«Կիկոսյան» պատմություն երիտասարդ գիտնականի մասին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 12, 2011 14:00

-Ինչքա՞ն կլինի իմ աշխատավարձը:

-Դե, գիտեմ, որ գիտությամբ զբաղվելով` Հայաստանում շատ չես վաստակի:  Երևի մոտ 40 հազար դրամ:

– Օլիգարխի աշխատավարձ ես ասում մեզ համար: Ընդամենը 28 հազար եմ ստանում, -կես կատակ,  կես լուրջ պատասխանեց զրուցակիցս:

Նման բովանդակությամբ խոսակցություն տեղի ունեցավ  իմ և գիտությամբ զբաղվող Արսեն Գասպարյանի միջև:

Մի փոքր մեր հերոսի մասին:  Սովորել է Երևանի պետական համալսարանում,  ունի մագիստրոսի կոչում:  Ի դեպ, որոշել է զբաղվել գիտությամբ Հայաստանի զինված ուժերում ծառայալեուց հետո: Ավագ լաբորանտ  է: Ցածր աշխատավարձը նրան չի խանգարում զբաղվել գիտությամբ, ավելին` խթանել գիտության զարգացումը:  Նա ստեղծել է «Երիտասարդ  կենսաբանների ասոցիացիա»   հասարակական կազմակերպությունը, որը  մոտ հազար անդամ ունի:

Արսենը Հայաստանում աննախադեպ միջազգային սեմինար է կազմակերպել:  2011 թ. փետրվարի 20-26-ը տեղի կունենա  դասախոսությունների շարք՝ նվիրված ժամանակակից գենետիկային և դրա անկայունություններին։ Միջոցառմանը կմասնակցի  13 գիտնական: Դասախոսները հրավիրվել են Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից,  Ֆրանսիայից,  Կանադայից,  Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Կմասնակցի նաև  5 հայաստանցի գիտնական,  ներկա կլինի նաև  30 հայ երիտասարդ,  ովքեր տվյալ  գիտության ոլորտին նպաստող որոշակի  աշխատանք են կատարել: Դասախոսությունների նպատակն է հայ երիտասարդներին արտասահմանյան գիտնականների հետ շփվելու,  նրանց փորձը յուրացնելու և կապեր հաստատելու հնարավորություն տալ:  Դասախոսներն աշխարհում ճանաչված գիտնականներ են` Մայքլ Նելբերգերը,  Միցուհիրո Յանակիտան,  հայազգի Վիրջինյա Զաքյանը,  Գրեյգ Համբիկյանը,  Նոբելյան մրցանակակիր Թիմըթի Հանթը և ուրիշներ։

Այս միջոցառումը, որի  նախաձեռնողների մեջ պետական մարմին չկա, իսկապես մեծ խթան կլինի տվյալ ոլորտում:  Մյուս կողմից` նրանց հաջողված օրինակները շատերին են ստիպում մտածել արտասահամանում կարիերան շարունակելու մասին: Օրինակ` Արսենի ընկերը, որը գիտությամբ զբաղվելով` այստեղ ոչ մի լուրջ արդյունքի չի հասել և մեկնել է Գերմանիա: ՀԻմա և՛ սովորում է, և՛ կարգին վաստակում: Արսենն էլ, ի դեպ,  28 հազարի հույսին չէ: Հնարավորության դեպքում՝ նա էլ կգնա:

Հայաստանում գիտնականների նկատմամբ ուշադրության ու աջակցության պակասը  նրանց «մեծապատիվ մուրացկան» է դարձնում: Որևէ նորարարություն կամ ուսումնասիրություն անելու համար նրանք կախված են գրանտներից ու  այս կամ այն օլիգարխի հովանավորությունից: Հետո  ամուսնանում են,  ունենում միջինից ցածր կենսամակարդակ: Նվիրյալները դիմանում են, ավելի գործնականներն  այլ աշխատանքով են զբաղվում, օրինակ` դառնում են  տաքսու վարորդ ու իրենց չլսված ու չբացահայտած լինելը լրացնում ուղևորների ականջը տանելով: Ոչ, նկատի չունեմ,  որ բոլոր ռաբիս լսող տաքսու վարորդներն ու ֆայլաբազարում կանգնողները նախկին գիտնականներ են: Ծայրահեղության  գիրկը չընկնենք:   Բայց մի ուրիշ օրինակ բերեմ:  Վերջերս  մի էլեկտրիկի հետ էի զրուցում: Նա ասում էր (ու ճանաչելով նրան` վստահ  եմ`  չի ստում), որ ինքը հիմա կարող էր գիտությունների թեկնածու լինել, մինչդեռ ուրիշների լույսը չխափանվելու մասին է մտածում: Նա չի փոշմանել: Աչքի առաջ  իր ընկերների օրինակներն ունի: Նրանք գիտնական են դարձել, բայց ավելի բարեկեցիկ ու  կյանքից գոհ չեն, որքան իմ զրուցակիցը:

«Էնպես չի, որ ամեն ինչ փողի մեջ ա» մտածելակերպով մարդիկ դառնում են իրենց ոլորտի, տվյալ դեպքում`  գիտության նվիրյալները, համակերպվում ասկետական կյանքին, ընտանիք ստեղծում, զավակ ունենում և  ուղարկում դպրոց, որտեղ սոցիալական անհավասարությունը,  օլիգարխի երեխայի «թույնը» հոգեբանորեն կոտրում է նրան:  Այսպես է, որ հայրը որդու համար հերոս չի դառնում, գոնե` դրական օրինակ, որին պետք է նմանվել:  Այսպես է, որ  հիմա քչերն են երազում դառնալ գիտնական: Ժամանակակից սերնդի համար հերոսներ են  դառնում ոչ թե գիտնականները, այլ մեծ փորի ու  հնարավորությունների տերերը` հարուստները:  Հայաստանում քանի՞ հարուստ գիտնականի եք ճանաչում:

Բայց կենսապայմանները դեռ թողնենք մի կողմ: Հայաստանում գիտության ոլորտում դրական արդյունք ստանալը բավականին բարդ է տեխնիկայի բացակայության կամ մաշվածության  պատճառով: Աշխարհում ստեղծվող գերժամանակակից տեխնոլոգիաները  մեզ են հասնում արդիականությունը կորցնելուց հետո:  Պակաս լուրջ հիմնախնդիր չէ տեղեկատվության պակասը. գիտական հանդեսների մեծ մասը Հայաստան չի հասնում:

Բնագիտական և հարակից ուղղությունների ավելի քան 2500 գիտական հանդես շուրջ 1 տարի բաց կլինի գիտությամբ զբաղվող հայ երիտասարդների համար:   Հունվարի 20-ից «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Երիտասարդ գիտնականների համար առաջատար գիտական հանդեսների հասանելիության ապահովում» ծրագիրը:

Դիտվել է 1804 անգամ:
Print Friendly

Leave a Reply