Կրթության պետական տեսչությունը ստուգումներ կիրականացնի նաեւ բուհերում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2011 11:57

ՀՀ կրթության պետական տեսչությունը ստուգումներ կիրականացնի ոչ միայն հանրակրթական, նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում, այլեւ միջին մասնագիտական եւ բարձրագույն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԿԳՆ աշխատակազմի կրթության պետական տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանը, այս գործընթացը նախատեսվում է «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թվականների միջոցառումների համալիր ծրագրով»:

«Տեսչությունը ներկայացրեց նման առաջարկ, որ բուհերը եւ միջին մասնագիտական հաստատությունները եւս ենթարկվեն տեսչական ստուգումների, եւ մեր ծրագիրն ընդունվեց»,-տեղեկացրեց Ռ. Գալստյանը` հավելելով, որ ըստ հակակոռուպցիոն ծրագրի` 2012 թ-ին արդեն պետք է ստուգված լինեն այդ հաստատությունների կեսը:

««Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում եւ այլ իրավական ակտերում որոշակի փոփոխություններ պետք է իրականացնենք, որից հետո միայն հնարավոր կդառնա այդ վերահսկողությունը»,- պարզաբանեց Ռաիսա Գալստյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` 2010 թ-ի դեկտեմբերի 30-ի հրամանով հաստատվել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի 2011-2012թթ. համալիր գործողությունների ծրագիրը», որով նախատեսվում են նաեւ այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են`կրթության ոլորտի իրավական ակտերի վերանայում, կոռուպցիոն ռիսկերի գնահատում, ավարտական, միասնական եւ կենտրոնացված քննությունների գործընթացի վերանայում, բուհերի ֆինանսավորման ծավալների ավելացում, հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ծավալների ավելացում եւ այլն:

Դիտվել է 2038 անգամ:
Print Friendly

Leave a Reply