Ի՞նչ է տեղի ունենում Ճագարի տարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 14, 2011 5:33

2011-ը, ըստ Չինական օրացույցի` համարվում է Սպիտակ ճագարի տարի: Ամանորյա օրերին լայնորեն սպառվեցին ճագարի պատկերով իրերն ու հուշանվերները, որոնք հանգրվանեցին մեր տների տարբեր անկյուններում, պայուսակներում, այլուր: Դյուրահավատ տանտիկինները փորձում էին տոնական սեղանին դնել այնպիսի ուտեստներ, որոնք պատրաստված են ճագարի սիրած մթերքներով: Բոլորս ջանում էինք սիրաշահել այդ կենդանուն, որպեսզի բարեհաճ լինի մեր նկատմամբ ու լավ օրեր պարգևի: Աստղագուշակները շտապեցին հրապարակել իրենց կանխատեսումները, և շատերը խոնարհաբար փորձում են ապրել նրանց խորհուրդներով: Մինչդեռ բուն Ճագարի տարին սկսվեց միայն փետրվարի 3-ին: Մեր մշակույթում արմատավորվող այս նոր հավատալիքներն ու նախապաշարումները, որոնք թափանցեցին Արևելքից, թողնենք մի կողմ: Շատերին հետաքրքրում է, թե փաստացի ինչ է կատարվել նախորդ Ճագարի տարիներին: Ահա BFM.ru-ն պատրաստել է համաշխարհային տնտեսության ու քաղաքականության այն նշանավոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Ճագարի նախորդ տարիներին` սկսած անցած դարից: Մենք այդ ցանկին ավելացրինք մի քանի իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Հայաստանում կամ հայության շրջանում: Պարզվում է, որ Ճագարի նախորդ տարիներին կարևոր պատմական իրադարձություններ են եղել. տեղի է ունեցել XX դարի առաջին ցեղասպանությունը` Մեծ եղեռնը, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, կատարվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանությունը, համաշխարհային բորսաները ապրել են «սև երկուշաբթին», ԽՍՀՄում սաստիկ երաշտ է եղել, հրաժարական է տվել Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, վերջապես տեղի է ունեցել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ամենաողբերգական դեպքերից մեկը` հոկտեմբերի 27-ը

1903

Պաշտոնապես ավարտվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որ սկսվել էր երեք տարի առաջ` 1900 թ.:  Երեք տարվա ընթացքում հազարավոր ձեռնարկություններ փակվեցին, որտեղ աշխատում էին հարյուրհազարավոր մարդիկ: Կտրուկ կրճատվեց արտադրության մակարդակը, անկում ապրեցին խոշոր ձեռնարկությունների ակցիաները:

ԱՄՆ-ում հիմնադրվեց Ford Motor Company  ընկերությունը` աշխարհի խոշորագույն մեքենաշինական ընկերություններից մեկը: Նույն տարին Ուորներ եղբայրները Փենսիլվանիայում բացեցին իրենց առաջին կինոթատրոնը: Կինոթատրոնի հիմնադրումը համարվում է  հսկա Warner Bros կինոկենտրոնի նախակարապետը: Ներկայումս ընկերությունը համարվում է Time Warner-ի ստորաբաժանումը:

Նիկոլայ II-ը հունիսի 12-ին հաստատեց հայ եկեղեցապատկան գույքի ու կալվածքների բռնագրավման ու պետականացման մասին օրենքը: Դրա դեմ բազմահազարանոց ցույցեր տեղի ունեցան Ալեքսանդրապոլում  և Երևանում, զինված ընդհարում` Թիֆլիսում: Խրիմյան Մկրտիչ կաթողիկոսը հրամայեց Սինոդին չհրապարակել հունիսի 12-ի օրենքը, իսկ օգոստոսի 21-ին կոնդակ ուղարկեց բոլոր թեմերին` եկեղեցու ունեցվածքը քաղաքացիական իշխանություններին չհանձնելու կարգադրությամբ:

Հնչակյանները մահափորձ կազմակերպեցին Գոլիցինի դեմ:

