Հանրապետության վեց քաղաքներում կբացվեն աշխատանքի ակումբներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 11, 2011 11:43
Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աջակցությամբ` ընթացիկ տարում հանրապետությունում կբացվեն 6 աշխատանքի ակումբներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գործակալության աշխատանքի խորհրդատվության եւ տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը, դրանք կբացվեն Սիսիան, Մեղրի, Գյումրի, Վայք, Նոյեմբերյան, Մարտունի քաղաքների զբաղվածության տարածքային կենտրոններին կից:
Ակումբները կիրականացնեն գործազուրկ բնակչության հետ աշխատանքներ տանելու նպատակով ստեղծված հատուկ ծրագրեր: Ց. Բեժանյանի խոսքով` ակումբների ստեղծման համար տարածքներն արդեն առանձնացված են, եւ ներկայումս իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Իրականացվում է նաեւ աշխատանքի ակումբների աշխատակիցների վերապատրաստում:
Ց. Բեժանյանը նշեց, որ աշխատանքի ակումբները ոչ միայն օգնում են գործազուրկներին ձեռք բերել աշխատանք որոնելու հմտություններ, այլեւ աջակցում են աշխատանք փնտրելու գործում, տրամադրվում է տեղեկատվություն սոցիալական երաշխիքների, թափուր աշխատատեղերի, զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ:
Աշխատանքի ակումբներում գործազուրկին տրվում է հնարավորություն ծանոթանալ գործատուին դիմելու ընթացակարգին` անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, լրացում, ինտերնետի միջոցով գործատուին փաստաթղթերի փոխանցում եւ հարցազրույցներին մասնակցելու կարգ: Նշենք, որ Գավառում, Վանաձորում, Ալավերդիում, Իջեւանում, Բերդում, Հրազդանում, Դիլիջանում Չարենցավանում, Գորիսում, Աբովյանում արդեն գործում են աշխատանքի ակումբներ:






Facebook
Tweet This
Email This Post
