Վահան Դիլանյան. “Մուբարաքն իրականում հրաժարական չի տվել”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | February 11, 2011 21:30

“Իմ սիրելի քաղաքացիներ. երկրի այս դժվար ժամանակաշրջանում նախագահ Հոսնի Մուբարաքը որոշեց հրաժարվել նախագահի իր պաշտոնից, և Գերագույն ռազմական խորհուրդն է վերցրել պետության ղեկավարությունը: Աստված մեզ պահապան”:
Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանի այս հայտարարությունն էր, որ ուրախացրեց եգիպտացի ցուցարարների սրտերը և եգիպտական հեղափոխության հետևորդներին ողջ աշխարհում:

Բացի այն, որ Մուբարաքն` ինքը, որևէ բան չի հայտարարել իր հրաժարականի մասին, Սուլեմանի հայտարարությունը դեռևս չի նշանակում Եգիպտոսի իշխանության և Մուբարաքի կողմից ղեկավարվող համակարգի հրաժարական:

Սուլեյմանի այդ հայտարարության նպատակը ժողովրդական ալիքի դեմն առնելն էր և իշխանության վակուումից խուսափելը: Վերջինս հղի էր արմատական իսլամականների և այլ արկածախնդիրների կողմից իշխանության ղեկը վերցնելու սպառնալիքով:
Այն նաև բարձրացրեց Սուլեյմանի հեղինակությունը եգիպտացի ցուցարարների աչքերում` որպես այլընտրանք “հրեշավոր” Մուբարաքին:
(Բայց չմոռանանք, որ Սուլեյմանը եղել է Հետախուզության ղեկավարը և փոխնախագահ է նշանակվել Մուբարաքի կողմից. այսինքն նա իրականում նույն համակարգի “ծնունդ” է և այդ համակարգի անկեղծ համակիր):

Այն, որ Մուբարաքի հրաժարականի մասին հայտարարությունը սոցիալական նշված էֆֆեկտի նպատակն ուներ, հաստատվում է այն թեզով, որ դրա լուրը հաջորդեց ցուցարարների` նախագահական պալատ շարժվելու կոչերին: Սրանից հետո էր, որ հայտարարվեց, թե նախագահականից կարևոր հայտարություն պետք է լինի, ինչը և տեղի ունեցավ:

Այս ընթացքում էր նաև, որ Եգիպտոսի նախագահ Մուբարաքը լքեց Կահիրեն` ուղևորվելով Շարմ էլ Շեյխ, ինչն անմիջապես ողջունվեց Սպիտակ տան կողմից` որպես “դրական առաջին քայլ”:

Այսինքն այս քայլերը նպատակ ունեին մեղմացնել հեղափոխական ալիքը և կանխարգելել չկանխատեսված հետևանքները իշխանական համակարգի համար:

ԱՄՆ-ից եկող արձագանքները ևս նշանակում են, որ ԱՄՆ-ը տիրապետում է իրավիճակին և որ Եգիպտոսի ամերիկամետ ռեժիմը չի փլուզվի. նախագահի հրաժարականը դեռ չի նշանակում համակարգի հրաժարական: Օբաման կոչ էր արել իշխանության “կանոնավոր փոխանցում” իրականացնել. և Մուբարաքի հրաժարականը այդ փոխանցման քայլերից է:

(Օբաման պատրաստվում է եգիպտոսյան իրադարձություններ վերաբերյալ այսօր ելույթ ունենալ):

ԱՄՆ-ը, փաստորեն, մասնակցում է այն մեծ խաղին, ինչը կարելի է անվանել “համակարգի պահպանում”, որովհետև նոր ռեժիմի իշխանության գալը կվնասի ԱՄՆ շահերը Մերձավոր Արևելքում և սպառնալիքի տակ կդնի Իսրայելի անվտանգությունը:

Ուստի նաև պատահական չէր երեկ Իսրայելի Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի այն հայտարարությունը, թե Իսրայելը պետք է առաջ շարժվի մերձավորարևելյան խաղաղ գործընթացով և փորձի կայունության հաստատել իր բոլոր հարևանների հետ:
Այդպիսով, Թել Ավիվը փորձեց մեղմացնել իսլամական արմատական գաղափարների զարգացումը Եգիպտոսում:

“Մուբարաքի, այլ ոչ թե ռեժիմի հրաժարական” թեզը նաև ընկալեց Համասը, որը քիչ առաջ հայտարարություն արեց` Մուբարաքի հրաժարականը անվանելով Եգիպտոսի հեղափոխության սկիզբ: Սրանով, փաստորեն, Համասը աջակցության “մեսիջ” ուղղեց “Մահմեդական եղբայրությանը” և հեղափոխության շարունակության կոչ արեց:

Իշխանական վերը նշած այս բարդ գործընթացները հասանելի չեն հասարակ եգիպտացի ցուցարաներին. նրանց թերս բավարարի Մուբարաքի հրաժարականը, քանի որ հոգեպես բավարարված կզգան, թե “տեսեք` ինչ արեցինք”:

Նրանք ողջունում են միմյանց` ասելով “Ծնունդդ շնորհավոր Եգիպտոս”. խանդավառություն է տիրում արաբա-իսլամական գրեթե բոլոր երկրներում, իսկ սոցիալական ցանցերը լցված են տարբեր երկրներում (այդ թվում Հայաստանում) ընդդիմության ոգևորության կոչերով:

Բայց, կրկին, կարծում ենք, որ այդ ոգևորությունն առնվազն արդարացված չէ, կամ դեռևս շատ վաղ է:

Իսկ մինչ ժողովուրդը բերկրանք է ապրում, Մուբարաքն այժմ հետևում է սեփական իշխանության փոխակերպման գործընթացին ծովափնյա հանգստավայր Շարմ Էլ Շեյխում, ուր մեկնել էր ռազմական ինքնաթիռով` Զինված ուժերի շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սամի Աննանի ուղեկցությամբ:

Դիտվել է 2015 անգամ:
Print Friendly

Leave a Reply