Վրացական պետհամարանիշերով ավտոմեքնաների վարորդների պայքարը շարունակվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2011 10:54

Փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 11-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժնի աշխատակիցները, նորից ձեռնարկել էին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հարակից թաղամասերի պաշարումը, որ կազմում էր մոտ 15 թաղամաս` մոտ մեկ քառակուսի կմ տարածք: Պաշարման նպատակը այս տարածք վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքն արգելելն էր, ինչը ոստիկաններն անում էին մեծ նվիրումով:

Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաները, որոնք փետրվարի 10-ի երթը պլանավորել էին ժամը 12-ից դեպի Բավրա, այնուամենայնիվ հավաքվում էին արգելափակված խաչմերուկների հարեւանությամբ` ակամա խցանելով եւ դժվար անցանելի դարձելով դրանք:

Ժամը 12:10-ին, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զ.Փոստանջյանի, Ս.Սաֆարյանի, Ա.Մարտիրոսյանի եւ կուսակցության փոխնախագահ Ռ.Հակոբյանի, ինչպես նաեւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տ.Կարապետյանի եւ նրանց ուղեկիցների հետ գյումրեցի ավտովարորդները սկսեցին իրենց երթը, ինչը ոստիկանները խոչընդոտել չկարողացան եւ ստիպված եղան ուղեկցել մինչեւ Բավրա: ՃՈ ավտոմեքենաներից բացի երթն ուղեկցում էին ոստիկաններով լի մոտ 20 մարդատար ավտոմեքենաներ: Բավրայում մոտ 200 ավտոմեքենաների վարորդները եւ սեփականատերերը ինքնաբուխ հանրահավաք կազմակերպեցին, եղան մի շարք ելույթներ, որոնց հիմնական ուղերձը իշխանություններին ներկայացվող պահանջն էր վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մաքսազերծման պարտադրանքի բեկանումը: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները մաքսակետին դիմում հանձնեցին, որով պահանջում էին մեկ ամսով կասեցնել այդ ավտոմեքենաների պարտադիր մաքսազերծման պահանջը, մինչեւ կառավարությունն ու Ազգային Ժողովը կքննարկի եւ կլուծի վարորդների հիմնական պահանջի  կատարման հարցը:

Բավրայի մաքսակետում մոտ մեկ ժամ տեւած այդ հավաքից հետո ցուցարարները 15 րոպեով փակեցին Հայաստան-Վրաստան ավտոճանապարհը, ապա շարժվեցին Գյումրի` թատերական հրապարակ` հանրահավաքի: Այստեղ 16:20-17:20-ը տեղի ունեցող ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցների պահանջները նույնն էին: Հանրահավաքի վերջում ցոցարարները 20, 50, 100 դրամանոցներով հանգանակություն կազմակերպեցին հայրենի կառավարությանը օգնելու` բյուջե լցնելու համար: գումարը հավաքվեց վարորդներից մեկի գլխարկի մեջ եւ հանձնվեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչին` կառավարությանը փոխանցելու պայմանով: Ցուցարարներից մեկը, դրամի բացակայության պատճառով` հանգանակությանը մասնակցեց արեւածաղկի խարկած մի բուռ սերմով:

Ժամը 18-ից մինչեւ 19:30-ը վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդները «Ժառանգություն» կուսակցության ներակայացուցիչների հետ ժողով անցկացրեց եւ որոշեց հետագա անելիքները: Վարորդները ցուցակագրվեցին, բաշխվեցին հինգ խմբերի, ընտրվեցին 5 խմբապետեր, որոնք ձեւավորեցին կազմկոմիտե: Որոշվեց փետրվարի 11-ից սկսված բողոքի բազմապիսի ակցիաներ անցկացնել քաղաքում եւ մարզում, գնալ եւ մասնակցել Հայաստանի այլ քաղաքներում` համանման այլ ակցիաների, եւ նախապատրաստել «Բողոքի գլխավոր օրվա» միջոցառումներին, որի մասին կլինի հատուկ հաղորդագրություն մամուլի եւ հայ ժողովրդի համար: Այդ ժողովի ժամանակ խոսվեց Լոռու եւ Տավուշի մարզերում նույն խնդրով մտահոգ խմբերի հետ ստեղծված կապերի եւ համագործակցության հնարավորությունների մասին:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մատույցներում, քաղաքի ավելի քան 15 թաղամասերում ազատ տեղաշարժի անօրինական սահմանափակումների մասին, ակումբի խորհրդի նախագահը բողոք է հղելու ՀՀ Գլխավոր դատախազին:

Դիտվել է 716 անգամ:
Print Friendly

Leave a Reply