Ինչպե՞ս հայցադիմում գրել

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 12, 2011 3:51

ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»: Իսկ դատարաններն արդարադատություն կարող են իրականացնել միայն համապատասխան հայցադիմումի (դիմումի) հիման վրա, երբ այն շահագրգիռ անձը ներկայացնում է դատարան: Սակայն հայցադիմումը պետք է ներկայացվի որոշակի պահանջներին խիստ համապատասխան ձևով, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Կյանքում քիչ չեն դեպքերը, երբ քաղաքացին, ում իրավունքները խախտվել կամ վիճարկելի են, չի դիմում դատարան, քանի որ չի կարող ինքնուրույն հայցադիմում գրել, իսկ ուրիշին պատվիրելու համար վճարունակ չէ:

Քաղաքացուն այդ հարցում որոշ ուղղություն տալու և ինքնուրույն գործելու մի փորձ է սույն շարադրանքը: Հարկ ենք համարում նշել նաև, որ հայկական www.court.am կայքէջում կան հայցադիմումի որոշ տեսակներ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են օգտակար լինել:

Հայցադիմումը սուբյեկտիվ իրավունքի, ազատության կամ օրինական շահի շուրջ եղած վեճը լուծելու համար դատարանին դիմելու օրենքով սահմանված ձևն է, հայցի արտաքին ձևը, որի մեջ արտահայտված է այն ներկայացնող անձի կամքը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին  մասի համաձայն` հայցադիմումը ներկայացվում է գրավոր:

Հայցադիմումը (դիմումը) պետք է բաղկացած լինի չորս մասից, որոնցում հաջորդաբար պետք է շարադրվեն առաջադրված պահանջի էությունը բնորոշող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Մասնագիտական գրականության մեջ ընդունված է այդ մասերը պայմանականորեն անվանել ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ: Ի դեպ, վերջին` եզրափակիչ մասը հաճախ անվանում են խնդրամաս, քանի որ հայցվորը, շարադրելով իր պահանջը, վերջում դատարանից խնդրում է կատարել այս կամ այն գործողությունը:

Հայցադիմումի ներածական մասում պետք է նշվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 87-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերում նախատեսված տեղեկությունները: Դրանք են` դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց հասցեները և հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման (օրինակ` 50000 դրամ բռնագանձելու պահանջի մասին): Դատական պրակտիկայում ընդունված է այս մասում համառոտ ցույց տալ նաև հայցի առարկան, օրինակ` գույքի բռնագանձման պահանջի մասին, փաստը հաստատելու մասին, ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելու պահանջի մասին, պայմանագիրը լուծելու մասին, ամուսնալուծության պահանջի մասին և այլն:

Հայցադիմումի նկարագրական մասում, ՔԴՕ-ի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան, պետք է տեղեկություններ նշվեն այն հանգամանքների մասին, որոնց վրա են հիմնվում հայցապահանջները, ինչպես նաև հայցապահանջների հիմքերը հաստատող ապացույցների մասին: Հայցադիմումի նկարագրական մասն առանձնահատուկ պատմություն է հայցվորի ներկայացրած պահանջների մասին, քանի որ այստեղ թվարկվում են հայցի հիմքի փաստերը և ցույց են տրվում այն կոնկրետ ապացույցները, որոնք տեղեկություններ են պարունակում հայցվորի կողմից մատնանշված իրավաբանական փաստերի մասին:

Հայցադիմումի պատճառաբանական մասում, ՔԴՕ-ի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն, նշվում է բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը, իսկ եթե հնարավոր է, նաև գործի իրավաբանական որակումը, այսինքն` այն օրենքը կամ այլ նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը և որոնց վրա, ըստ հայցվորի, դատարանը պետք է լուծի գործը:

Հայցադիմումի եզրափակիչ մասում (խնդրամասում) նշվում են հայցվորի նյութաիրավական պահանջները, որոնք ուղղված են պատասխանողին և կազմում են հայցի առարկան: Եթե պատասխանողը մի քանիսն են, ապա նշվում են հայցվորի կողմից յուրաքանչյուրին ուղղված պահանջները: Հայցադիմումի եզրափակիչ մասը լրացնող անհրաժեշտ վավերապայման է համարվում նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Հայցադիմումին կցվում են փաստաթղթեր, որոնք  հավաստում են սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը, այն հանգամանքների առկայությունը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, ինչպես նաև հայց հարուցելու լիազորությունը, եթե հայցադիմումը ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից:

Հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:

Ավետիք Հարությունյան

Դիտվել է 17471 անգամ:
Print Friendly

Leave a Reply