Արցախյան գոյամարտը հուլիվուդյան ֆիլմի սցենար չէ. մի՛ աղավաղեք ճշմարտությունը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 14, 2011 2:01

«…Ես առաջին անգամ եմ մարդկանց ուղղությամբ կրակում: Դժվարությամբ եմ հաղթահարում «Մի՛ սպանաներ» արգելքը, սակայն ազգակիցներիս պաշտպանելու գիտակցումն ինձ ուժ է տալիս: Մենք մրրկային կրակ ենք տեղում ազերիների ուղղությամբ: Եկեղեցու պատուհանից կայծեր են ժայթքում: Զենքս ուղղում եմ այդ կողմը, բայց անկարող եմ ձգանը սեղմել: Ա՛խ, դու, օ՛ձ, իմ սրբությունը իմ դե՞մ ես օգտագործում: Փնտրում եմ ուրիշ մահվան աղբյուրներ և ամբողջ զայրույթս թափում դրանց վրա…»:

Այսպես է նկարագրում իր «մկրտությունը» արցախյան ազատամարտում «Սրբավայրի ազատագրումը» գրքի հեղինակ, Արցախյան պատերազմի մարտիկ Գևորգ Վարդումյանը:

Գևորգը Պետերբուրգում էր: Ուսանող էր: Պետական քննությունները հանձնել էր, դիպլոմային աշխատանքը՝ գրել, մնում էր` պաշտպաներ և ավարտեր, բայց ամեն ինչ խառնվեց իրար…

«Լենինգրադ, 1989 թ., ապրիլի 24… Իմ ուսանող ընկերը` Բագրատը, շրջապատված թուրքերի ոհմակով, հազիվ էր կանգնում ոտքի վրա… Արյուն, սառը զենքեր… Ինքնաբերաբար մռնչոց արձակելով` նետվեցի թուրքերի վրա… Երկու թուրք, թևատակերից բռնած, քարշ էին տալիս իրենց ընկերոջը…»:

Պայքարը դեռևս Լենինգրադում էր սկսել, սակայն երբ իմացավ, որ արդեն կրակոցներ են հնչում Հայաստանում ու Արցախում, ուսումը, ամեն ինչ կիսատ թողեց ու վերադարձավ հայրենիք: Եղբայրը` Գագոն (Մուրուքը), որն արդեն փորձառու մարտիկ էր, չէր ուզում, որ Գևորգը միանա իրեն:

– Սա կռիվ ա, պատերազմ, դու անփորձ ես,-ասում է եղբորը:

– Դու էլ էիր անփորձ, էն տղերքն էլ են անփորձ, վերջապես էս հայրենիքն իմն էլ ա,-պատասխանում է Գևորգը:

– Դու չես հասկանու՞մ, ամեն ինչ կարող ա պատահի, իսկ դու դեռ ժառանգ չունես: Բա մեր հոր տան ծուխը ծխացնող տղա-երեխա չես ունենալո՞ւ:

– Ես ուզում եմ ինքս ինձ ապացուցել, որ իրավունք ունեմ հայր դառնալու…,-պատասխանում է Գևորգն ու վճռականորեն վերցնում զենքը:

Այլևս նահանջ չկար: Առջևում Հին Ոսկեպար գյուղն էր` Սուրբ Աստվածածին եկեղեցով` գերեվարված թշնամու կողմից:

Գևորգը շատ մարտերի է մասնակցել, բայց ամենահիշարժանն իր համար Ոսկեպարի ազատագրումն էր: Հենց դա էլ նա կենդանացրել է իր գրքում գրեթե երկու տասնամյակ անց:

Իր գրքի մասին պատմելիս Գևորգը շեշտեց. «Գրքի գեղարվեստական արժանիքները միգուցե թույլ են, սակայն ես նկարագրել եմ իրական դեպքեր՝ իրական փաստերով ու անուններով»:

Մինչև գիրքը կարդալը մտածեցի, որ դա երևի հայ զինվորի պարզ ու անմշակ  գրառում կլինի, բայց երբ սկսեցի կարդալ, հենց առաջին իսկ տողերից հասկացա, որ գործ ունեմ ոչ միայն լուրջ արժեք ներկայացնող փաստավավերագրական նյութի, այլև գեղարվեստական կատարյալ ստեղծագործության հետ:

