«Խոսրովի Արգելոցի կարգավիճակը պետք է վերականգնվի, կառույցն՝ ապամոնտաժվի. բնապահպանները չեն զիջում դիրքերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Անի Գասպարյան | February 10, 2011 15:31
Էկոլոգիական հասարակական դաշինքի ներկայացուցիչներ Կարինե Դանիելյանը, Հրանտ Սարգսյանը, Մարինա Օգոնեզովան, Մարիամ Սուխուդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով վերջին շրջանում Խոսրովի անտառի արգելոցի կապված խնդիրներից, միանշանակ հայտարարեցին.
«Խոսրովի Արգելոցի տարածքում կառուցված շինությունը պետք է ապամոնտաժվի, արգելոցի Բայբուրդ- Գիլանլար հատվածի կարգավիճակը պետք է վերականգնվի, և տարածքը պետք է դիտվի ինչպես մեկ միավոր` Խոսրովի պետական արգելոցի տարածք»:
«Խախտվել են և´ ՀՀ օրենքները, և´ միջազգային կոնվենցիաները»,-ասաց Կարինե Դանիելյանը:
Ըստ ՀՀ հողային օրենսգրքի, հողային տարածքի կարգավիճակի փոփոխման դեպքում պետք է լինեն լուրջ հիմնավորումներ, ինչն այս դեպքում բացակայում է.
«Կառավարությունը Խոսրովի արգելոցի ստատուսն իջեցնում է, ռեժիմն իջեցնում և ասում է, որ մենք դա անում ենք բնության պահպանությունն ապահովելու համար. սա՝ բացարձակ լոգիկայից դուրս հիմնավորում է»,-նշեց նա:
Դանիելյանը նաև հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի երկու շատ լուրջ զգուշացում Օրխուսի կոնվենցիայից:
«Սա երկրի իմիջի խնդիր է, և եթե հավաքվեն այսպիսի զգուշացումներ, ապա Հայաստանին կարող են դուրս հանել կոնվեցիայից»,-ասաց Դանիելյանը:
Արգելոցն ու արգելավայրն իրարից տարբերվում են իրենց կարգավիճակով. Արգելոցում առհասարակ որևէ տնտեսական գործունեություն չի թույլատրվում իրականացնել. Թույլատրվում է իրականացնել միայն գիտական գործունեություն, էկոտուրիզմ, ճանաչողկան տուրիզում և այլն: Արգելավայրի կարգավիճակն ավելի ցածր է. այնտեղ որոշ գործունեություն կարելի է իրականացնել, որը, սակայն չի վնասում էկոհամակարգին.
«Այն, ինչ կառուցվել է, արգելոցին բոլորովին չի բռնում, բայց արգելավայրին էլ չի բռնում.-ասաց Դանիելյանը,-վերցրել են մի կտորը, ստատուսն իջեցրել, որ կարողանան այդ շինությունը կառուցել»:






Facebook
Tweet This
Email This Post
