«Նեմեսիս»` վրեժխնդրության կազմակերպված գործողություն հայերի կոտորածների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | փետրվարի 15, 2011 0:55

«Նեմեսիս» գործողության նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին:

Գործողությունը կազմակեպել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: «Նեմեսիս» կամ «Նեմեզիս» (հուն. Νέμεσις ) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թ. Երևանում Հայ հեղափոխական դաշնակցության IX ընդհանուր ժողովում: Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները:

«Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար` ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ հիմնադրամ (ղեկավար` Շահան Սաթճակլյան):

Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումն իրագործելու էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը: Հանցագործներին հայտնաբերելու գործը ղեկավարելու էր Հրաչ Փափազյանը, որը, որպես թուրք ուսանող, կարողացել էր թափանցել երիտթուրք վտարանդիական բարձր շրջանակներ:

«Նեմեսիս» գործողությունը նախապատրաստվել է մանրամասն: Գործողության կազմակերպչական կենտրոններն էին Կ.Պոլսի «Ճակատամարտ» և Բոստոնի «Դրոշակ» թերթերի խմբագրատները: Վրիժառուների խմբերը՝ յուրաքանչյուրում 3-5 մարդ, հետապնդելու էին կոնկրետ հանցագործին և հարմար պահին դատավճիռն ի կատար էին ածելու:

«Նեմեսիսը» կազմակերպվեց հաջողությամբ:

•           1919-22 թթ. սպանվեցին թուրք և ազերի ոճրագործներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, Սայիդ Հալիմը, Խան Խոյսկին, Սարաֆովը, Ջիվանշիրը: Ընդ որում, հայ վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանի, Արամ Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի գոծողություններից ոչ մի կողմնակի անձ չի տուժել:

•           1919 թ. Թիֆլիսի Երևանյան հրապարակում Ա. Երկանյանը գնդակահարեց մուսավաթական Ղասիմբեկովին:

•           1920 թ. Թիֆլիսում 20-ամյա Արամը սպանեց Ադրբեջանի մուսավաթական կառավարության ղեկավար Խան Խոյսկուն՝ 1918 թ. սեպտեմբերին Բաքվի 30 և 1920 թ. մարտի 23-ին Շուշիի 35 հազար հայերի ջարդի գլխավոր կազմակերպչին, մուսավաթական Սաֆարովին, իսկ մյուս դահիճը՝ Խաս Մահմեդովը, վիրավորվեց:

•           1921 թ. հուլիսի 19-ին Կ. Պոլսում` «Ճակատամարտ» թերթի խմբագրատան առաջ, 33-ամյա Մ. Թոռլաքյանը գնդակահարեց Պեհուտ խան Ջիվանշիրին՝ մուսավաթական Ադրբեջանի ներքին գործոց նախարարին` Բաքվի և Շուշիի հայության գլխավոր ջարդարարներից մեկին:

•           1921 թ. դեկտեմբերի 5-ին Ա. Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքական կառավարության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին՝ կոտորածի ծրագիրը հաստատողին:

•           1922 թ. ապրիլի 17-ին Ա. Շիրակյանն ու Ա. Երկանյանը Բեռլինում գնդակահարեցին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և «Թեշքիլաթը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին. տիկին Թալեաթի աչքի առաջ (սպանվել է նաև Շաքիրի թիկնապահներից մեկը):

•           1922 թ. հուլիսի 25-ին խոտորջուրցի երիտասարդներ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում գնդակահարեցին Ջեմալին:

•           1922 թ. օգոստոսի 4-ին Միջին Ասիայից Աֆղանստան ճողոպրելիս` արցախցի Հակոբ Մելքումովի գլխավորած ջոկատի հետ ընդհարման ժամանակ, սպանվեց Էնվեր փաշան:

«Նեմեսիսն» ընդհատվեց, երբ ընդունվեց «Պրոմեթևս» ծրագիրը (1922 թ. հայ, վրացի և ազերի վտարանդի կառավարությունները համագործակցության մեջ մտան ընդդեմ բոլշևիզմի, և ՀՅԴ ղեկավարությունը որոշեց ընդհատել թուրք ոճրագործների ահաբեկումը): Իթթիհատի գլխավոր քարտուղար Նազըմը գաղտնի անցավ Թուրքիա, 1926 թ. Քեմալի դեմ կազմակերպված անհաջող մահափորձից հետո ձերբակալվեց և կախաղան հանվեց նույն թվին, Զմյուռնիայում (Իզմիր):

«Նեմեսիսի» մասնակիցները

Շահան Նաթալի(1884-1983), Արմեն Գարո (Գարեգին Պաստերմաջյան, 1872—1923), Միսաք Թոռլաքյան (1894 -1968), Արշավիր Շիրակյան (1902 -1973), Արամ Երկանյան (1895 -1930), Արտաշես Գևորգյան, Պետրոս Տեր-Պողոսյան, Ստեփան Ծաղիկյան :

Դիտվել է 5089 անգամ:

Leave a Reply