Հայաստանում 3 տղամարդուց 2-ն ունեն սեռական խնդիրներ. տղամարդի’կ, մի’ չարաշահեք ալկոհոլը, ծխախոտը և ուտելիքը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 5, 2009 16:15

«Հայաստանում տղամարդկանց մոտ 90 տոկոսը լուրջ սեռական խնդիրներ ունի»,-ասում է «Առողջապահության ազգային ինստիտուտ»-ի ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Ֆարաջյանը:

«Առողջապահության ազգային ինստիտուտը» և «Գերմանախոս երկրների նախկին կրթաթոշակակիրների հայաստանյան միությունն» այսօր և վաղն անցկացնում են սեմինար, որի նպատակը հայ տղամարդուն սեռական հարցերում ճիշտ կողմնորոշելն է:

Հայաստանի «Ուրոլոգիայի ասոցացիա»-ի նախագահ Իվան Աղաջանյանն ասում է, որ մեր երկրում սեռական խնդիր ունի 3 տղամարդուց 2-ը. «Հայ տղամարդն ամաչում է բարձրաձայնել իր սեռական խնդիրների մասին, հայ կինը, թեև վերջին տարիներին դարձել է համարձակ, բայց հո չի կարող նաև իր ամուսնու կամ զուգընկերոջ անունից բժշկի դիմել. անկեղծություն և համարձակություն է պետք հայ տղամարդուն»:

Իսրայելի «Սեռական բժշկության ասոցացիայի» նախագահ Ջուզա Խեն ասում է, որ հայ տղամարդիկ չեն գիտակցում, որ սեռական խնդիրների առկայությունն ազդում է նրանց կյանքի որակի վրա:

«Սեքսուալ խնդիրներ կան ամբողջ աշխարհում, իմ 30 տարվա պրակտիկան ցույց է տալիս, որ տղամարդու սեռական դիսֆունկցիան 21-րդ տարի բժշկագիտության գերխնդիրներից է, որը Հայաստանում ավելի է խորանում ոչ բավարար բժշկական օգնության պատճառով»,-ասում է Ջուզա Խեն:

Սեմինարի մասնակից բժիշկները հայ տղամարդկանց սեռական խնդիրների (էրեկտիլ դիսֆունկցիա/առնանդամի անկարողություն/, հորմոնալ անբավարարություն, անպտղություն, շագանակագեղձի գերաճ) պատճառը համարում են ծանր քաշը, ծխելը, անոթային հիվանդությունները, արյան բարձր ճնշումը, փոքր կոնքի վիրահատումները:

«Բժշկի գնալն ամոթ չէ, դա առողջություն է, ինչու չէ նաև մշակույթ, մեզ երիտասարդ տղաները դիմում են սեռական վարակների ժամանակ, չեն դիմում հորմոնալ անբավարարության դեպքում, ավելի հասուն տղամարդիկ` 40-55 տարեկան, դիմում են շագանակագեղձի գերաճի դեպքում, որն առաջացնում է դժվարամիզություն և առատամիզություն: 30-35 տարեկան տղամարդիկ էլ դիմում են սեռական թուլության համար»,-ասում է Սերգեյ Ֆարաջյանը:

Ըստ բժիշկների՝ սեռական խնդիրներով պետք է զբաղվել դրանց ի հայտ գալու նախնական փուլում` ամուսիններով կամ զույգերով:

Բժիշկ-սեքսապատոլագ Արամ Բարսեղյանն էլ ասում է, որ սեռական խնդիրները շատ են հատկապես գյուղերում, որտեղ բավարար գիտելիքներ չունեն սեռական կյանքի վերաբերյալ:

Հայաստանում տղամարդիկ  սեռական ակտի ժամանակ քիչ են օգտագործում պահպանակ, որից էլ սկսվում են մի շարք սեռական հիվանդություններ: Բժիշկները խորհուրդ են տալիս ունենալ մշտական զուգընկերուհի և վարել առողջ և ակտիվ սեռական կյանք:

Ըստ վիճակագրության՝ գոյություն ունեն  տղամարդկանց էթնիկ տարբերություններ սեռական ֆունկցիայի ժամանակ. հյուսիսային ազգերի մոտ սեռական հասունությունն ուշ է տեղի ունենում, հարավային ազգերի մոտ՝ շուտ: «Մենք ավելի տաք ենք, բայց չի կարելի ասել, որ նորվեգացիները բոլորն իմպոտենտ են, կովկասի ժողովուրդն էլ սուպերմեններ»,-ասում է Արամ Բարսեղյանը:

Թույլ և ուժեղ տղամարդ առանձնացնելը ևս սխալ է, կարևորը զույգերի հարաբերություններն են, թույլ տղամարդը կարող է ունենալ ուժեղ զուգընկերուհի և հակառակը. կարևորը սերն է, զգացմունքները. այս կարծիքի են բժիշկները:

Ուրոլոգիական խնդիրների պատճառով տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 5 տարով պակաս է, քան կանանց: Տղամարդիկ հաճախ են հիվանդանում նաև սիրտ-անոթային հիվանդություններով,  որոնց հետևանքով մահացության ցուցանիշն աշխարհում ամենաբարձրն է:

Դիտվել է 3775 անգամ:
Print Friendly

Leave a Reply