«Մեզնից ձախ հրաձգություն է սկսվում, որը հետզհետե սաստկանում է: Ես թիկունքից նայում եմ եղբորս, ակամա հոգոց եմ հանում ու ավելի պինդ գրկում զենքս: Արևը սարերի կատարներից ցույց է տալիս իր արնագույն ճակատը: Հորիզոնն էլ է կարծես արյունով ներկվում: Չեն ճռվողում թռչունները: Չեմ նկատում ծառ ու ծաղիկ, բուրմունք չեմ զգում: Առավոտյան թարմ օդի տեղ այրված ծծումբ եմ ներշնչում, որը խենթ մարտական ոգի է ներշնչում ինձ: Մարդիկ արյան են ծարավի. ի՞նչ գարուն, ի՞նչ այգաբաց: Կյանքի ու մահվան սահմանը մի ակնթարթ է, բայց դա էլ կարող է մի ամբողջ, լիարժեք կյանք լինել…»:

Գիրքը հնարավոր չէ կարդալ առանց հուզմունքի, բայց մեկ էլ հանկարծ այնպիսի դրվագների ես հանդիպում, որ ուզում ես գրքի հերոսների պես լիաթոք ծիծաղել. ռազմի դաշտում, գնդակների տարափի տակ հայ զինվորը կատակում է, ծիծաղում, ծաղրում:

«Տղե՛ք, բա գիտե՞ք, Փոլը էս գիշեր գերի ա բռնել…»: «Բա ո՞ւր ա»: «Մորթեցինք, կերանք»,- պատասխանում է Քեռին անհոգ ձայնով ու եղունգով փորում ատամների մեջ, Հետո, ինչ-որ բան հիշելով, վեր է թռչում տեղից:- Տղե՛ք, քանի դեռ դա զխտըկվըմ ա, ես դրա գլխին օյին տեմ խաղա…»:

Քեռին դուրս է վազում ու շուտ վերադառնում մի ահավոր կմախք ձեռքին: Առանց հարցնելու էլ պարզ է, որ կենսաբանության կաբինետն է «թալանել» ու գորիլլայի կմախք բերել: Նա կմախքն արագորեն հանդերձավորում է Փոլի շորերով, գլխին սաղավարտ է դնում, աչքերի տեղը` արևային ակնոց: Համընդհանուր ծիծաղի ներքո Փոլի մանեկենը պառկեցնում է նրա մահճակալին ու զավեշտական շարժուձևերով, ջերմորեն համբուրում «շուրթերը»: Այո, ծանր փորձություն է սա մեր կուշտ փորերի համար: Բայց այսքանն էլ քիչ համարելով` սիգարետ է վառում ու դնում կմախքի անճոռնի ատամների արանքը: ճիշտ պահին զվարթորեն ներս է մտնում Փոլն ու քայլերն ուղղում դեպի մահճակալը, բայց անակնկալի գալով` քարանում է տեղում: Սա արդեն անտանելի է` մահճակալին պառկած, մի ձեռքը գլխի տակ դրած, «կայֆ անող» տիպ ու կողքին` շշմած Փոլը: Մեր քրքիջն արդեն վերածվում է օգնության աղաղակների: Հանկարծ Փոլն սկսում է շարժվել, բայց այնպիսի փոթորիկ է անում, որ վայ նրան, ով մոտիկ կհայտնվի: Պարզվում է` նա կարատեի վարպետ է: Քիչ անց կմախքից ընդամենը փշրանքներ են մնում…»:

Ինչու՞ Գևորգը որոշեց իր տեսածն ու զգացածը հանձնել թղթին: «Երբեք չէի մտածի, որ կգրեմ,- ասում է նա,- սակայն տեսա, որ և՛  էկրանում, և՛ գրքերի մեջ միայն հիվանդ զառանցանք է. մեր արցախյան գոյամարտը, այն, ինչ մենք տեսել ենք մեր աչքով, ներկայացվում է ամերիկյան հոլիվուդյան սցենարներով: Չի՛ կարելի, դա հակագովազդ է: Առանց այն էլ մեր ազգային հոգեբանությունը աղավաղված է, իսկ այն իրական, սուրբ, մաքուր գաղափարը դարձրել են ինչ-որ շոու բիզնեսի առարկա…»:

