Տարին սկսելով պարտությամբ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 10, 2011 12:52
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը սկսելուց առաջ միակ ստուգողական հանդիպումն անցկացրեց Կիպրոսի Լիմասոլ քաղաքի մարզադաշտում և 1:2 հաշվով պարտվեց Վրաստանի ազգային թիմին: Վրացի ֆուտբոլիստներն արդեն առաջին խաղակեսում երկու անգամ գրավեցին Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: 21-րդ և 33-րդ րոպեներին աչքի ընկան Ալեքսանդր Իաշվիլին և Դավիդ Սիրաձեն: Փաստորեն, հանգստի գնալուց առաջ մեր մրցակիցը կարողացավ նկատելի առավելություն ստանալ: Երկրորդ խաղակեսի 67-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը 11 մ-ոց նշակետից կատարած տուգանային հարվածով սոսկ կրճատեց հաշվի տարբերությունը: Վրացի ֆուտբոլիստներն իրենց տուգանային հրապարակում վայր էին գցել Հենրիխ Միթարյանին և կանոնները խախտելու համար պատժվել: Այդպես էլ խաղային իրավիճակում Հայաստանի հավաքականը չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Մերոնք անգույն խաղ ցուցադրեցին և մրցակցի դարպասը գրավելու պահ գործնականում չստեղծեցին: Ի դեպ, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարիկից հետո Հայաստանի հավաքականը խմբում նպաստավոր դիրքում է հայտնվել: Դա պատահականությո՞ւն է, թե՞ օրինաչափություն կպարզվի միայն խմբային մրցաշարի վերսկսվելուց հետո: Իսկ առայժմ մերոնք տարին սկսում են պարտությամբ, որը շատ բան է կասկածի տակ դնում: Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաջորդ խաղն կանցկացնի մարտի 26-ին և «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կհյուրընկալի Ռուսաստանի ազգային թիմին: Ի դեպ, Ռուսաստանի հավաքականը Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքի մարզադաշտում ընկարական խաղ անցկացրեց Իրանի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ելքը վճռեց 89-րդ րոպեին իրանցի Մուհամադ Խալատբարիի խփած գնդակը`1:0: Այսպիսով, մեր հայրենակից Անդրանիկ Թեյմուրյանի (նա առանց փոխարինման մասնակցեց ամբողջ հանդիպմանը) հավաքականը հաղթեց Հայաստանի թիմի առաջիկա հակառակորդին: Մնում է, որ մերոնք էլ նույն բանը կարողանան անեն: Ի դեպ, ֆուտբոլի Ռուսաստանի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն կատարվածից հետո ուշագրավ մեկնաբանություն է կատարել: Նա ասել է. «Իրանի ընտրանին նման է Հայաստանի հավաքականին: Չնայած պարտվել ենք, սակայն խաղը շատ օգտակար էր մեր համար, քանի որ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման ժամանակ զայրացած հանդես կգանք»: Ի դեպ, հանդիպումներ են անցկացրել նաև Հայաստանի հավաքականի հետ միասին եվրոպական ստուգատեսում միևնույն խմբում ընդգրված մյուս երկրների` Անդորրայի, Սլովակիայի, Մակոդոնիայի, Իռլանդիայի հավաքականները: Ահա թե ինչպիսի ելքեր են ունեցել այդ թիմերի մասնակցությամբ խաղերը. Իռլանդիա-Ուելս` 3:0, Մոլդովա-Անդորրա` 2:1, Մակեդոնիա-Կամերուն` 0:1, Լյուքսեմբուրգ-Սլովակիա` 2:1 :






Facebook
Tweet This
Email This Post