1915

Համաշխարհային պատմության ամենաողբերգական էջերից մեկը` Մեծ եղեռնը Օսմանյան կայսրությունում: Ապրիլի 15-ին Թալեաթի, Էնվերի և Նազըմի ստորագրությամբ գաղտնի հրաման ուղարկվեց տեղական իշխանություններին` արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ: Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Կ.Պոլսում 800 հայ մտավորական ձերբակալվեց և սպանվեց աքսորի ճանապարհին: Սկիզբ դրվեց Մեծ եղեռնին: Ընդհուպ մինչև 1918 թ. սպանվեց 1,5 մլն հայ, ոչնչացվեցին հայ ճարտարապետության հարյուրավոր հուշարձաններ: Սա XX դարի առաջին ցեղասպանությունն էր:

Նույն տարին նյույորքցի դեղագործ Թ. Լ. Ուիլյամսը ստեղծեց Maybelline ընկերությունը: Ամեն ինչ սկսվեց թարթիչները ներկելու միջոցի արտադրությունից: Այն բաղկացած էր վազելինից և ածխափոշուց. Նման ներկ էր օգտագործում նրա կրտսեր քույրը` Մեյբլը: Ներկայումս ընկերության արտադրանքը ներկայացված է 90 երկրներում. կոսմետիկայի բրենդը պատկանում է L’Oreal-ին:

1927

Խորհրդային Միությունում հերթական ճգնաժամը սկսվեց: Այս անգամ` հացամթերման: Հացահատիկի մատակարարումը կտրուկ նվազեց: Հացի գները որոշ շրջաններում թանկացան ավելի քան երկու անգամ: Գյուղեր ուղարկվեցին ավելի քան 30 հազար կոմունիստներ, որոնք պետք է հաց հայթայթեին անձնական պատասխանատվությամբ:

Այդ տարի ծնվեց «Մեր պատասխանը Չեմբերլենին» թևավոր խոսքը, որը երևան եկավ «Պրավդայի» «Ողջույն Կանտոն: Ահա մեր պատասխանը Չեմբերլենին” հոդվածով: Մայիսին Մեծ Բրիտանիան չեղյալ համարեց առևտրային պայմանագիրը և խզեց դիվանագիտական հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ:

Հիմնադրվեց Volvo կոնցեռնը: Ապրիլի 14-ին ավտոմեքենաների գործարանը թողարկեց առաջին  Jakob OV4-ը, որը 90կմ/ժ արագություն ուներ, իսկ շարժիչի  հզորությունը կազմում էր 28 ձիաուժ: Հիմնադրվեցին նաև ավստրիական  Raiffeisen Zentralbank բանկային խումբը և աշխարհի խոշոագույն նավթային ընկերություններից մեկը` Schlumberger-ը:

Շահագործման հանձնվեց Երևանի կարբիդի գործարանը:

Տեղի ունեցավ Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:

1939

Սեպտեմբերի 1-ին գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան, այդպիսով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Դրանից մի շաբաթ առաջ` օգոստոսի 23-ին, Մոսկվայում ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև պայմանագիր կնքվեց չհարձակվելու մասին, որ ավելի շատ հայտնի է որպես Մոլոտով-Ռիբենտրոպի դաշինք: Հոկտեմբերին սկսվեց լեհական հրեաների արտաքսումը լյուբլինյան գետտո: Այդ նույն տարին Խորհրդային Միությունը հեռացվեց Ազգերի լիգայից:

ԽՍՀՄ-ում երևան եկավ Արտյոմ Միկոյանի կոնստրուկտորական բյուրոն, որը  հիմնադրվեց Անաստաս Միկոյանի աջակցությամբ: Հետագայում դրա պատերից ներս ստեղծվեցին ՄԻԳ մակնիշի ինքնաթիռներ:

ԱՄՆ-ում հիմնադրվեց US Airways ավիաընկերությունը: Ներկայումս այն օդային փոխադրումների ծավալով վեցերորդն է Նահանգներում և չվերթներ է իրականացնում ավելի քան 200 ուղղությամբ:

Սկսվեց «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակի տոնակատարությունը:

1951

Հուլիսի 22-ին Կապուստին Յար  հրաձգարանից հրթիռ արձակվեց Դեզիկ և Ցիգան շներով: Դա շների առաջին տիեզերական թռիչքն էր:  Սրանց հատուկ համազգեստ էին հագցրել, որի վրա հաղորդիչ էր ամրացված: Թռիչքը հաջող էր: Մի շաբաթ անց ևս մի  մեկնարկ եղավ, որից հետո Դեզիկը և նրա զույգը` Լիսան, սատկեցին:

Այդ տարին ԽՍՀՄ-ում ստեղծվեց Կենտրոնական հեռուստատեսային ստուդիան, որը հետագայում դարձավ ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունը:

Շահագործման հանձնվեցին Երևանի էլեկտրալամպերի գործարանը, նուրբ գործվածքների կոմբինատը և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը:

1963

ԱՄՆ-ում նոյեմբերի 22-ին սպանվեց Ջոն Քենեդին, իսկ մի քանի օր անց նաև` այդ սպանության միակ կասկածյալը` Լի Հարվի Օսվալդը:

Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը` Վալենտինա Տերեշկովան:

Դանիայում հիմնադրվեց ECCO կոշիկի ընկերությունը: ԱՄՆ-ում ստեղծվեց առաջին համակարգչային մկնիկը:

Մոսկվայում ավարտվեց աշխարհի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան մրցաշարը: Տիգրան Պետրոսյանը դարձավ աշխարհի չենպիոն:

Շարք մտավ Չարենցավանի (Լուսավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը` ամենախոշորը հանրապետությունում: Գործարկվեցին Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:

1975

ԽՍՀՄ-ում ուժեղ երաշտ եղավ, որի պատճառով կորսվեց ցորենի բերքի մոտ մեկ երրորդը: Ռուսաստանում նման մասշտաբի երաշտ եղավ միայն 35 տարի անց` անցյալ տարի:

Մեծ Բրիտանիայում կառավարությունը 162,5 մլն ֆունտ ստեռլինգի վարկով փրկեց ամերիկյան Crysler-ի տեղական մասնաճյուղը:

Այդ տարի ստեղծվեցին Microsoft և Pernod Ricard ընկերությունները:

Ակադեմիկոս Անդրեյ Սախարովը Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացավ:

1987

Սկսվեց  ВАЗ-2109  ավտոմեքենայի սերիական արտադրությունը: Եվ նույն տարին, Հայրենական մեծ պատերազմից հետո առաջին անգամ, երկրում մտցվեց քարտային համակարգը: Շաքարի քարտերը երևան եկան հակաալկոհոլային արշավի հետևանքով. սեպտեմբերին երկրի մի շարք տարածաշրջաններում շաքարն ուղղակի անհետացավ խանութներից:

Տարին հիշվում է նաև մի արտառոց դեպքով. Գերմանիայի 19-ամյա բնակիչ Մատիաս Ռուսը մայիսի 28-ին, մոտավորապես ժամը 19-ին իր ինքնաթիռով վայրեջք կատարեց Կարմիր հրապարակում, Վասիլի Երանելու տաճարի մոտ:

Հայաստանում սկիզբ առավ բնապահպանական շարժումը, ցույցեր տեղի ունեցան Երևանում ու հարակից շրջաններում, որոնք աստիճանաբար վերածվեցին ղարաբաղյան շարժման:

1999

Համաշխարհային ֆինանսական շուկաներին ներկայացվեց եվրոն` որպես վճարման արժույթ, այն սկսեցին օգտագործել ոչ կանխիկ վճարումներ կատարելիս:

Օգոստոսին Վլադիմիր Պուտինը նշանակվեց Ռուսաստանի վարչապետ: Իսկ դեկտեմբերի 31-ին Բորիս Ելցինը  ունեցավ իր հանրահայտ ելույթը` «Ես հեռանում եմ»:

Նախագահի պարտականությունները սկսեց կատարել Պուտինը:

Հոկտեմբերի 27-ին մի քանի ահաբեկիչներ ներխուժեցին ՀՀ Ազգային ժողովի դահլիճ: Նրանց կրակահերթից զոհվեց ութ մարդ, որոնց թվում` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը:

Դիտվել է 1589 անգամ:
Print Friendly

Leave a Reply