«Պաշտպանե´ք մեզ մշակույթի նախարարի կամայականություններից»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 12, 2011 0:11

Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի փետրվարի 11-ի նիստում քննարկվեց Երևանի մշակույթի պետական քոլեջի և Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի միավորման հարցը:

Ջազային քոլեջի ողջ կոլեկտիվը դեմ է այդ որոշմանը և պահանջում է կառավարությանը՝ այն ետ վերցնել:

1979 թվականին ստեղծված քոլեջը, որը բազմաթիվ նշանավոր երաժիշտներ է տվել և Խորհրդային միությունում չորրորդ նման հաստատությունն էր, նախ զրկվել է իր սեփական շենքից՝ տեղափոխվելով Երևանի մշակույթի քոլեջի շենք: Այժմ էլ, կառավարության որոշման համաձայն, այն պետք է միավորվի Երևանի մշակույթի քոլեջին՝ կորցնելով նաև իր անվանումն ու կարգավիճակը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որ նույնպես ներկա էր քննարկմանը, փորձեց բացատրել, թե Ջազային քոլեջը չի միավորվում Մշակույթի քոլեջին, այլ տեղի է ունենում երկու քոլեջների լուծարման գործընթաց, որի արդյունքում ստեղծվում է մի նոր քոլեջ՝ Երևանի մշակութային քոլեջ անվանմամբ: Իսկ թե ինչու է ընտրվել հենց Երևանի մշակութային և ոչ թե Ջազային քոլեջ անվանումը, փոխնախարարը բացատրեց առաջինի՝ իմաստային ավելի լայն ընդգրկում ունենալու փաստով:

Սակայն փոխնախարարի բացատրությունը չընդունվեց, քանի որ կառավարության որոշման մեջ հստակ նշված է միայն Ջազային քոլեջի լուծարման մասին. «հրամանի՝ ուժի մեջ մտնելուց հետո 45 աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված կարգով պետք է ապահովվի Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի գործունեության դադարեցման պետական գրանցումը»:

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը իրավիճակը որակեց հետևյալ կերպ՝ մշակույթի նախարարն՝ ընդդեմ մշակույթի գործիչների.

«Սա ոչ թե կառավարության, այլ Մշակույթի նախարարի միանձնյա որոշումն է,-ասաց նա՝ խնդրելով Հանրային խորհրդին՝ օգնել իրենց «պաշտպանված լինելու մշակույթի նախարարի կամայականություններից»:

Աշխատակիցները վրդովված են նաև, որ այդ որոշումն ընդունելուց առաջ հաշվի չի առնվել իրենց կարծիքը: Արթուր Պողոսյանը հայտարարեց, որ քննարկում եղել է երկու քոլեջների փոխտնօրենների հետ, սակայն Ամիրխանյանը դա կեղծիք որակեց:

Ջազային քոլեջի լուծարման դեպքում ի՞նչ ճակատագրի կարժանանան  աշխատակիցները, նույնպես հայտնի չէ:

Նիստի վերջում որոշում կայացվեց բոլոր կողմերի տեսակետները ներկայացնել Հանրային Խորհրդի նախագահին՝ առաջարկելով կազմակերպել առանձին քննարկում:

Դիտվել է 2052 անգամ:
Print Friendly

Leave a Reply