Այո, այն ամենն, ինչ ներկայացվում է հայ հանդիսատեսին սերիալների և այլ կոմերցիոն ֆիլմերի միջոցով, քիչ կապ ունի արցախյան հերոսամարտի հետ, բայց Գևորգի գրքի նկարագրություններով ֆիլմի սցենար Հոլիվուդը հաստատ կուզենար ունենալ:

Ոսկեպարն ազատագրվում է, եկեղեցու խաչը վերականգնվում, իսկ մարտիկներին այլ վանքեր էին սպասում:

Գևորգը մեդալներ ունի, սակայն ամենակարևորը նրա համար մեկն է՝ Մարշալ Բաղրամյանի անվան մեդալը, որը ստացել է 2004 թ.: Պատերազմի ժամանակ այդ մեդալը տալիս են նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգելու գնով փրկում են ընկերների կյանքը: Այսօր էլ է նա զնիվորական: Սիրում է իր աշխատանքը, սիրում է բանակը, զինվորներին: Հավատում է, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր բանակն ավելի մարտունակ ու հզոր է. «Հայը մնում է հայ,- ասում է նա,- մեր ոգին ավելի ուժեղ է, մենք Հայկի, Սերոբ Աղբյուրի տեսակն ենք,  նրանք` անասնագող, ոհմակով մեկի վրա հարձակվող: Մեր ամենահասարակ, անգրագետ զինվորն  էլ իր հոգու մեջ Անդրանիկի երգն ու մեր հերոսների գաղափարներն ունի»:

Բացի զինվորական լինելուց, Գևորգը նաև արվեստագետ է՝ քանդակագործ, սակայն արվեստանոցը թողել է Պետերբուրգում: Նաև գրում է, բայց չի տպագրում. «Սրբավայրի ազատագրումը» միակն է, որ հրատարակել է, այլն էլ` մի քանի օրինակով: Բայց հաստատ արժե, որ այս պատմությունը կարդա ամեն մի հայ պատանի:

Պատերազմի բովով անցած մարդու հետ զրույցը կարող է  չափազանց հետաքրքիր լինել, բայց նրա պատմածներից մեկն ուղղակի ցնցեց ինձ. «Թուրք գերի էինք բռնել և բերում էինք՝ հանձնելու մեր ղեկավարությանը,- պատմում է Գևորգը:- Ճիշտ է, գերի էր, բայց ո՛չ ձեռքերն էին կապված, ո՛չ էլ ոտքերը, ազատ մեր հետ քայլում էր: Էդ օրը ինչ-որ բան էի կերել և լավ մրսել էի: Շատ վատ էի զգում: Աստիճանաբար ավելի վատացա, և գիտակցությունս կորավ: Չգիտեմ` ինչքան ժամանակ էր անցել, աչքերս բացեցի: Գիշեր էր, թույլ կրակ նշմարեցի: Տեսնեմ՝ էդ թուրք գերին խարույկ է վառել, մի պահածոյի դատարկ ամանի մեջ ձյուն է լցնում, պահում կրակի վրա, հալեցնում-դարձնում ջուր ու ինձ խմացնում, որ ուշքի գամ: Իսկ ընկերներս, ամեն մեկը մի կողմի վրա պառկած, քնած էին…»:

Միգուցե հենց այդ թուրք զինվորի՞ն է պարտական իր կյանքի համար…  բայց մի կարևոր հավելում. թուրք զինվորն էլ իր կյանքի համար պարտական էր Գևորգին ու նրա ընկերներին: Հենց նրանք չէին թողել, որ թշնամուն “մատաղ անեն”, պահել էին, մարդու պես վարվել, որ հետո նրա կյանքի դիմաց պահանջեն մի հայ գերու կյանք:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply