Ագռավն ամուսնանում է սթրեսի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 12, 2011 19:35

Լեհ գիտնականները, որոնք աշխատում են Բելովեժյան անտառի կենսաբանական կայանում, կարողացել են լույս սփռել ագռավների ընտանեկան կյանքի վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում անելով Biology Letters ամսագրին:  Պարզվում է, որ այս թռչուններն ապաստան են գտնում ամուսնության մեջ` փախչելով հասարակական կյանքում ունեցած սթրեսներից:

Դոկտոր Նուրիա Սելվան իր գործընկերների հետ չափել է տարբեր տարիքի ու ընտանեկան կարգավիճակի թռչունների կորտիկոստերոնի (սթրեսի հորմոնի) մակարդակը: Պարզվել է, որ երիտասարդ ագռավների մոտ, որոնք ապրում են մեծ խմբերով, այն զգալիորեն ավելի բարձր է, քան այն տարեցների մոտ, որոնք արդեն գտել են իրենց զույգին և ապրում են “սեփական տնտեսությամբ”: Նման իրավիճակի պատճառը կարող է լինել երիտասարդների մրցակցությունը երամի մեջ. Դժվար չէ այստեղ տեսնել դպրոցների դասարաններում կամ երիտասարդական հավաքներում տիրող հարաբերությունների նմանությունը: Բացառված չէ, որ խմբային կյանքի նման  “պերճանքն” էլ, ի վերջո, դրդում է (ագռավներին, ոչ թե դպրոցականներին) ընտանիք ստեղծել: “Կարծում ենք, որ սթրեսի բարձր մակարդակը ստիպում է թռչուններին հեռանալ խմբից”,- ասում է դոկտոր Սելվան:

Այս բացահայտումը առավել քան զարմանալի է, քանի որ մինչ այս կենդանաբանները համարում էին, որ կյանքը խմբերում ավելի թեթև է: Իրոք, չէ որ մեծ խմբով ավելի հեշտ է և’ որս անել, և’ պաշտպանել տարածքը: Սակայն, ըստ ամենայնի, երիտասարդ ագռավների բարդ բնավորությունն այս առավելությունները առ ոչինչ է դարձնում:

Այսպիսով, ագռավները, որ խելոք թռչունների համբավ են վայելում, պարզվում է,  էապես պակաս սոցիալական  էակներ են, քան  ինտելեկտով չփայլող չղջիկները: Վերջիններս, ինչպես հաղորդեց հենց այսօր “Վոկրուգ սվետան”, շատ լավ գիտեն,  թե ինչ բան է ընկերությունը, և առավել ևս,  ունակ են այն պահպանելու երկար տարիներ:

«Вокруг Света»

Դիտվել է 1340 անգամ:
Print Friendly

Leave a Reply