Մեղուների սատկելը սպառնում է մարդկության ոչնչացմամբ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2011 15:40

Աշխարհում սկսված մեղուների զանգվածային անկումը սպառնում է մարդկության ոչնչացմամբ ընդամենը  չորս տարուց: Այդ մասին զգուշացրել է դեռ Էյնշտեյնը: Միջատները փոշոտում են գյուղատնտեսական բույսերի զգալի մասը, և դրանց անհետացումը կարող է կտրուկ սրել առանց այդ էլ մոլեգնող մթերային ճգնաժամը:

Թե ինչու են մեղուները քչանում, ոչ ոք ստույգ չի կարող ասել: Հնարավոր է, որ դա կապված է ինչ-որ վիրուսների կամ մակաբույծների հետ, կամ, ամենայն հավանականությամբ, գյուղատնտեսության մեջ պեստիցիդների կիրառմամբ: Վնասակարների դեմ թույներն ազդում են նաև օգտակար միջատների վրա` վնասելով նրանց նյարդային համակարգը: Այսպես թե այնպես, The Daily Telegraph-ը նշում է, որ փաստերը վկայում են, որ մեղուների քանակը մեր մոլորակում տարեցտարի կրճատվում է:

ԱՄՆ-ում ամեն ձմեռ սատկում է մեղվապարսերի 30-35%-ը, մինչդեռ նախկինում ցրտին չէր դիմանում մեղուների միայն 10%-ը: 1961-ից ամերիկյան մեղուների քանակը նվազել է երկու անգամ, իսկ նրանց թիվը հեկտարի հաշվարկով կրճատվել է 90%-ով: Նման խնդիրներ գոյություն ունեն նաև Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Ասիայում:

Մեղուների նշանակությունն այն է, որ դրանք փոշոտում են գյուղատնտեսական բույսերի մոտ մեկ երրորդը, այդ թվում և խնձորը, սոխը, կաղամբը, ցիտրուսները, լոլիկը և այլն: Թեպետ բույսերը կարող են փոշոտել նաև քամին և ուրիշ միջատներ, մեղուների դերը, միևնույն է, դժվար է գերագնահատել: Ինչպես նկատել է Ալբերտ Էյնշտեյնը, եթե մեղուներն իսպառ անհետանան, ապա մարդկությունը կհետևի դրանց չորս տարի անց:

2011 թ. հունվարին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հայտնել է, որ պարենի համաշխարհային գները հասել են պատմական մաքսիմումի` սկսած 1990-ից: FAO-ի գների համաթիվը, ըստ անցած ամսվա արդյունքների, աճել է 3,4%-ով: Փորձագետների կարծիքով, արաբական երկրներում սկսված հեղափոխությունները  պայմանավորված էին, ի թիվս այլոց, նաև ամենաանհրաժեշտ սննդամթերքի  թանկացմամբ:

Իրավիճակը բավական լուրջ է, ինչպես նշում է Rabobank ագրարային բանկը, քանի որ գյուտնտեսական մթերքների պահանջարկը շարունակ աճում է Երկրի բնակչության թվի մեծացման, մի շարք երկրներում սննդակարգի փոփոխության, ինչպես նաև հացահատիկը որպես վառելիք օգտագործելու պատճառով: Մեղվաբույծներն առայժմ կոչ են անում հրաժարվել մի շարք պեստիցիդներից, որոնք վնասում են մեղուները: Այդ ճանապարհով են արդեն գնացել մի քանի եվրոպական երկրներ` արգելելով նեոնիկոտինոիդների օգտագործումը:

Դիտվել է 2954 անգամ:
Print Friendly

Leave a Reply