտերնետը` զտելով` ինտերնետային ինչ բովանդակություն կարող է հասանելի լինել քաղաքացիներին: Թեև արգելափակված են միայն պոռնոգրաֆիկ կամ, օրինակ, թմրանյութերի հետ կապված կայքէջերը, միտում կա, որ կառավարությունը կարգելափակի քաղաքական բովանդակությամբ լրատվությունը նույնպես:

Ամեն դեպքում, Եմենում, ի տարբերություն Եգիպտոսի ու Թունիսի ու մնացած արաբական երկրների, որտեղ արդեն նկատելի են հեղափոխության հնարավոր բռնկումները, սոցիալական վիճակն ամենավատթարն է, ինչը միգուցե փոխլրացնի ինտերնետի բացը:

Բացի այդ, ի տարբերություն եգիպտական ու թունիսյան ցույցերին, որ թվում է` ունեին նվազ կենտրոնացված ղեկավարություն, ցույցերը Եմենում կազմակերպված են և ղեկավարվում են Եմենի ընդդիմության խմբերի կոալիցիայի կողմից:

Սալիհի իշխանությունը դեռևս փորձում է ուժի հակազդեցությամբ ու վախով ճնշել ցույցերը. ցուցարարները սկսել են քարեր նետել ոստիկանների վրա:
Սակայն սա դեռևս ընդդիմության ղեկավարության հարաբերական ակտիվության դրսևորումն է. ցանկացած պահի ցույցերը կարող են պայթել` աղետալի հետևանքների առաջ կանգնեցնելով Սալիհին ու Եմենին ընդհանրապես:

Ակնհայտ է, որ ցուցարարներին չեն գոհացրել Սալիհի կողմից արված զիջումները. նրանք չեն հավատում նախագահի խոստումներին. լավ հիշում են, որ Սալիհը 2006 թ. էլ էր նախագահ չընտրվելու մասին խոստում տվել, ինչը դրժել էր:

Սալիհին անհրաժեշտ կլինի ավելի արմատական ու համակարգային փոփոխություններ կատարել և ժամանակին կատարել:

Եթե նրան չհաջողվի այս շաբաթվա մեջ անհապաղ կոալիցիոն կառավարություն կազմել` նախարարներ նշանակելով ընդդիմության ներկայացուցիչներին, ապա ոչ միայն Սալիհը, այլև Եմենը կկանգնի աղետալի հետևանքների առջև:

Դիտվել է 2411 անգամ:
Print Friendly

Leave a Reply